▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքահայերը գալիս են Հայաստան ու ասում՝ այս ի՞նչ վատ է, բայց արի ու տես, որ նույն վիճակն է նաև իրենց մոտ

Նիկոլներ են անհրաժեշտ նաև սփյուռքահայերի համար: Համայնքային հեղափոխություն է պետք,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բանասեր, օպերային երգիչ Պողոս Եղիազարյանը:

«Սփյուռքահայերը գալիս են Հայաստան ու ասում՝ այս ի՞նչ վատ է, կոռուպցիա է, մոնոպոլիա և այլն, բայց արի ու տես, որ նույն վիճակն է նաև իրենց մոտ: Քանի որ Կ.Պոլսից եմ, ավելի շատ այնտեղ տիրող իրավիճակից կարող եմ խոսել: Ստամբուլում նույն վիճակն է, ինչ Հայաստանում:  Մի ընտանիք վերցնում է համայնքի պատասխանատվությունն ու դա դարեր է տևում: Մարդիկ հիմա Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի ու Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի ձեռքի ներքո ահաբեկված  ապրում են: Անցած 10 տարիներ ընթացքում Պոլիսը միշտ էլ լավ ղեկավար է ունեցել: Բոլոր պատրիարքներն էլ դիվանագիտական մոտեցում են ունեցել այս կամ այն հարցի դեպքում: Իսկ այսօր աթոռը բռնազավթված է, շատ բան են թաքցնում նույնիսկ թուրքական կառավարությունից»:

Հարցին՝ ի՞նչ կփոխվի հայ համայնքի կյանքում, եթե իրենց ուզած թեկնածուն  ղեկավար դառնա, Պողոս Եղիազարյանը պատասխանեց.

«Սառած մշակութային իրավիճակը: Սառած, որովհետև ինչ մշակութային միջոցառում որ անես՝ Աթեշյանին պետք է տեղյակ պահես: Գնացիր ուրիշ երկիր, հետո՝ Հայաստան, Աթեշյանն անպայման պետք է իմանա այդ մասին: Այն աստիճանի տեղեկացված պետք էլինի, որ այո կամ ոչ էլ ասի: Խնդիրներ կան նաև կրթության հետ կապված: Ֆինանսները գտնվում են մեկ մարդու ձեռքում, ասենք մի դպրոցին գումար հատկացնում է, մյուսին՝ ոչ: Այս քանի օր է, լարված վիճակ է: Շիրինօղլուն որոշել է 1890-ական թվականներից գործող Ազգային Կենտրոնական ու Եսայան վարժարանները միացնել ու  Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի բյուջեից փող հատկացնել: Դա իր պապի բյուջե՞ն է, թե՞ հորն է պատկանում: Փաստացի այդպես է, քանի որ միայն ինքն է կառավարում: Ոնց ուզում, այնպես էլ անում է: 130 տարվա պատմություն ունեցող դպրոցն իրեն չի մտահոգում, կարող է և փակվել»:

Անդրադառնալով ՀՀ-ում կատարված փոփոխություններին և, հատկապես, Սփյուքի նախարարությանը, երգիչը նկատեց.

«Սփյուքի նախարարությունում կան տարիքով մարդիկ, ովքեր մեզ հետ շփվելու մեծ փորձ ունեն, անհրաժեշտ է նրանց հետ շարունակել աշխատել: Նախարարությունը ոչ միայն ներսի, այլև դրսի հայերի խնդիրներով պետք է զբաղվի: 25 տարի է՝ բոլորը սեղանների շուրջ ասում էին, որ Հայաստանը կարող  է դառնալ այն երկիրը, որը դժբախտաբար, չի դառնում: Նոր կառավարությունն այն ստեղծելու հնարավորություն ունի: Պետք է իսկապես դեմոկրատիա կարողանանք ստեղծել»:

Ինչ վերաբերում է ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վերադառնալու կոչին, Պողոս Եղիազարյանն ասաց.

«Մարդիկ կան, ովքեր առանց այս կոչի սկսել էին ներգաղթել: Նրանցից մեկը ես եմ: Բայց, այո՛, նման ալիք կա, մտածում են գալ: Մտածում էինք, թուրքական պատնեշ կարող  է լինել, բայց ոչ, պոլսահայությունը պատրաստ է: Նրանք կարող են ներդրումներ կատարել տեքստիլի, ոսկերչության, սննդի ոլորտում, առաջընթաց ապահովել այս ոլորտների համար:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին