▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքր բիզնեսը Կարեն Կարապետյանին խնդրում է հետ կանչել Հարկային օրենսգրքի նախագիծն ԱԺ-ից

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան» բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, որտեղ կոչ է անում հետ կանչեք հարկային օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովից:

Բափ նամակում, մասնավորապես, ասվում է.

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիան» (այսուհետ՝ Ասոցիացիա) հետեւելով իր կանոնադրությամբ սահմանված մանդատին, հանդես գալով որպես ՓՄՁ շահերը պաշտպանող հասարակական կառույցներից մեկը, սույնով դիմում ենք Ձեզ, ետ կանչելու՝ Հարկային Օրենսգրքի նախագիծը Ազգային ժողովից, որն ուղարկվել է արտահերթ նիստի քննարկման սույն թվականի սեպտեմբերի 22-ին կայացած կառավարության Թիվ 965-Ա որոշման համաձայն:

Հարկային օրենսգրքի նախագծում, դեռեւս առաջին ընթերցման ներկայացված տարբերակում առկա էին մի շարք խնդրահարույց դրույթներ, որոնց ընդունումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել մեր երկրում գործունեություն ծավալող ՓՄՁ-ների, մասնավորապես Գերփոքր բիզնեսի ներկայացուցիչների համար: Այս մասին, թե մեր Ասոցիացիայի, թե մեր գործընկեր բիզնես շահերը ներկայացնող կառույցների, կողմից բազմիցս բարձրաձայնվել է, եղել են տարբեր ֆորմալ, ոչ ֆորմալ հանդիպումներ, քննարկումներ, սակայն ինչպես տեսնում ենք արդեն այսօր ազգային ժողովի կայք էջում տեղակայված, երկրորդ ընթերցման համար ներկայացված ՀՕ-ի նախագծում այդ վիճահարույց դրույթները մնացել են անփոփոխ:

Ավելին, այս մասին բարձրաձայնվել է նաեւ հատուկ ՓՄՁ խնդիրների համար ստեղծված եւ արդեն շուրջ 5 տարի վարչապետին կից գործող ՓՄՁ Զարգացման խորհրդի 26.08.2016թ-ի նիստին, որտեղ եղել է հստակ հանձնարարական (Մեջբերում ՓՄՁ ԶԱԽ-ի նիստի արձանագրության 4-րդ կետից՝

4. Հարկային Օրենսգրքի նախագծում տեղ գտած ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթների վերաբերյալ հարցը զեկուցեց Հակոբ Ավագյանը, քննարկում ծավալվեց խորհրդի անդամների եւ ներկաների միջեւ:

Քննարկումներից հետո որոշվեց հանձնարարել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Արզումանյանին՝  կազմակերպել քննարկում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի եւ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի մասնակցությամբ՝ Հարկային Օրենսգրքի նախագծում տեղ գտած ՓՄՁ-ներին առնչվող խնդրահարույց դրույթներին լուծում տալու մասով եւ արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին):

Սակայն, մինչ օրս, վերոհիշյալ հանձնարարականը չի կատարվել եւ ՀՕ նախագիծը առանց ՓՄՁ շահերը ներկայացնող կառույցների եւ հենց ՓՄՁ-ների հետ քննարկման ուղարկվել է ազգային ժողով:

Հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկրում ՓՄՁ-ները հանդիսանում են ակտիվ հարկատուների 80-ից 90 տոկոսը, անընդունելի ենք համարում, առանց վերջիններիս հետ քննարկման նման կարեւորագույն փաստաթուղթը ուղարկել ազգային ժողովի օրակարգ, որտեղ, ինչպես նախկինում ունեցած փորձն է ցույց տալիս, ընդհանարապես քննարկման մասին խոսք լինել չի կարող:

Ելնելով ստեղծված իրավիճակից, հաշվի առնելով այն փաստը, որ հնարավոր է Ձեզ միակողմանի են ներկայացրել ՀՕ-ի նախագծի մասին կարծիքները, սույնով դիմում ենք Ձեզ ետ կանչելու ՀՕ-ի նախագիծը ազգային ժողովից, լայնածավալ քննարկման առարկա դարձնել այդ կարեւորագույն փաստաթուղթը հենց ՓՄՁ-ների համար:

Ցավում եմ, որ մինչ այսօր մենք չկարողացանք մեր երկրում ստեղծել ինստիտուցիոնալ երկխոսության հարթակներ, հստակ գործող մեխանիզմներ ՓՄՁ-պետական հատված շրջանակներում, որպեսզի պաշտոնատար անձանց փոփոխություններից ստիպված չլինենք գնալու հրատապ քայլերի ու արձագանքների, որոնք երբեմն լինում են ուշացած:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին