▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերտերություններից բացի ոչ մի երկիր չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը. Շարմազանովի պատասխանը քննադատներին

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ աշխարհում ոչ մի երկիր, բացի գերտերություններից, միայնակ չի կարող լիարժեք լուծել իր պաշտպանության և անվտանգության խնդիրները:

Էդուարդ Շարմազանն անդրադարձել է իր այն հայտարարության վերաբերյալ քննադատություններին, թե Հայաստանը չի կարող լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և պետք է որևէ ռազմական բլոկի անդամակցի:

«Ես համոզված եմ, որ մեր հասարակության գիտակից հատվածն էլ է այդ կարծիքին, որ Հայաստանը չի կարող միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը և լուծել անվտանգության հարցերը: Ինձ հայտնի չէ մի երկիր, բացի գերտերություններից, որը կարող է միայնակ լիարժեք լուծել այդ խնդիրները: Ես այդ սիրելի քննադատներին հարց եմ տալիս՝ Լեհաստանը, Չեխիան, Մերձբալթյան երկրները, Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան առանց ՆԱՏՕ-ի աջակցության կարո՞ղ են միայնակ լիարժեք իրականացնել իրենց պաշտպանությունը եւ լուծել անվտանգության հարցերը: Իհարկե, չեն կարող: Հայաստանն էլ ընտրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ հաշվի առնելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, և անցած տարիները ցույց են տվել, որ Հայաստանի ընտրությունն արդարացված է, քանի որ մեր  սպառազինությունը ձեռք ենք բերում հենց ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում»,- ասաց Շարմազանովը:

Նա իրեն քննադատողներին հարց է ուղղում՝ եթե Հայաստանը միայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, այդ դեպքում արդեն 25 տարի ի՞նչ է անում ռուսական ռազմաբազան Հայաստանում: «Այդ ռազմաբազան հենց այնպես ֆասադի համար չենք բերել Հայաստանում դրել: Եթե նրանք կարծում են, որ Հայաստանը միայնակ կարող է լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը, ապա կարծում են, որ Հայաստանի բոլոր իշխանությունները երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավորությամբ մոլորության մեջ ե՞ն եղել: Ես ևս մի հարց եմ ուղղում այդ քննադատներին՝ այդ «Իսկանդերը», «Իգլա»-ները, «Սմերչ»-երը, տանկերը և մնացած ժամանակակից զենքն ու զինամթերքը ո՞վ է տալիս Հայաստանին: Կատարյալ անգրագիտություն և շանտաժի քաղաքականություն եմ համարում ասելը, թե Հայաստանը կարող է միայնակ լիարժեք իրականացնել իր պաշտպանությունը եւ լուծել անվտանգության հարցերը: Նման անհեթեթ գնահատականները զարհուրելի են և ծիծաղելի: Իմ հայտարարությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Հայաստանի ռազմական դոկտրինի վրա: Նրանք, ովքեր հակառակ կարծիքն են պնդում, դեմ են արտահայտվում մեր ռազմական դոկտրինին: Եվ ես հարց եմ տալիս քննադատներին՝ նրանք այդպես կխոսեի՞ն, եթե Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ լիներ»,- ընդգծեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն անդրադարձավ նաև հնչող տեսակետներին, թե Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ, այլ ընդամենը Ռուսաստանը Թուրքիայի միջոցով շանտաժի է ենթարկում Հայաստանին: «Ես չգիտեմ, թե ով ինչպես է մտածում, բայց ես պնդում եմ, որ Թուրքիան սպառնալիք է Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար: Եթե Թուրքիային սպառնալիք չեն համարում, թող գնային և բռնեին ձեռքը, երբ այդ երկիրն արդեն 40 տարի օկուպացրել է Եվրոպական Միٳթյան անդամ երկիր Կիպրոսի տարածքները: Մենք տեսնում ենք, որ նույնիսկ Եվրոպական Միٳթյան անդամ Կիպրոսը և Հունաստանը չեն կարողանում միայնակ լուծել իրենց անվտանգության հարցերը և պաշտպանությունը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին