▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանի ղեկավարի շուրթերով «մեղր խմել» չի կարելի. Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարարի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ Իրանի ԱԳ նախարարի հետ համատեղ մամլո ասուլիսին

Ես ուրախ եմ ողջունել իմ գործընկերոջը՝ Իրանի արտաքին գործերի նախարար պարոն Զարիֆին Հայաստանում:

Մենք լավ հնարավորություն ունեցանք այսօր՝ շարունակելու մեր երկխոսությունը, քննարկելու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև մտքեր փոխանակեցինք՝ մի շարք տարածաշրջանային խնդիրների, միջազգային խնդիրների շուրջ։

Մենք կարևորում ենք այն ջանքերը, որոնք ուղղված են երկու երկրների կողմից մեր հարաբերությունների, մեր համագործակցության ամրապնդմանը, խորացմանը, զարգացմանը:

Մենք գոհունակությամբ նշեցինք, որ վերջերս Թեհրանում կայացած միջկառավարական հանձնաժողովի տասներկուերորդ նիստի ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ տարբեր համատեղ տնտեսական ծրագրերի վերաբերյալ: Հուսով ենք, որ երկու երկրների կողմից նախանշված ծրագրերը շուտով կյանքի կկոչվեն: Մենք կարևորում ենք միջխորհրդարանական կապերը, փոխայցելությունները, համագործակցությունը ապակենտրոնացված ձևաչափով՝ Հայաստանի և Իրանի տարբեր շրջանների, մարզերի միջև, նաև փոխգործակցությունը՝ մշակույթի, կրթության և այլ բնագավառներում:

Մենք անդրադարձանք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հայաստանը գնահատում է այն հավասարակշիռ մոտեցումը, որն Իրանը միշտ արտահայտել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Ես ներկայացրի Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Մենք անդրադարձանք նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններին: Իմ գործընկերը տեղեկացրեց վերջին զարգացումների մասին: Այն դրական միտումները, որ վերջերս նկատվում են այդ բանակցային գործընթացում, հույս են ներշնչում, որ շատ շուտով այդ բանակցությունները կտան համապատասխան արդյունքներ, որոնք գոհացուցիչ կլինեն բոլոր կողմերի համար, ինչը բխում է ոչ միայն Իրանի, ոչ միայն տարածաշրջանի երկրների, ներառյալ նաև՝ Հայաստանի, այլ նաև՝ միջազգային հանրության շահերից:

Մենք հնարավորություն կունենանք շարունակել մեր քննարկումները՝ աշխատանքային ճաշի ընթացքում։

Հիմա սիրով խոսքը փոխանցում եմ իմ գործընկերոջը, և հետո կպատասխանենք ձեր հարցերին:
Հարց (Մեդիամաքս գործակալություն). Երկու հարց ունեմ: Առաջին հարցս Հայաստանի արտգործնախարարին է ուղղված: Պարոն նախարար, Դավոսում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: Եվ երկրորդ հարցս Իրանի արտգործնախարարին է ուղղված: Պարոն նախարար, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը ի՞նչ նոր հնարավորություններ կբացի՝ հայ-իրանական տնտեսական համագործակցության զարգացման համար: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան. Այդպիսի հայտարարությունները տպավորություն են թողնում, թե Ադրբեջանի ղեկավարի շուրթերով կարելի է «մեղր խմել», բայց դա չի համապատասխանում իրականությանը։

Իրական տպավորությունն այն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային իրավունքի և սկզբունքների ադրբեջանական ընկալում: Հիշեցնեմ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ընկած են հիմքում այն առաջարկների, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնեմ նաև, որ դրանք երեք սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահ երկրների կողմից, անգամ՝ նախագահների մակարդակով արված կոչերի՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Իսկ Ադբեջանը այդպես էլ չի արտահայտում իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի այդ սկզբունքների: Դա ցույց է տալիս այդ հայտարարությունների հակասությունը, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած՝ որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալվել այդ հարթակներում։ Բայց, իրականում, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Բաքուն ասում է, որ այդ կազմակերպությունները ոչինչ չեն հասկանում: Երևի հասկացողները միայն ադրբեջանցիներն են։

Հարց. Ի՞նչ հնարավորություններ են բացվում հայ-իրանական տնտեսական համագործակցության համար՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո։

Էդվարդ Նալբանդյան. Մենք դեռ նոր ենք դարձել Եվրասիական միության անդամ և ուսումնասիրում ենք հնարավորությունները, որպեսզի մեր անդամակցությունը դրական ձևով անդրադառնա ոչ միայն մեր հարաբերություններին Եվրասիական միության անդամ երկրների հետ, այլև մեր հարևանների, այլ երկրների հետ, որոնց հետ մենք ավանդական տնտեսական, առևտրական զարգացած հարաբերություններ ունենք և նաև լավ հեռանկարներ ունենք՝ այդ հարաբերությունները առավել ամրապնդելու, խորացնելու և զարգացնելու: Այդպիսի օրինակներից է հենց մեր հարևան Իրանը:

Հարց (Առավոտ օրաթերթ). Հարցս ուղղում եմ երկու արտգործնախարարներին: Իրանական կողմը միշտ պատրաստակամություն է հայտնում՝ երկաթուղու, ՀԷԿ-ի և Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ: Հարցը հետևյալն է. ի վերջո, ի՞նչն է խոչընդոտում` ներդրումների բացակայությունը, թե՞ երկու կառավարություններում քաղաքական կամքի բացակայությունը: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանյան. Եթե այդպիսի կամք չլիներ, ապա երկու կողմերն էլ չէին արտահայտի իրենց պատրաստակամությունը և ցանկությունը` այդ ծրագրերը կյանքի կոչելու։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջև, ներառյալ՝ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել էին այդ ծրագրերը։ Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն, և իրական արդյունքներ կտեսնենք:

Տեխնիկական հարցեր միշտ էլ լինում են, բայց ես կցանկանայի նշել, որ երկու երկրների միջև խնդիրներ չկան: Ավելի շուտ տեխնիկական հարցեր են, որոնց լուծումները միշտ հնարավոր է գտնել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին