▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա երեկվա Հայաստանը չէ

Իմ հայտարարությունն Ազգային ժողովում՝ հայտարարությունների ժամին: 

Էլի նախագահական ընտրություններ ու էլի մեր ուսերին ենք առել սեփական ճշմարտության ծանրացած թիկնոցը: Աչքներս ու ականջներս էլ պինդ գոցել ենք, որ միայն մեր ձայնը լսենք, ինքներս միայն մեզ տեսնենք: Կրկին, Հայրենիքի հանդեպ մեր սերն ու Հայաստանի ապագան դարձրել ենք մեր հազար տեսակ մտադրությունների վերջին` մաշված ու մեզնից հոգնած, արդեն անձայն ու խռոված վկան: Կրկին մեղադրանքներ, էլի մեղավորների փնտրտուք ու էլի ղոչաղության անպատիվ պարահանդես: Էլի մենք ու դուք, էլի ճիշտ ու սխալ, կրկին լավ ու վատ: Ինքներս մեզնից պատիվ գտած ու Աստծուց առաջ ընկած էլի չարի ու բարու բաժանումներ: Մեր պարզ խնդիրները, մարդուն՝ հայ գյուղացուն ու քաղաքացուն, նրա հանապազօրյա հացի խնդիրը մեկ կողմ դրած՝ կրկին գրեթե փիլիսոփայական քարի անպտուղ որոնումներ: Ու էս ամենը մեր մի բուռ դառնացած ու լուսե Հայաստանում: 

Այսօր, երբ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր համախոհները, մեր երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիները՝ մեր քույրերն ու եղբայրները, Հայաստանի տարբեր համայնքներում վիճարկում են ընտրությունների արդյունքները, այդկերպ շարունակում են իրենց անհամաձայնությունը հայտնել մեր պետական-հանրային կյանքում առկա հոռի բարքերին ու հակապետական միտումներին, որոնք թունավորում են, խոցում են մեր վաղվա Հայաստանը: Նորընտիր նախագահից՝ Սերժ Սարգսյանից այսօր մեկ ակնկալիք կա, միայն մեկ ակնկալիք՝ ավելի արդար ու անկեղծ Հայաստան, ավելի լավ ու ուժեղ Հայաստան: Այս անգամ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ: 

Նախագահական ընտրություններում հաղթել է Նոր Հայաստանը: Նախագահ Սարգսյանն արդեն Նոր Հայաստանի, ուրիշ Հայաստանի առաջնորդն է: Սա երեկվա Հայաստանը չէ: Երեկոյան իրար բերանից հայրենասիրական ճառեր ու կենացներ թռցնելու, իսկ կեսօրին այդ նույն Հայրենիքի ապագան բռնաբարելու գործելաոճի ժամանակն անցել է: Հղփացած, լճացած, իրենք իրենցից հոգնած, անգիտակից ու հետադեմ պաշտոնյայի ժամանակն անցյալում է: Այն, ինչ ունի սկիզբ, ունի և վերջ: Լույսի, ազնվության, Հայաստանի հանդեպ պարտքի զգացումի, քաղաքացու ժամանակն է: 

Հանդուրժողականությունն ու համաձայնությունը, փոխադարձ հարգանքն ու փոխզիջումն այլընտրանք չունեն: Քաղաքական ոչ մի հաղթանակ, ներքաղաքական և ոչ մի նպատակ Հայաստանի մեկ քաղաքացու արյան մեկ կաթիլը չարժեն: Սա բոլորիս Հայաստանն է:ՀՀ

ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին