▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թե ինչպես Գրիգոր Հասրաթյանը Սևակին «Վոլգա» նվիրեց

Բանաստեղծ Պարույր Սևակի երազանքներից մեկը` ավտոմեքենա վարել, ի սկզբանե երկու խանգարիչ հանգամանք ուներ: Առաջինն այն էր, որ նա վարել չգիտեր, իսկ երկրորդը` մեքենա չուներ: Որտեղից որտեղ կարողացավ մի հնամաշ ու անսարք  «Վիլիս» ձեռք բերել, սակայն առաջին ավտոմեքենան հոգսերից բացի ուրիշ ոչինչ չհավելեց բանաստեղծի ցանկությանը: Ստիպված էր ձերբազատվել դրանից` վաճառելով այն: Բայց դա լավագույն ելքը չէր: «Վիլիսն» այլևս չկար,  բայց մնացել էին կարիքն ու ցանկությունը: Ի՞նչ պիտի աներ: Եվ 1970-ի տարեվերջին նա վճռում է մեկընդմիշտ լուծել չարչրկված հարցը: Այդ սուր կարիքի և անսպասելիորեն իրականացված ձեռնարկի մասին հետաքրքիր հիշողություններ էր պահպանել ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանը: Ահա թե ինչ է նա պատմել այս դրվագի մասին.

«Պարույրը հաճախ էր գյուղ գնում`  իր առանձնատան շինարարության նպատակով, իսկ ես այն տարիներին արդեն մեքենա ունեի: Այն ժամանակ նա սկսել էր օգտվել նաև իր մտերմուհի, Կառավարությունում աշխատող Էմմա Սաթունյանի ծառայողական մեքենայից: Վարորդը շատ լավ երիտասարդ էր: Մենք մոտ էինք ապրում: Մի օր առավոտյան Սևակը զանգահարեց, թե` «Գյա, ի՞նչ ես անում, արի միասին նախաճաշենք»: Գնացի: Կինը` Նելլին, սեղան գցեց: Այդ ժամանակ Պարույրն ասաց. «Քավորին էլ չկանչե՞նք»: Քավորը Սևակի սանահայր Վազգեն  Բաբայանն էր` առևտրի բնագավառի աշխատող: Վազգենն էլ եկավ: Կարծեմ նախաճաշին նաև ճարտարապետ Ջիմ Թորոսյանին էլ հրավիրեցին: Նստած զրուցում էինք: Խոսք եղավ Պարույրի`  գյուղ գնալ-գալու մասին: Ասաց. «Հոգնել եմ ու նաև ամաչում եմ ամեն անգամ ինչ-որ մեկին խնդրելուց,  որ ինձ Չանախչի տանի: Ժամանակը չէ՞, որ ես էլ մեքենա ունենամ»: Ասացինք` «Իհարկե, լավ կլինի, բայց կկարողանա՞ս մեքենա վարել»: Ծիաղեց,  թե` «Ամեն մի հիմար վարում է, ես ինչո՞ւ չպիտի կարողանամ: Կսովորեմ»: Այդ խոսակցության վրա ես հարցրեցի.

- Կուզե՞ս հենց այս պահին ճշտեմ»:

Սարգիս Մուրադյանը գիտեր, թե ինչ էր պետք անել և ում միջոցով էր պետք դա ճշտել: Մայրաքաղաքի մտավորականներն իրենց վստահելի ու ազդեցիկ բարեկամն ունեին` հանձին Երևանի քաղսովետի նախագահ Գրիգոր Հասրաթյանի: Մեկ անգամ չէ, որ նա ամենատարբեր խնդիրներով ձեռք էր մեկնել արվեստագետներին ու գիտնականներին, առանց ավելորդ քաշքշուկների հնարավոր դարձրել անհնարինը: Հենց նրա օգնությամբ էլ նկարիչը որոշել էր ծառայություն մատուցել Սևակին:

«Զանգահարեցի Գրիգոր Հասրաթյանին, շարունակում է իր պատմությունը Ս. Մուրադյանը, հարցրեցի. «Կարո՞ղ ենք ես և Պարույրը գալ  Ձեզ մոտ»: Ասաց` «Աչքիս վրա, իհարկե»: Այն տարիներին անձնական մեքենա ձեռք բերելը հեշտ բան չէր: Գնացինք: Դիմավորեց շատ ջերմ: Մի կողմ թողեց իր հրատապ գործերը և նստեց մեզ հետ: Բացատրեցինք մեր գալու նպատակը: Հասրաթյանն ասաց. «Այս պահին քաղաքում ոչ մի մեքենա չկա: Ընդամենը մի «Վոլգա» կա, այն էլ վիճակախաղի համար է: Եթե ուզում եք, ես հենց հիմա զանգ կտամ, կասեմ, որ այդ մեքենան վիճակախաղից հանեն: Կարող եք հենց այսօր էլ  գնալ ու վերցնել»: Մենք անականկալի եկանք: Ու՞մ մտքով կանցներ, որ բանաստեղծին օգնելու համար քաղաքապետը կարող էր նույնիսկ այդպիսի ծայրահեղ քայլի դիմել: Իսկ նա դա արեց միանգամից` առանց ավելորդ կամուկացի: Հասրաթյանը վերցրեց հեռախոսը, զանգահարեց ում հարկն է, և ասաց. «Այդ մեքենան կպահեք, Պարույր Սևակը երբ որ գա` կտաք իրեն»: Քաղսովետից դուրս եկանք բարձր տրամադրությամբ: Պարույրը Վազգենին ասաց. «Ես տանն այդքան փող չունեմ, դու պիտի օգնես»: Վազգենը շատ պատրաստակամ համաձայնեց:  Հենց ճանապարհին էլ մտանք նրանց տուն, փողերը վերցրեցինք ու մեկնեցինք ավտոկայանատեղը: Ձևակերպումներն արագ կատարեցինք: Իսկ մի քանի օր անց արդեն բոլորս միասին մեքենան Չանախչի տարանք, որպեսզի թողնեինք  գյուղում,  ու Պարույրն էլ վարել սովորեր:  Ճանապարհին կատակում էինք, որ թև նա վիճակախաղի տոմս չէր գնել, բայց ամենաթանկ շահումն էր ունեցել` Հասրաթյանի օգնությամբ… »:

Հեղինակ՝ 

Հովիկ Չարխչյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more