▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինը բոլորիս «քաշեց». Դվորնիկով

2017 թ. փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում) կայացավ հանրապետության նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե։ Քվեարկությանը մասնակցեց գրանցված ընտրողների 76,44 %-ը, որից 87,6 %-ը «կողմ» քվեարկեց նոր Սահմանադրության ընդունմանը, 9,7 տոկոսը՝ «դեմ»: Քվեարկության ընթացքին հետևում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ 30 երկրներից:

«Արցախում սահմանադրական հանրաքվեն անցավ բարձր մակարդակով, այն համապատասխանում էր միջազգային ստանդարտներին, դիտորդական առաքելության համար աշխատանքի թափանցիկ պայմաններ էին ստեղծված, ընտրական գործընթացն արդար էր, իսկ արդյունքը ինքնին խոսուն է: Արցախը կայացած հանրապետություն է: Այս հանրաքվեն ես կհամեմատեի դպրոցում անցկացվող շինարարական աշխատանքների հետ: Գործընթացն անհրաժեշտ էր Հանրապետության համար՝ հատկապես Ադրբեջանի ագրեսոր գործողություններից հետո: Ակնհայտ է, որ այդ ժամանակ են նկատելի դարձել կառավարման թերի կողմերը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախ ժամանած ռուսական դիտորդական պատվիրակության անդամ, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի ներկայացուցիչ Դենիս Դվորնիկովը:

Բանախոսն անդրադարձավ նաև Բաքվի «սև ցուցակ»-ին ու Լապշինի խնդրին.

«Կարծում եմ, որ Լապշինը բոլորիս «քաշեց»: Չեմ հասկանում, թե ինչո՞ւ էր որոշել Ադրբեջան գնալ: Այո՛, ես էլ եմ  «սև ցուցակ»-ում ու մտքովս էլ չի անցել Ադրբեջան գնալ: Հիմա էլ հակաբելառուսական հայտարարություններ են արվում: Կարծում եմ՝ մի քանի տարի անց երկրների միջև հարաբերությունները կկարգավորվեն: Օրինակ՝ ՀԱՊԿ-ում հայերն ավելի շատ լեզու են գտնվում Բելառուսի հետ»,-նկատեց Դենիս Դվորնիկովը:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլին եւ 2012 թվականի հոկտեմբերին Ալեքսանդր Լապշինն այցելել է Արցախ, իսկ այս տարվա ապրիլի 9-ին՝ քառօրյա պատերազմից հետո, իր http//puerrtto.livejournal.com կայքում ծաղրել է Արցախը զավթելու Բաքվի փորձերը: Բացի այդ, բլոգերն իր այցելած 122 երկրի շարքում որպես անկախ պետություն կայքում նշել է նաեւ Արցախը: Այս ամենի համար Ադրբեջանի գլխավոր դատախազության «Ծանր հանցագործությունների» հարցերով քննչական կոմիտեում նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը) եւ 318.2 հոդվածներով (Ադրբեջանի պետական սահմանների անօրինական հատում): Ադրբեջանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա Ալեքսանդր Լապշինը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին Մինսկում ձերբակալվել է: Ադրբեջանական կողմը պահանջել է բլոգերին արտահանձնել Բաքու: Բելառուսի գլխավոր դատախազությունը հունվարի 20-ին նրան Ադրբեջանին արտահանձնելու որոշում է կայացրել: Փետրվարի 7-ին բլոգերին տեղափոխեցին Ադրբեջան:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին