▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններին ծառայություն մատուցողը դու ես, այ աղջի. Արծվիկ Մինասյանը՝ Փոստանջյանին

Տեղեկացրել էինք, որ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն ընտրվել է ՄԻՊ թեկնածու: 

Իսկ մինչ այդ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանն ասաց, որ քվեարկելու է բոլոր թեկնածուների օգտին՝ այդպիսով հնարավորություն տալով իր պատգամավոր գործընկերներին ևս ընտրության հնարավորություն ունենալ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ հայտարարեց, որ իրենց խմբակցությունն այս գործըթնացին չի մասնակցել ու քվեարկությանն էլ չի մասնակցելու: ՄԻ պաշտպանի թեկնածու, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն իր եզրափակիչ ելույթում դիմելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ասաց, որ, միևնույն է, իշխանությունների առաջադրած թեկնածուն նրա աջակցության կարիքը չուներ. «Պարոն Մինասյան, ես չգիտեմ՝ դուք վաղը որտեղ կլինեք, որտեղ կհանգրվանեք՝ նախարարի՞ պաշտոնում, թե՞ մարզպետի, ՄԻՊ-ի կանխարգելիչ գործառույթներից մեկն այն է, որ մենք օրենսդրական փոփոխությունների հնարավորություն ստեղծենք: Պաշտոնապես դեռ դուք իշխանություն չեք, հետևաբար՝ ես խորհուրդ կտայի, որ դուք գոնե… միևնույն է, ձեր աջակցության կարիքն իշխանության թեկնածուն չուներ»:

Ի պատասխան՝ ՀՅԴ պատգամավորն էլ ասաց, որ Զարուհի Փոստանջյանն ակնհայտորեն կաղում է պարզ թվաբանությունից. «Առաջին դեպքը չէ, երբ մարդուն արժևորելով՝ ստանում ես պատասխան վիրավորանք: Տիկին Փոստանջյան, ձեր արտահայտած միտքը վերադարձնում եմ ձեզ՝ նույն ձևով: Դուք անգամ այս պահին չգնահատեցիք մարդկանց արժանապատվությունը, թեև այդտեղ նստած՝ խոսում էիք արժանապատվության մասին, Դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել՝ օգտագործելով երրորդ անձի: Դա ոչ միայն արժանապատվությունից ցածր է, ես խորհուրդ կտամ Ձեր խորհուրդները պահել Ձեզ: Շարունակեք այսուհետև էլ Ձեր գործունեությունը՝ առանց անդրադառնալու որևէ այլ բանի»:

«Շարունակեք նույն ձևով իշխանություններին ծառայություն մատուցել»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը զայրույթով հակադարձեց՝ «Իշխանություններին ծառայություն մատուցողը դու ես, այ աղջի, հերիք եղավ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին