▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պատմությունը պետք է դառնա առաջիկա ամիսների մեր ուղերձներից մեկը.Թուրքագետ

Թուրքիան մի քանի ճակատով՝  դիվանագիտական, քարոզչական, տեղեկատվական մակարդակներով պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մահչուփյանի նշանակման, Շառլ Ազնավուրի՝ թուրքական պարբերականին տված «հարցազրույցի»  հիմքում այս ամենն էր, իսկ օրեր առաջ հայտնի դարձավ, որ նախագահ Էրդողանն ապրիլի 24-ին որոշել է միջոցառում կազմակերպել՝ Դարդանելի ճակատամարտի (Չանաքքալեի պատերազմ) 100-րդ տարելիցին նվիրված, ինչի առիթով հրավիրել է աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին: Հրավեր ստացել է նաև ՀՀ նախագահը:

Փաստն այն է, որ Թուրքիայում ավանդաբար Չանաքքալեի հաղթանակի և նահատակների օրը նշել են մարտի 18-ին, այսինքն՝ այն օրը, երբ սկսվել են ռազմական գործողությունները: Նշել են նաև  ապրիլի 25-ին, որը համարվում է պատերազմի երկրորդ փուլի վերսկսման օր:

Իսկ, թե ինչո՞ւ ապրիլի 24-ին և ի՞նչ է ուզում Թուրքիայի նախագահն ասել այս քայլով, թուրքագետ Գևորգ Պետրոսյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում պատասխանեց.

«Էրդողանի` 2014 թվականի օգոստոսին կայացած նախագահի երդմնակալության արարողությանը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունը նորընտիր նախագահին փոխանցեց Հայաստանի նախագահի հրավերը` ապրիլի 24-ին ժամանելու Երևան և Ծիծեռնակաբերդում հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Թուրքական կողմը, բնականաբար, անմիջապես չպատասխանեց հրավերին, սակայն Էրդողանի վերջին հայտարարություններն արդեն կարելի է ընկալել որպես պատասխան` մերժումի տեսքով»,-ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նշելով, որ թուրքական իշխանությունները չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են մեծ շուքով ու խոշոր միջոցառումներով նշել Առաջին աշխարհամարտի կարևոր ճակատամարտերից մեկի հարյուրամյակը:

«Թուրքերը չէին էլ թաքցնում, որ աղմուկ առաջացնող ու զանգվածային միջոցառումներով փորձելու էին թուլացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակի ազդեցությունը: Սակայն Էրդողանի վերջին հայտարարության կարևորագույն մասն օրվա ընտրությունն էր: Դարդանելի գործողությունը հիշել այն նույն օրը, երբ աշխարհում նշում են Ցեղասպանության տարելիցը:

Ապրիլի 24-ը Դարդանելի գործողության ժամանակացույցի տեսանկյունից առանձնացող օր չէ (ֆրանս-բրիտանական զորքերն ափ են իջեցվել ապրիլի 25-ին), ինչը կրկին ու կրկին ընդգծում է այն, որ օրն ընտրվել է Անկարայի քաղաքական խնդիրները լուծելու համար: Ուստի, այժմ ապրիլի 24-ին շատերիս հայացքներն ուղղված են լինելու ոչ միայն Ծիծեռնակաբերդ` տեսնելու, թե միջազգային առաջնորդներից ով եկավ մեր վիշտը կիսելու, այլ նաև, թե ով այդ օրը հիշելու համար ընտրեց Թուրքիան և Դարդանելի գործողության հարյուրերորդ տարին»:

Խոսելով Սերժ Սարգսյանին ուղարկված հրավերի (հրավերում ասվում է, որ 1915 թվականին, թուրքական բանակի շարքերում կռվել են նաև հայեր), և պատասխան նամակի մասին՝ թուրքագետը նկատում է.

«Դարդանելի ճակատամարտը հիշելու առիթ ունեն նաև հայերը, ինչպես և Օսմանյան կայսրության այլ ազգություններ: Այս ճակատամարտին օսմանյան բանակի կազմում մեծ թվով հայ զինծառայողներ են մասնակցել, որոնցից շատերն աչքի են ընկել իրենց խիզախությամբ: Թուրքիայում ևս հայտնի է «Դարդանելի հայ հերոս», օսմանյան բանակի կապիտան Սարգիս Թորոսյանի պատմությունը, երբ նա օսմանյան բանակի համար հերոսաբար պայքարում էր, իսկ թիկունքում նրա ընտանիքի անդամներին կոտորում և աքսորում էին հարյուր հազարավոր այլ հայերի հետ:

Թորոսյանի դեպքը կարող է մեզ համար կարևոր ուղերձ լինել առաջիկա ամիսներին` հաշվի առնելով, որ Թուրքիան արդեն նախանշել է Դարդանելի գործողության միջոցառումները Հայոց ցեղասպանության արարողությունների դեմ կիրառելու իր մարտավարությունը: Իսկ նախագահի պատասխան նամակում կառանձնացնեի Թորոսյանի պատմության անդրադարձը: Կարծում եմ` այս պատմությունը պետք է դառնա առաջիկա ամիսների մեր ուղերձներից մեկը: Ընդհանրապես, կարևոր է նաև շեշտել, որ չնայած հայկական կողմի հրավերին` Թուրքիան գնաց նման քայլի: Գոնե քարոզչական դաշտում այս ամենը պետք է ակտիվորեն կիրառենք ու փորձենք նաև թուրքական այս քայլը ծառայեցնել դիվանագիտական դաշտում»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև`Ցինիզմ և անարգանք՝ 1,5 մլն կոտորված հայերի հիշատակին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին