▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռի հայտարարությունը` Թբիլիսիի հայկական եկեղեցու հարձակման վերաբերյալ

Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսում հարձակում է տեղի ունեցել հայկական եկեղեցու վրա: Այս առիթով հաղորդագրություն էր տարածել ու մանրամասներ ներկայացրել Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց Թեմը: 

Այսօր էլ հայտարարություն է տարածել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որը ներկայացնում ենք ստորև. 

Վիրահայոց Թեմի ներկայացրած տեղեկատվության համաձայն, սույն թվականի հուլիսի 19-ին, Թբիլիսիում, ծայրահեղ ազգայնական տրամադրվածությամբ շուրջ 50 անձանց կողմից ոտնձգություն է կատարվել Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու նկատմամբ, որի ընթացքին անարգալից ու հայհոյական արտահայտությունների ուղեկցմամբ ծեծի են ենթարկվել եկեղեցու սպասավոր Տ. Մանուկ քահանա Զեյնալյանը, թեմի պաշտոնյաներ և այդ պահին եկեղեցում գտնվող հայ հավատացյալներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը իր խորը մտահոգությունն է հայտնում կատարվածի առնչությամբ և դատապարտում ազգային թշնամանք և կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Սադրիչ սույն ոտնձգությունը ցավալի հետևանքն է վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգևորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների:
Ծայրահեղական նման դրսևորումները անհարիր են հայ և վրաց ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ոգուն, որը պատմական մեր ընդհանուր անցյալի թանկ ձեռքբերումներից է: 
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ակնկալությունն է, որ Վրաստանի իշխանությունները պատասխանատվության ենթարկեն եկեղեցու հանդեպ ոտնձգություն կատարած բոլոր անձերին և ապահովեն Վրաստանում Հայ Եկեղեցու և հայ համայնքի անվտանգությունն ու կյանքի բնականոն ընթացքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին