▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլուխ հայերը ձեռնտու են Թուրքիային

Թուրքական «Akşam» իշխանամետ թերթը հունվարի 12-ի համարում «Պատրիարքարանում խափանվել է ԺԴԿ-ի խարդավանքը» հոդվածում մեղադրել էր Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ Գարո Փայլանին ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Հոդվածում պնդում է արվել, թե ԺԴԿ-ն Փայլանի միջոցով ցանկանում է «իրենով անել» Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը և դրա գործունեությունը մոտեցնել հայկական սփյուռքի քաղաքական գծին:

Ի պատասխան թուրքական թերթի զրպարտիչ հոդվածի՝ Փայլանը գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներս, երկար ժամանակ է, ինչ սպասում ենք պատրիարքի ընտրություններին: Դրա մասին ասվում է նաև թերթի հոդվածում: Խոչընդոտվող ընտրական գործընթացի ժամ առաջ սկսվելու և կանոններին համապատասխան կազմակերպվելու համար ես, որպես պատգամավոր, քայլեր եմ նախաձեռնել: Այդ թեմայով բազմիցս հանդիպել եմ կառավարության անդամների հետ: Համայնքի կողմից հարգանք վայելող, իր պարտականությունները կատարող ցանկացած թեկնածու ընդունելի է ինձ համար, իսկ թե ով կընտրվի պատրիարք, որոշում է հայ համայնքը»:

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Պոլսի պատրիարքի ձգձգվող  ընտրություններին՝ նկատեց.

«Թուրքական իշխանությունն իբր ամեն ինչ թողնում է համայնքին ու եկեղեցական օրենսդրությանը, բայց առանց իրենց «դաբրո»-ի այնտեղ որևէ բան տեղի չի ունենա: Պարզ է՝ իրենք «դաբրո» են տվել Աթեշյանին: Եվ այն զարգացումները, որը ձեռնարկեց հայկական համայնքը՝ իր նախաձեռնությամբ,  դա իշխանության թույլտվությամբ չէր: Պարզ է, որ իրենք չեն ցանկանում Աթեշյանից հրաժարվել: Այս անորոշ վիճակը, անգլուխ համայնքը ձեռք է տալիս թուրքական իշխանությանը: Օրինական ընտրված պատրիարքը նրանց ձեռնտու չէ: Ապօրինի նստածին մանիպուլյացիայի ենթարկելն ավելի հեշտ է»:

Թուրքագետը կարևորեց հայ համայնքի կողմից միասնական լինելը.

«Պետք է մինչև վերջ պայքարեն ընրտությունների համար, դիվանագիտական հնարքներ գործի դնեն ու Էրդողանին հիշեցնեն հանրաքվեից առաջ արած  խոստումը, որն է՝ ընտրությունն անցկացնելը: Իսկ մենք այստեղ  չպետք է մոռանանք, որ նրանք Թուրքիայի նման երկրում են ապրում: Տեսե՛ք, Փայլանը այնտեղ պատգամավոր է, բայց չգիտես, թե ամեն վայրկյան ի՞նչ վտանգի կարող է ենթարկվել: Դրա համար պետք է շատ զգույշ լինել ու չմեղադրել:  Համայնքում ուրիշ խնդիրներ էլ կան: Հիմա պոլսահայ համայնքը համալրվում է գավառներից եկած հայերով, որոնք ստամբուլահայերի հետ խնդիրներ ունեն: Այնտեղ նաև Հայաստանից գնացած հայություն կա:  Բարդ վիճակ է»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին