▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Freedom House. Ալիևների դինաստիան վատ նշան է Եվրոպայի համար

Բաքվի ռեժիմը կոռումպացված է, ավտորիտար ու գտնվում է տնտեսական ճգնաժամի եզրին: Այն նաև հավակնում է դառնալ հիմնական գազ մատակարարող երկիրը Եվրամիության համար:

Այս մասին գրում է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության վերլուծաբան Ռեբեկա Ֆոլին՝ անդրադառնալով  Ալիևների կլանի իշխանությանն ու կոռուպցիոն սկանդալներին, հայտնում է panorama.am-ը:  

«Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահն իր կնոջը նշանակեց «երկրի առաջին փոխնախագահի» պաշտոնում: Ոմանք կարող են ասել, որ այս քայլն արվեց կանանց հզորացնելու նպատակով: Հարյուր տարի առաջ Ադրբեջանը դարձավ առաջին մուսուլմանական երկիրը, որտեղ կանայք քվեարկության իրավունք ստացան, մի բան, որը տեղի ունեցավ ԱՄՆ-ում միայն 2 տարի անց:
Սակայն երկրի ծանր տնտեսական դրությունն ու Եվրոպական պաշտոնյաների հետ առնչվող վերջին կոռուպցիոն սկանդալները  հուշում են, որ փոխնախագահի նշանակման հետևում  առկա իրական պատճառներն ավելի ընդգրկուն են, որոնք առնչվում են ռեժիմի երկարակեցությանն ու ժողովրդավարական աշխարհի հետ ապագա հարաբերություններին»,-գրում է հոդվածագիրը:

Ըստ նրա՝ Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ն հաճախ Ադրբեջանն անվանում են իրենց ռազմավարական գործընկեր՝ ի հեճուկս այդ երկրում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների աճող ձերբակալությունների և քաղաքացիական հասարակության նկատմամբ դրսևորվող ճնշումների: Տարիներ շարունակ Ադրբեջանի ամենակարող լոբբիստների ջանքերը կարողանում են համոզել ժողովրդական երկրների դիվանագետներին ու քաղաքական գործիչներին աչք փակել այդ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների կոպիտ ոտնահարումների վրա:

«Իր կնոջն «առաջին փոխնախագահ» նշանակելով՝ Իլհամ Ալիևն ասում է, որ երկիրն իրեն է պատկանում: Այն, որ իշխանությունը պատկանում է Ալիևների ընտանիքին, քննարկման ենթակա չէ»,-«Freedom House»-ի հետ զրույցում հայտարարել է Կենտրոնական Ասիայի և Կովկասի հարցերով փորձագետ Պաոլո Սերբոլոն:

Այդուհանդերձ, ըստ հոդվածագրի, Ադրբեջանի իշխող ռեժիմը բախվում է աննախադեպ թուլացնող գործոնների հետ, և քաղաքական իշխանությունը սեփական ընտանիքի սեփականությունը դարձնելու ձգտումը ազդարարում է անկայությունյան նկատմամբ վախի մասին: Վերջին հինգ տարիներին նավթի համաշխարհային գնի տատանումներն ու Ադրբեջանական ազգային արժույթի անկումը լուրջ հարված են հասցրել երկրի տնտեսությանը:

Հոդվածում նշվում է նաև, որ մինչև վերջերս փոխնախագահի ինստիտուտը բացակայում էր Ադրբեջանի կառավարման համակարգում, և անցած տարի տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների ժամանակ այն ներդրվեց քաղաքական համակարգում՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման և նախագահի պաշտոնի համար թեկնածության առաջադրման տարիքային սահմանափակումների վերացման հետ միաժամանակ:

«Ոմանք պնդում են, որ Մեհրիբան Ալիևայի նշանակումը «առաջին փոխնախագահի» պաշտոնում նպատակ ուներ Իլհամ Ալիևի իշխանությունը փոխանցել նրան, եթե վերջինս մահանա կամ դառնա անգործունակ: «EurasiaNet» պարբերականի լրագրող Էմիլ Սանամյանի կարծիքով՝ հանրաքվեի միջոցով բազմակի փոխնախագահների ինստիտուտի ներդրումը նպատակ ուներ լուծելու իշխանության ներսում գործող տարբեր կլանների հակամարտության խնդիրը:  Ընդ որում՝ առավել ցածր պաշտոններն ուղղված են եղել մրցակից խմբակցությանը, որը կապված է Իլհամի հանգուցյալ հոր՝ Հեյդար Ալիևի հետ»,-նշված է հոդվածում:

Ըստ հոդվածի՝  Մեհրիբան Ալիևան Ադրբեջանական պառլամենտի անդամ է եղել 2005թ-ից, սակայն հիմնականում չի մասնակցել նրա աշխատանքներին. նա ավելի շատ հայտնի է որպես «ՅՈՒՆԵՍԿՈ»-ի բարի կամքի դեսպան և Ադրբեջանում ամենահայտնի բարեգործական ֆոնդի՝ «Հեյդար Ալիև» հիմնադրամի ղեկավար, որը նա գլխավորում է հիմնադրման պահից՝ 2004թ-ից:

«Թեև կազմակերպությունը հովանավորում է մշակութային միջոցառումներ ինչպես երկրի սահմաններում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, սակայն նրա հիմնական նպատակը Բաքվի ռեժիմի հեղինակության բարձրացումն է միջազգային հանրության աչքում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի շուրջ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը միջազգային հարթակներում առաջ տանելու համար: Այն նաև քննադատվել է փողերի լվացման համար միջոց ծառայելու համար»,-գրում է  հոդվածագիրը:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին