▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում իրադրությունն ավելի կթեժանա

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով.

«Երևանն ու Բաքուն շարունակում են միմյանց մեղադրել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին գրանցված ներխուժման փորձի կապակցությամբ, որի հետևանքով զոհեր եղան: Հայաստանի զինված ուժերը դեռ պահում են մարտում սպանված ադրբեջանցի զինծառայողի դին։ Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած պարտավորություններին: Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն պահպանել 2016 թվականին բարձր մակարդակով Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորություններին ՝ ներառյալ կարճ ժամանակում միջադեպերի հետաքննման ԵԱՀԿ մեխանիզմի ստեղծմանը: Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։ Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել փոխադարձ մեղադրանքներն ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը կայունացնելու համար։ Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»։

ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն ամեն դեպքում, հույսը չի կորցնում, կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերաբեմունքն Ադրբեջանի կողմից ցուցաբերվող իրադրությանն այս տարի ավելի սթափ և իրական կլինի:

Ինչ վերաբերում է հայ դիվանագետների սխալներին, որոնցից էլ բխում են նման հայտարարությունները, նկատում է.

«Սովորաբար ես մեղադրել բառը չեմ օգտագործում, որովհետև մեղքն ուրիշ բան է: Հույս ունեմ, որ մեր դիվանագիտությունն ավելի ակտիվ ու նպատակասլաց կլինի՝ Արցախի ու մյուս հարցերի առումով: Դա է պահանջում նաև Մերձավոր Արևելքում ձևավորված իրադրությունը»,-լրագրողների հետ զրույցում հավելեց բանախոսը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով էլ՝ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի է, չի զբաղվում խնդրի կարգավորմամբ, նրանք փորձում են գոնե նվազեցնել ռիսկերը, բռնության դեպքերը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ մենք տեսնում ենք, որ Թուրքիան բավական արագ փոխվում է: Եվ այդ փոփոխությունների կենտրոնում  Էրդողանն է, իսկ նա որպես քաղաքական գործիչ բավական անկանխատեսելի է:

Թուրքիայի երկար տարիներ սատարել է «Իսլամական պետությանը», բայց վերջին տարվա ընթացքում շտկել է իր քաղաքականությունը, ինչն էլ առաջացրել է ԻՊ-ի հակազդեցությունը.

«Կարելի է ասել, որ «Իսլամական պետությունը» կշարունակի Թուրքիայում իր ահաբեկչական գործունեությունը: Ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք Թուրքիայի անվտանգության ծառայության որոշ հատվածներ չեն համագործակցում «Իսլամական պետության» հետ, չէ՞ որ տարիներ շարունակ այդպես  է եղել: կարծում եմ, որ իրադրությունը Թուրքիայում ավելի կթեժանա»,-ընդգծեց թուրքագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին