▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացի դատարկաբանելուց, անգլերեն չիմանալուց Ադրբեջանի ներկայացուցիչը նաև անշնորհքությամբ է փայլել

Տեղեկացրել էինք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնին ներկայացվել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչ, ներկայումս Ռուսաստանում դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, ով ապրիլի 27-ին Ֆրանսիայում կայացած թեկնածուների լսումների նիստի ժամանակ խայտառակ իրավիճակում էր հայտնվել, քանի որ չէր կարողացել խոսել անգլերեն, ինչպես նաև նիստի մասնակիցների հարցերին շատ թերի էր պատասխանում:

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի դիտարկմամբ՝ նրա ելոււյթն ամբողջովին հիմնված էր մեկ առանցքի՝ ֆինանսների վրա.

«Վաշխառուի խոսակցություն էր և այն աստիճանի, որ Ուգանդայի ներկայացուցիչը հարցրեց՝ փողից բացի ուրիշ հետաքրքրություն չկա՞»,-ընդգծեց Արման Նավասարդյան

Շարունակելով վերջինին՝ Հրանուշ Խառատյանը նշեց.

«Բյուլբյուլօղլին բացահայտեց իր փորձի սնանկությունը: Մարդը 18 տարի նախարար է եղել ու անընդհատ շեշտում է, որ դա հնարավորություն է տալիս պաշտոնը ստանձնել: Նա ծրագրային ելույթ չունեցավ: Միայն ասաց, որ պատրաստվում է փոխել վարչական սկզբունքները, ավելի արդյունավետ դարձնել ծախսերը: Միայն ասաց, որ իրեն փող տան, բայց թե ինչի՞ համար, պարզվեց, որ չգիտի, թե ինչի համար: Եվ, եթե այդքան դատարկ ու փուչ մարդուն ընտրեն, դա կնշանակի, թե ՄԱԿ-ը  հետ է գնացել իր կարևոր սկզբունքներից»:

ՀՀ նախկին ՄԻՊ, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն էլ նկատեց. «Չեմ կարողանում մոռանալ Ուգանդայի ներկայացուցչի քմծիծաղը: Նա հարցրեց, թե կոնֆլիկտային գոտիներում ինչպե՞ս է տեսնում մշակութային արժեքների պահպանումը, և երբ սկսեց դատարկաբանել, միայն նրա հայացքը տեսնեիք»:

Բանախոսները նկատել են՝ բացի անգլերենին չտիրապետելուց, Բյուլբյուլօղլին փայլել է նաև անշնորհքությամբ.շշով ջուր է խմել՝ զարմացնելով բոլորին, ինչպես նաև մատը թքոտելով թերթել է թղթերը:

Հիշեցնենք, որ Բյուլբյուլօղլին եղել է Խորհրդային Ադրբեջանի մշակույթի նախարարը 1988-1991 թվականներին, երբ տեղի են ունեցել ցեղասպանական գործողություններ հայերի նկատմամբ, այդ թվում՝ նաև մշակութային արժեքների ոչնչացում: Այդ ընթացում Բաքվի կենտրոնական մասում գտնվող հայկական եկեղեցին է հրկիզվել։ Նրա օրոք են  ոչնչացվել նաև Ջուղայի խաչքարերը: Վերջերս էլ ադրբեջանցիներին զենք վերցնելու ու պատերազմի գնալու կոչ էր արել ու ինքն էլ էր պատրաստակամություն հայտնել:

Նշենք, որ ավելի վաղ «Ի աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ն, որի անդամները նաև բանախոսներն են, կոչ է ուղղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով: Սակայն, այս ամենը նրանց խոսքով՝ բավարար չէ, պետք է հայերը շարունակեն նամակների տարափը:

Ի դեպ, Ադրբեջանի ներկայացուցչի ելույթը կարող եք դիտել ստորև:

Անի Կարապետյան                                                                            

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին