▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիք

 

Վերջին ժամանակներում ահռելի չափեր է ընդունում զանգվածային արտագաղթը' իր հետ առաջացնելով այլևայլ վտանգավոր երևույթներ: Ամեն անգամ ընտրություններից հետո հայ ժողովուրդը, մեկ անգամ ևս ապրելով ինչ-որ տեղ սպասված հիասթափություն, ավելի վճռական դարձած բռնում է արտագաղթի ճանապարհը: Երբեք չես կարող մեղադրել արտագաղթի ուղիով ընթացողներին, քանզի նրանք օտարության մեջ պատերազմ մղելով են վաստակում օրվա հացը: Բոլորս հասկանում ենք, թե ինչին է բերում բնակչության նվազումը, բայց բոլո՞րս ենք գիտակցում արդյոք, թե արտագաղթը ուրիշ ինչ քայքայիչ երևույթներ է պարունակում իր մեջ: Արտագաղթի հետևանքով այսօրվա մեր երեխաները՝ վաղվա մեր սերունդը, մեծանում են առանց հայրերի ներկայության, այսինքն թերի ընտանիքներում, որտեղ էլ հասունանում են թերի հոգեբանությամբ քաղաքացիներ:

Թե՛ երկրում տիրող սոցիալական դժվարությունների, թե՛ արտագաղթի հետևանքով մեծանում է ամուսնալուծությունների թիվը, իսկ երիտասարդ զույգերը չեն կարողանում ամուսնանալ՝ բնակարան, կայուն աշխատանք չունենալու պատճառով: Այսօր վտանգված են ամուր պետություն ունենալու համար անհրաժեշտ երկու կարևոր գործոնները՝ վաղվա սերունդը և հայի ընտանիքը: Սրտի դողով հիշում եմ Մուրացանի «Գևորգ Մարզպետունի» վեպի այն հատվածը, ուր Գևորգ Մարզպետունին իր որդուն և հարսին կանչում է իր մոտ և ասում. «Ազգերի զորությունը ընտանիքի մեջ է: Զորավոր է այն ազգը, որ ունի զորավոր ընտանիք, սիրով, միությամբ, առաքինի և հավատարիմ կենակցությամբ ապրող ընտանիքներ… Ով որ կամենում է զորավոր տեսնել յուր ազգը, և հաղթող՝ հայրենիքը, նա ամենից առաջ ընտանիքները պետք է խնամե…» Ահա մենք ունենք պետությունը հզորացնելու բանալին, պետք է այն պարզապես գործի դնել, իսկ գործի դնելու համար պետք է նախ և առաջ ազատագրել մեր հայրենիքը այն թշնամուց, որը, գտնվելով երկրի ներսում, նպաստում է հայ ընտանիքների քայքայմանը՝ դրանով իսկ թուլացնելով մեր ազգն ու պետականությունը:

 

Աղբյուրն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more