«Չենք լռելու»-ն հերթական տեսանյութն է ներկայացրել` այս անգամ տրանսպորտի թանկացման դեմ: Հիշեցնենք, որ այսօրվանից Երևան քաղաքում միկրոավտոբուսների և ավտոբուսների ուղեվարձը դարձել է 150 դրամ, ինչն էլ բողոքի ալիք է բարձրացրել` հատկապես համացանցում:
Մասնավորապես Ֆեյսբուք սոցիալական կայքում «Տրանսպորտային անհնազանդությունն սկսված է» անունով նախաձեռնություն է ստեղծվել, որի նպատակն է այսօրվանից երթուղայիններում թռուցիկներ տարածել, ցուցադրական 100 դրամների վճարել, մարդկանց իրազեկել հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ:
Կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում կաշխատեն: Նախաձեռնության հեղինակները կոչ են անում.
«Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են այստեղ գրել, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք:Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելոով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»: