▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում ապրեցի կյանքիս ամենաերջանիկ ու ամենադժբախտ օրերը.Թուրք պատգամավոր

Հայաստանում են մի շարք ճանաչված մարդիկ, այդ թվում՝ Թուրքիայից և Հյուսիսային Քրդստանից:

«Հայաստանում ապրեցի կյանքիս ամենաերջանիկ ու ամենադժբախտ օրերը: Երջանիկ եմ նրա համար, որ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկօրյա գլոբալ  ֆորումի ժամանակ  հնարավորություն ունեցա ելույթ ունենալ աշխարհի գրեթե բոլոր երկրներից ժամանած  պատգամավորների հետ: Իսկ ամենամեծ նվերն այն էր, որ հայ գործընկերներն ասացին, որ ֆորումի ընթացքում ամենալավ ելույթն իմն էր:

Տխուր եմ նրա համար, որ չէինք ցանկանա որպես քաղաքական գործիչներ այստեղ ներկա լինել: Կուզեի, որ այստեղ լինեին նաև իմ պետության ղեկավարները, այլ կուսակցությունների ներկայացուցիչներ»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ուֆուկ Ուրասը՝ շարունակելով.

«Պետք է ընդհանուր հայրենիք ստեղծենք:  Մասնակից լինել ժխտողականության քաղաքականությանը՝ նշանակում է մասնակից լինել հանցագործությանը: Դավութօղլուն իրերն իրենց անունով չի կոչում, չնայած  երեկ հայտարարեց, որ տեղահանությունը հանցանք  է՝ ուղղված մարդկության դեմ: Սա առաջին քայլն է՝ ընդունելու, որ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:

Այսօր BBC-ով ցույց տվեցին, թե ինչպես են Երևանի հրապարակում այրում Թուրքիայի դրոշը: Դա սխալ է: Սխալ է նաև Գալիպոլիի օրը ապրիլի 24-ին նշելը: Մենք կողմանկից ենք ոչ թե դրոշները այրելուն, այլև հանդիպումներին, որպեսզի մեր ունեցած խնդիրները մեր թոռներին ժառանգություն չթողնենք, որովհետև այսօր արդեն ապրիլի 25-ն է և մի նոր էջ կարող ենք բացել»,-ասաց Ուֆուկ Ուրասը:

Պատգամավորը նշում է՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:

«Էրդողանն ու Դավութօղլուն մեկ քայլ առաջ են անում և այդքան էլ՝ հետ: Չեմ բացառում, որ մեկ օր էլ կարող է հայերին վտարեն: Ես Հայաստան եմ եկել օդային և ոչ ցամաքային ճանապարհով, ուստի կարծում եմ, որ պետք է պայքարել նման անտրամաբանական քայլերի դեմ»:

Չնայած ստեղծված բարդ իրավիճակին՝ Ուֆուկ Ուրասը դրական տեղաշարժ էլ է տեսնում.

«Թուրքիայում այսօր Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմեր դիտելու հնարավորություն ունենք: Լուսին Դինքի՝ «Սարոյանի երկիրը» ֆիլմը դրա վառ օրինակն է, իսկ Թաքսիմի հրապարակում մեր ընկերները երեկ «Հայե՛ր, ներեցեք մեզ» կարգախոսով հանդես եկան»,-նկատեց պատգամավորը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին