▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զանգակ» հրատարակչությունն արձագանքում է մաթեմատիկայի դասագրքի չլուծվող խնդրի շուրջ աղմուկին

 

Հարգելի' գործընկերներ
Մենք արձանագրել ենք, որ 12-ամյա հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի համար «Զանգակ» հրատարակչության ստեղծած «Մաթեմատիկայի» դասագրքի 2-րդ մասի 71-րդ էջի 6-րդ խնդիրը պարունակող հատվածը մասնակիորեն լուսապատճենվել է և տեղադրվել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում՝ առիթ դառնալով տարաբնույթ քննադատական մեկնաբանությունների:
Մենք ողջունում ենք սոցիալական ցանցերում ներգրավված հանրության քննադատական ուշադրությունը Հայաստանի կրթական համակարգի նկատմամբ և շնորհակալություն հայտնում քննադատական վերաբերմունքում արտահայատված պատասխանատու քաղաքացիական կեցվածքի համար: Կրթական համակարգի շահառու կարող են համարվել բոլորը, և, որպես շահառու, յուրաքանչյուրս պարտավոր ենք գիտակցել կրթական համակարգի բարելավման գործում պատասխանատվության մեր բաժինը և հնարավորության սահմաններում նպաստել համակարգի զարգացմանը:
Մենք այն համոզմանն ենք, որ սոցիալական ցանցերն այս տեսանկյունից կարևոր հարթակ են, հետադարձ կապի բավականին գործուն մեխանիզմ, որտեղ իրականացվող հրապարակային քննադատական վերլուծությունները մեծապես կարող են օգնել մեր կրթական համակարգը, մասնավորապես՝ դպրոցներում օգտագործվող դասագրքերը տարեցտարի ավելի լավը դարձնելու գործին: Հարկ ենք համարում նշել, որ «Զանգակ» հրատարակչությունը համակարգված կերպով իրականացնում է պարբերական միջոցառումներ իր ստեղծած դասագրքերի օգտագործման արդյունքների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: 1-4-րդ դասարանների դասագրքերի ու ուսումնամեթոդական լրակազմի այլ տարրերի՝ անցած ժամանակահատվածում իրականացված բոլոր վերահրատարակումների ժամանակ հրատարակչությունը համարժեք արձագանքել է հետադարձ կապի տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությանը, փոփոխել ու լրացրել դրանք:
Մենք սույնով զերծ ենք մնում աշակերտ-ուսուցիչ և աշակերտ-աշակերտ ստեղծագործական քննարկումների հարուցման նպատակով դասագրքում «բացակայող պայմանով խնդիր» օգտագործելու մանկավարժական հնարի կիրառմանը մասնագիտական հիմնավորումներ տալուց՝ այն համարելով մասնագիտական հարթության վրա քննարկելու ենթակա խնդիր: Միևնույն ժամանակ մենք կոչ ենք անում հրապարակային գրառումներում դպրոցին ու դասագրքին քննադատաբար անդրադառնալիս գիտակցելու քննադատության առարկայի կարևորությունը, քննարկումը տանելու կառուցողական հունով, երբեք թույլ չտալու, որ հրապարակային քննարկումը վերածվի կրթության ոլորտի կառավարման պետական լիազոր մարմնի և (կամ) դպրոցի ու դասագրքի նկատմամբ զանգվածային ծաղրուծանակի:
Որպես սոցիալապես պատասխանատու հրատարակչություն՝ մենք պարտավորվում ենք հետագայում ևս մեր դասագրքերի վերահրատարակումների ժամանակ անհրաժեշտաբար իրականացվող բարելավումների և լրացումների գործընթացում հաշվի առնել ինչպես կրթության ոլորտի մասնագետների, այնպես էլ կրթական համակարգի այլ շահառուների կառուցողական քննադատական ակնարկները:

Հարգանքով՝
«Զանգակ» հրատարակչություն

Գրառումը «Զանգակ» հրատարակլչության ֆեյբսուքյան էջից

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more