▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով.Տնտեսագետը՝ սպասվող վտանգի մասին

ԱԺ-ում ներկայացվեց Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը՝ 2017-2022 թվականների համար: Այսպիսով՝ 5 տարում նախատեսվում է ունենալ տարեկան միջինը 5 տոկոս տնտեսական աճ, աղքատության գրեթե կիսով չափ կրճատել, նվազագույն աշխատավարձը բարձրացնել, արտահանման ծավալների զգալի աճ ապահովել, անհանդուրժողականություն դրսևորել կոռուպցիայի նկատմամբ, զարգացած տնտեսություն, ինչպես նաև նոր աշխատատեղեր ունենալ, տարեկան զբոսաշրջային այցելությունների թիվն առնվազն 3 միլիոնի հասցնել: Ծրագրի հիմքում նաև անվտանգ, արդար, Անկախ և խելացի Հայաստանի տեսլականն է:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանին դուր են եկել տեղեկատվական տեխնոլոգիաներին ու ջրային տնտեսությանը վերաբերող բաժինները:

«Հստակ շարադրանք գոյություն ունի: Մյուս բաժիններում մտքեր են, որոնց ֆինանսական հիմնավորումները բացակայում են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետը: Ինչ վերաբերում է 5 տոկոս տնտեսական աճին, Վիլեն Խաչատրյանը նկատեց.

«Չեմ կարծում, որ 5 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշն է, որը բնակչությունն իր վրա ռեալ կարող է զգալ: 90 տոկոսի վրա այն որևէ ազդեցություն չի թողնելու: Ինչ վերաբերում է արտահանմանը, գուցե դա խթանի տնտեսությանը: Զբոսաշրջիկների թիվն էլ 3 միլիոնի հասցնելը դժվար իրագործելի եմ համարում, որովհետև ավելի շատ ծագումով հայերն են վերադառնում, ոչ թե օտարներն են գալիս»:

Կառավարության ծրագրում նախատեսվում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 25 տոկոսով։

Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ 20.000 դրամի ավելացմամբ կյանքի մակարդակը հինգ տարի անց էապես չի փոխվի.այդ գումարով ապրողները մնալու են աղքատության շեմին։ 

«Նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացումն էլ գործազրկության վտանգ է պարունակում: Աշխատողների թիվն են կրճատելու, այնինչ պետք է շատ աշխատող ունեցողներին ու նրանց գրանցողներին արտոնություններ տան: Բնակչության էական աճի տեսանկյունից ևս խնդիրներ ենք ունենալու: Չկան ֆինանսական հիմնավորումներ: Երեկ ասում են՝ 10.000 աշխատատեղ ենք ստեղծել, բայց չեն ասում՝ ինչքա՞նն է փակվել կամ փակվելու:Խոսում են ներդրումների մասին: Օրինակ՝ 2017 թվականի առաջին 3 ամիսներին ներդրում չի արվել մեր երկրում»,-եզրափակեց տնտեսագետը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին