▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկացի մասնագետները 2019թ.պատերազմ են կանխատեսել Լիբանանում.Դեսպանը՝ներգաղթ կազմակերպելու մասին

«Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների ծայրը դեռ չի երևում: Ամբողջ Մերձավոր Արևելքը կարծես թե պատերազմական հրդեհի մեջ է՝ Իրաք, Սիրիա, Լիբիա: Իսկ Լիբանանը խաղաղության կղզի էր այդ փոթորկալից իրադարձությունների մեջ, սակայն վերջին շրջանում լարված են հարաբերությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում: Խոսքն առաջին հերթին վերաբերում է Իսրայելի վարած քաղաքականությանը: Այս երկիրը ԱՄՆ-ի հետ միասին հակաիրանական դիրքորոշում ունի: Սրանց միացած է նաև Սաուդյան Արաբիան: Չեմ կարծում, որ Իրանի ու Իսրայելի միջև պատերազմական գործողություններ կբռնկվեն, չնայած ամերիկյան որոշ մասնագետներ ասում են, որ 2019 թվականին պատերազմ է տեղի ունենալու: Բայց մեկ ուրիշ հանգամանք կա.եթե չեն համարձակվի պատերազմ սկսել Իրանի հետ, ապա կարող են գործընթացի մեջ ներքաշել Լիբանանի տարածքում գտնվող ռազմական-քաղաքական կազմակերպությանը՝ «Հզբոլլահ»-ին: Այն Լիբանանի հարավային մասում է և Իսրայելի հետ շփումային կետեր կան, երկու անգամ պատերազմական գործողություններ են սկսվել և հիմա Իսրայելը սպառնում է, որ հարվածելու է «Հզբոլլահ»-ին: Սա ամեն վայրկյան կարող է տեղի ունենալ, ինչի արդյունքում Լիբանանը կներքաշվի քաղաքացիական կամ արտաքին պատերազմի մեջ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արտակարգ և լիազոր դեսպան, դիվանագետ Արման Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ Լիբանանի տարածքում հայտնաբերված նավթի շուրջ մեծ պայքար են սկսել քաղաքական ու գործարար ուժերը և սա կարող է սրվել՝ ներքաշելով շիա և սյունի համայնքներին:

«Մուսուլմանական երկու ուժերի բախումն ավելի վտանգավոր է, քան մուսուլմանական ու քրիստոնյա ուժերինը: Իսկ հայերն այստեղ անպայման կգտնվեն պայքարի կիզակետում», -նշեց Արման Նավասարդյանը՝ շեշտելով, որ Լիբանանում է գտնվում հայկական ամենամեծ համայնքը, ուստի ինքն ու ևս մի քանի հոգի ուզում են բարձրացնել հայրենադաձության հարցը:

«Մեծ թվով հայեր ցանկություն ունեն գալ Հայաստան: Ավելին՝ այնտեղ կաթոլիկ քրիստոնյաների մի շերտ կա(քրիստոնյա արաբներ), որոնք ասում են՝ եթե Լիբանանում  կատարվի այն, ինչ եղավ Սիրիայում, միակ երկիրը, որը կընտրեին՝ Հայաստանն է»,-հայտնեց Արտակարգ և լիազոր դեսպանը՝ շեշտելով, որ այն քաղաքականությունը, որը որդեգրել է ՀՀ կառավարությունը, այն է՝ հայերնադարձություն, կարծում է, որ դժվար, բայց ռեալ գործընթաց է:

Asekose.am-ի թղթակցի հարցին՝ բացի խոսելուց, Կառավարությունը լուրջ քայլեր ձեռնարկո՞ւմ է, որպեսզի ներգաղթ լինի, Արման Նավասարդյանը պատասխանեց.

«Դժվարանում եմ պատասխանել, բայց կարծում եմ, որ այստեղ գալու և մնալու համար մի ամբողջ սխեմա է անհրաժեշտ: Նախ հնարավորություն պետք է ստեղծեն: Շատ լիբանանահայեր արդեն հաստատվել և լավ վիճակում են այստեղ: Այսինքն՝ մարդուց է շատ բան կախված: Սա պետք է լինի ծրագրային և, եթե մեր գաղափարը աշխատեց, գուցե հետո կուսակցություններ միանան և այլն»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին