▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսնենք. Սերժ Սարգսյանը՝ քաղաքականության մեջ մնալու մասին

«Կարեն Կարապետյանը մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է 2018-ի ապրիլից հետո զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Մամուլը գրում է և գրելու է, թե ինչով եք Դուք զբաղվելու: Դուք այդ հարցին միշտ պատասխանում եք՝ ժամանակը կգա և ես իմ որոշումը կկայացնեմ։ Արդյոք դեռ չե՞ք որոշել և ի՞նչ գործոններով է պայմանավորված Ձեր որոշումը»,- «Արմենիա» հեռուստաընկերության եթերում պատասխանելով Արտակ Ալեքսանյանի այս հարցին՝ ՀՀ նախագահն ասել է. «Իրոք, ժամանակը դեռ չի եկել, երբ կգա՝ կհայտարարեմ: Իմ որոշումը պայմանավորված է տարբեր գործոններով՝ անձնականից մինչև այլ: Կարծում եմ՝ մենք, վերջ ի վերջո, իրավունք ունենք որոշելու, նկատի ունեմ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջ հետ միասին, թե ով որտեղ ավելի արդյունավետ կարող է աշխատել։ Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի ցանկությանը, շատ լավ ցանկություն է, առողջ, տրամաբանված, և ես ընդհանրապես համարում եմ, որ Կարեն Կարապետյանը որպես վարչապետ, որպես մարդ մեզ համար ընդունելի և օգտակար անձնավորություն է։ Այնպես որ, պետք չէ այստեղ ինչ-որ բաներ փնտրել: Կգա ժամանակը, մենք շատ հանգիստ կհայտարարենք մեր որոշումների մասին»:

«Զգո՞ւմ եք հոգնածություն, կամ զգո՞ւմ եք, որ Ձեր մոտ նոր շնչառություն է բացվել»՝ հարցին, ասել է. «Իմ ինքնազգացողության, աշխատունակության, հոգնածության մասին ես չպիտի ասեմ, այլ՝ իմ գործընկերները: Ես ինձ նորմալ եմ զգում»։

Հաղորդավարը հետաքրքրվել է՝ «Դուք սկսում եք բանակային բարեփոխումների շրջան առաջիկա 7 տարիների համար: Առաջիկա 4 տարիներին կոռուպցիայի պայքարի նոր ծրագիր եք մշակել... Այս իմաստով սա հեռացող, կամ կարիերան եզրափակող մարդու ծրագրեր չեն»։ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Պետք է մինչև վերջին պահը բարեխղճորեն կատարել այն պարտականությունները, որը դու կամովին ես ստանձնել։ Որևէ մեկը ինձ չի պարտադրել մասնակցել նախագահական ընտրություններին և դառնալ ՀՀ նախագահ։ Իսկ եթե ես կամովին եմ ստանձնել, պատրաստ պետք է լինեմ, և իրոք պատրաստ եմ մինչև վերջին վայրկյանը կատարել իմ պարտականությունները։ Դրանից հետո կտեսնենք՝ ինչ կլինի։ Որքանով կարող եմ օգտակար լինել և ինչ ոլորտում օգտակար լինել...

Չեմ սեթևեթում, չեմ ծանրացնում, չեմ ձևացնում: Ինչպես կորոշենք բոլորս միասին, այնպես էլ կշարժվենք առաջ»։

Հարցին, թե կշարունակի՞ մնալ քաղաքականության մեջ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Տեսնենք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Բլոգ more