▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Վրաստանը պետք է ունենա ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, այդպես էլ՝ Հայաստանը

Միացյալ Նահանգները վերահաստատել է նվիրվածությունը ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության գաղափարին:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները կանգնած կլինի աշխարհի ազատասեր պետությունների կողքին: Եւ մենք պատրաստ ենք անել դա ոչ միայն խոսքով, այլեւ՝ գործով», – հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Փենսի խոսքով, Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները մոտեցնում են երկիրը Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամակցությանը.

«Վրաստանը մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»:

Մայք Փենսը նաեւ շնորհակալություն հայտնեց վրաց ժողովրդին Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար.

«Վրաստանը ԱՄՆ-ի առանցքային ռազմավարական գործընկերն է։ 2004-ից ի վեր հազարավոր վրացիներ ուս ուսի տված ծառայել են ամերիկացիների հետ միասին»:

ԱՄՆ-ի փոխնախագահը ելույթ ունեցավ նաեւ Վրաստանում անցնող միջազգային զորավարժությունների մասնակիցների առջեւ, որոնց թվում են ԱՄՆ-ի, Հայաստանի, Վրաստանի, Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Սլովենիայի զինվորականներ.

«Ամերիկան առաջին հերթին կարգախոսը չի նշանակում՝ Ամերիկան միայնակ: Մենք այսօր այստեղ ենք՝ Վրաստանում, ասելու մեր բարեկամներին՝ մենք ձեզ հետ ենք»:

ԱՄՆ-ի նախկին դեսպան, Ատլանտյան Խորհրդի վերլուծաբան Ջոն Հերբսթի խոսքով, փոխնախագահ Փենսի այցը Վրաստան նպատակ ունի նաեւ ազդանշան ուղարկել Մոսկվային, որ Վաշինգտոնը հակազդելու է Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը տարածաշրջանում: Արդյո՞ք սա բաժանարար գծեր կստեղծի տարածաշրջանում.

«Տարածաշրջանի տարբեր երկրներ տարբեր որոշումներ են կայացնում եւ ինչպես Վրաստանը պետք է ունենա ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք, այդպես էլ՝ Հայաստանը»:

Դեսպան Հերբստի կարծիքով սակայն, Հայաստանը տարածաշրջանի երկրներից Մոսկվայի առավել մեծ ազդեցության տակ է, մինչդեռ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգում Հարավային Կովկասին վերջին շրջանում անհրաժեշտ ուշադրություն չի հատկացվել.

«Կովկասն այն տարածաշրջանն է, որը բավարար ուշադրություն չի ստացել, սակայն, փոխնախագահի այցն այս կապակցությամբ շատ կարեւոր է»:

Վրաստանում փոխնախագահ Փենսը խոսելով ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերություններ զարգացնել: «Մենք հույս ունենք՝ ավելի լավ օրեր կգան եւ ավելի լավ հարաբերություններ կհաստատվեն Ռուսաստանի հետ», – ասել է Մայք Փենսը:

Ամերիկայի Ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին