Տարիներ առաջ ու տևական ժամանակ հեռուստաեթերում էր մանկական «Տուն տունիկ» հաղորդաշարը, ու շատ փոքրիկներ հեռուստաէկրաններին գամված սպասում էին, թե հերթական օրը Քրիստ քեռին իրենց ինչ է սովորեցնելու: Հիմա, երբ դիտարկում ենք ամբողջ հեռուստադաշտը, հասկանում ենք, որ հայկական արտադրության մանկական հաղորդաշարեր գրեթե չկան: Հիմնականում արտասահմանյան անհասկանալի մուլտֆիլմեր են` լավագույն դեպքում հայերեն թարգմանությամբ:
Այս առումով` սցենարիստ, երգահան, դրամատուրգ Քրիստ Մանարյանը ստեղծված իրավիճակն այսպես է նկարագրում. «Գրեթե նույն բանն է, որ մեծերը նստեն ճոխ սեղանի շուրջ ուտեն խմեն, բայց հենց երեխան մոտենա կոնֆետ ուզի, ասեն` բալիկ ջան կոնֆետ չկա, մենք կոնֆետի գումար չունենք»:
Նա ընդգծում է, որ կարելի է հասկանալ, երբ մասնավոր հեռուստաալիքները հայկական արտադրության մանկական հաղորդաշարի կարիքը չունեն ու դա իրենց խնդիրն է, բայց միևնույն ժամանակ անհասկանալի է համարում հանրային հեռուստաընկերության դիրքորոշումը:
«Գոնե առաջին ալիքով չլինի մի ծրագիր, որտեղ երեխան հայերենով Հայաստանի մասին մի երգ լսի, տեսնի տիկնիկներ, լսի հեքիաթ իր մայրենիով, բա էլ ով պիտի անի դա»,-նշում է Քրիստ Մանարյանն ու ավելացնում, որ ինքը պատրաստ է այս գործը ստանձնելու, սակայն հաճախ մերժում են իբր գումարի ու հնարավորությունների պակասի պատճառով:
Հանուն արդարության էլ փոքրիկների սիրելի հաղորդավարն ավելացնում է, որ վերջերս հանրայինի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել` դաշտում մանկական հաղորդման բացը որևէ կերպ լրացնելու համար, սակայն շրջադարձային իրավիճակի պատճառով հիմա իր մտահղացման ճակատագիրն անհասկանալի է. «Առաջին ալիքում նախնական պայմանավորվածություն ունեի մանկական 39 երգեր մուլտֆիլմի վերածել: Նախագծի համար հավաքած իմ անիմատորներից 3ին բանակ տարան, այդ շրջադարձի պատճառով մի քիչ ժամկետներն ուշացրի ու հիմա անհասկանալի իրավիճակ է ստեղծվել»:
Զրույցի ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել առաջիկա կիրակի Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում: