Համացանցում իսկական գլխացավանք են դարձել քարտեզները, հատկապես, եթե խոսքը վերաբերում է Արցախին: Բազում առաջնային կայքերից հետ չի մնացել նաև tripadvisor.ru զբոսաշրջային կայքը, որտեղ Ստեփանակերտը ներկայացված է Ադրբեջանի կազմում:
Հարցի վերաբերյալ ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, սա ամենաբարդ խնդիրներից մեկն է.
«Տարբեր տեղեր տարբեր է նշվում, իսկ ազդել, որպեսզի դադարեն սխալ տեղեկատվությունները` բարդ է, քանի որ ոչ մի կազմակերպություն ցանկություն չունի կոնֆլիկտներ ունենալ: Ուստի ընդունում են միջազգային քարտեզները»:
Անդրադառնալով Շուշան Պետրոսյանի` ֆեյսբուքյան իր էջում տեղադրված լուսանկարին, որտեղ, գրված է եղել «Ստեփանակերտի մոտ, Խանքենդիում», Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ երգչուհին այստեղ մեղք չունի, քանի որ սա ավտոմատ է արվում.
«Պատճառը հետևյալն է. Ֆեյսբուքն օգտագործում է Մայքրոսոֆթին պատկանող Բինգ (Bing.com) ծառայության քարտեզը, որում Արցախը նշված է որպես Ադրբեջանի մաս, իսկ Ստեփանակերտը՝ որպես «Խանքենդի»,-մանրամասնեց մասնագետը:
ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի հետ, սակայն, քանի որ տնօրենը տեղում չէր, հնարավոր չեղավ տեղեկություն ստանալ թե’ քարտեզների, թե ձեռնարկվող քայլերի մասին:
ASEKOSE.am-ը կլինի հետևողական և տնօրենի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ: