▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի պատասխան Նարեկ Դուրյանի` հայոց թարգմանական ավանդույթների իմաստը չըմբռնած մարդու հեռուստածամածռության

Սոցիալական ցանցերում կրկին քննարկամ առարկա է դարձել Դերասան Նարեկ Դուրյանը Հայաստանի Հանրային հեռուստաալիքով հեռարձակվող «Մի րոպե մի բան ասեմ՝ Նարեկ Դուրյանի հետ» հաղորդաշարը, որի հաղորդումներից մեկում դերասանն այս անգամ  Մաշտոցի արձանի մոտ «ծաղրում է» նրանց, ովքեր հայաֆիկացնում են օտար բառերը` այսինքն` ովքեր օտար բառերի փոխարեն դրանց հայերեն տարբերակներ են օգտագործում:

Դրան իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել  է նաև գրող, հրապարակախոս, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանը: Գրառումը` ստորև.

«ԹԱՐԳՄԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԹԱՐԳՄԱՆԵԼ,
ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

/Ի պատասխան Նարեկ Դուրյանի` հայոց թարգմանական ավանդույթների
իմաստն ու խորհուրդը չըմբռնած մարդու հեռուստածամածռության/

Տարիների ընթացքում թե՜ սոցիալ-տնտեսական, թե՜ քաղաքական անբարենպաստ պայմաններում հայ ժողովուրդը չի կարողացել առավելագույնս օգտագործել լեզվաշինական իր անսպառ հնարավորությունները: Փառք Աստծու, հիմա կան պայմաններ խելամտորեն մաքրելու մեր լեզուն օտարաբանություններից, օտար ոճերից և օտար բառերից: Լեզվի զարգացման միտումը, պայմանականորեն ասենք, «տերմինային է», այսինքն՝ աշխարհում օրական ստեղծվում են բազմաթիվ տերմիններ գիտության ամենատարբեր բնագավառներում: Եթե մենք չդիմադրենք անխուսափելի տերմինախուժությանը մեր լեզու, ապա մի հարյուր տարի հետո շատ տարօրինակ վիճակում կհայտնվենք: Հայերենը կդառնա կենցաղային մի լեզու՝ հագեցած զանազան լեզուների շիլաշփոթ բառերով:

Ամեն օր անհրաժեշտ է լինում անվանել նորանոր իրեր, առարկաներ, երևույթներ ու հարաբերություններ: Այս երևույթը տեղի է ունենում միշտ: Գիր ունեցող լեզուների մեջ նոր արմատներ սովորաբար չեն ստեղծվում, բայց չէ՞ որ ստեղծվում են բազմաթիվ նորանոր բառեր: Ովքե՞ր են ստեղծում այդ բառերը, ինչպե՞ս են ստեղծվում դրանք: Յուրաքանչյուր մարդ ազատ է նոր բառ ստեղծելու մեջ: Բայց որքանո՞վ նրա ստեղծած բառը համընդհանուր ճանաչման կարժանանա, դա է խնդիրը:

19-րդ դարում հայ մտավորականներն ստեղծեցին բազմաթիվ բառեր, որոնց մի մասը մերժվեց, մի մասն ընդունվեց: Այսպես, թվում է, թե շատ հին բառ է քարափ բառը, բայց այն ստեղծվել է 1890-ական թվերին: Նույնը՝ հեծանիվ, լուցկի, բացառել, հոմանիշ, նույնանիշ և այլ բառերի դեպքում:

Անհատական հզոր կամքով Մանուկ Աբեղյանը ստեղծեց բազմաթիվ բառեր և կյանքի կոչեց: Ոչ մեկի մտքով չի անցնում, որ կերպար բառը ստեղծվել է 20-րդ դարում: Նույնը՝ ապար բառը: Աբեղյանի ստեղծած բառերի մեծ մասը մտել է հայ լեզվի գանձարանը:

Ինչպես տեսնում ենք, օտար տերմինները չթարգմանելն անհնար է, եթե չենք ուզում, որ լեզուն դառնա մասնագիտական ժարգոնների մի համախմբություն:

Ամեն օր գիտության, տեխնիկայի, մշակույթի բազմաթիվ նոր հասկացություններ են ծնվում և անուն ստանում օտար բառերով, որոնք այդ հասկացությունների հետ ներխուժում են մեր կյանք: Եթե չթարգմանվի, չհայացվի դրանց գոնե մի մասը, ապա լեզուն պարզապես կաղտոտվի կոնգրուենտ (համընկնելի), կոնդոմինիում (համատիրություն), քլիրինգ (չի թարգմանվել), կոմպյուտեր (համակարգիչ), միսըս (գեղեցկուհի), պոպուլիզմ (ամբոխահաճություն) և այլ անճոռնի, անբարեհունչ բառերով:

Երկու ծայրահեղություն՝ ամեն ինչ թարգմանել և ոչինչ չթարգմանել, միշտ կռվել են իրար հետ, այժմ էլ կռվում են, և հաղթում է ոսկե միջինը, և դա լավ է: Շատ անբարեհունչ բառեր, տերմիններ նորացվել են, զորօրինակ՝
կոլեգիա վարչանի
կապիլյար մազական
ֆոկուս կիզակետ
շկալա սանդղակ
տրաեկտորիա հետագիծ
մախավիկ թափանիվ
պարալելոգրամմ զուգահեռագիծ
կոնդոմինիում համատիրություն
և այլն, և այլն:

Նույնիսկ Տերյանի և Րաֆֆու պես մարդիկ պնդում էին, որ կարիք չկա թարգմանելու պալտո, վելոսիպեդ, գաստրոլ, փեչ, տելեֆոն, տելեգրաֆ բառերը: Բայց հիմա ոչ մեկի մտքով չի անցնում հեծանվին վելոսիպեդ ասել:

Օտար բառը ոչ միայն անբարեհունչ է, այլև մեզ համար հասկանալի ոչ մի տեղեկույթ չունի իր մեջ: Օրինակ՝ համատիրություն բառի մեջ կոնդոմինիում տերմինի նշած հասկացության իմաստը կա՝ «միասին տիրել»: Երբ ասում ենք կոնդոմինիում, ապա հայ մարդու համար որևէ տեղեկույթ չի պարունակում այդ բառը, իսկ երբ ասում ենք համատիրություն, ապա բառի մեջ կա հասկանալի տեղեկույթ՝ «միասին տիրել», որն օգնում է պատկերացնել նշվող հասկացությունը: Կամ խիստ արմատացած մի տերմին՝ կոլեգիա, որն անընդհատ աղավաղված է արտասանվել, շփոթ առաջացրել՝ կոլեգյա, կոլեգիյա, կոլեգա և այլն, հիմա դրա փոխարեն ավագանի բառի համանմանությամբ ստեղծվել է վարչանի բառը: Բագաժնիկ-ի փոխարեն՝ բեռնոց բառը:

Քանի որ կյանքը շատ է արագացրել իր ընթացքը, ապա օտար բառերն էլ շատ արագ են մուտք գործում մեր լեզու: Եվ մեզնից մի մասը փորձում է դրանք թարգմանել, հայացնել, մի մասը վախենում է օտար բառին և նրա արտահայտած իմաստին ձեռք տալ. հանկարծ մի բան չպատահի: Մի մասը զուտ քաղքենիությունից է օգտագործում օտար բառը՝ տպավորություն թողնելու, ամբոխահաճ տրամադրություն ստեղծելու համար, մի մասը՝ օգտապաշտությունից, մի մասը՝ պարզապես ծուլությունից, մի մասը՝ չհասկանալուց և այլն:

Կան մարդիկ, ովքեր լեզուն ուզում են հարստացնել փոխառություններով, լիովին ժխտելով թարգմանելու անհրաժեշտությունը: Եվ ստացվում է այսպիսի հայերեն.
«Հայաստանում վերջին տարիներին քլիրինգա յին և ինվեստիցիոն ոչ կոռեկտ քաղաքականության հետևանքով էկոնոմիկայում ուժեղացավ կոռուպցիան, ստեղծելով ստագնացիոն կոնյունկտուրա, ինֆլյացիա, վալյուտային ռեսուրսների կոնվերսիա, բյուջեի դեֆիցիտ, վաուչերների ու սերտիֆիկատների դեֆլյացիա, դիվիդենտների մինիմիզացիա, կոնդոմինիումի անկիրառելիություն, էքսպերտների և էքսպերտիզայի անտեսում, բորսաների ու բիրժաների լիկվիդայնության էնտրոպիա, էկոնոմիկայի դիվերսիֆիկացիոն լեգիտիմ քաղաքականություն, ստվերային բիզնեսի մաքսիմիզացիա, որը նաև մարկետինգի և մենեջմենտի թույլ դրսևորման հետևանք է, անհարիր մեր ռեյտինգին և իմիջին, առավել ևս՝ մենթալիտետին»:

Կան մարդիկ, ովքեր ուզում են ամեն գնով թարգմանել յուրաքանչյուր բառ՝ հասնելով ծայրահեղության և ընկնելով ծիծաղելի վիճակի մեջ: Եվ ստացվում է այսպիսի հայերեն. «Օրիորդապնդիչը հագավ պոչազգեստը, վերցրեց մի շիշ փրփրագմփիկ և, պոզահանրակառք նստելով, հասավ դրամատան մոտ գտնվող իր տունը: Տանը նրան սպասում էր կինը՝ փեշի երկար գրգռաճեղքով ու մազագանգրափաթաթանները գլխին: «Ի՞նչ կա ուտելու»,– հարցրեց ամուսինը: «Կլորախմորաերկարածակերով փլավ»,– պատասխանեց կինը:

Այնպես որ, եկեք քարը փեշներիցս թափենք և ծայրահեղությունների մեջ չընկնենք: Չնայած այդ ծայրահեղությունները, ի վերջո, հավասարակշռում են միմյանց:
Կա միակ ճիշտ ճանապարհը. ամեն մի գիտական նոր հասկացության համար

1. գտնել հայերեն անվանում՝ հին բառի նորիմաստ գործածություն,

2. եթե դա չի հաջողվում, հայերենի միջոցով ստեղծել նոր անվանում,

3. եթե դա էլ չի հաջողվում, օտար անվանումը ենթարկել հայերենի հնչյունաբանական և բառակազմական կանոններին,

4. օտար անվանումը նույնությամբ գործածել՝ չբացառելով դրա թարգմանությունը հետագայում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին