Քրեակատարողական հիմնարկներում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք էլ ավելի են բարդացնում դատապարտյալների` առանց այդ էլ բարդ կյանքը: Դրանց թվում են խցերի գերբեռնվածությունը, պայմանական վաղաժամկետ ազատման կարգի մասսայական չկիրառումը, ծեծը, ճնշումները և այլն: Այս խնդիրների ծագման պատճառները տարբեր են ու երբեմն` աբսուրդի ժանրի հասնող:
ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամ Ռոբերտ Ռևազյանը կարծում է, որ նախ անհասկանալի է, թե ինչու է քրեակատարողական վարչության պետը նշանակվում նախագահի կողմից, եթե ՔԿՎ-ը արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող կառույց է:
«Հարց է առաջանում` ինչպես կարող է արդարադատության նախարարն ազդեցություն ունենալ ՔԿՎ պետի վրա, երբ նա անմիջականորեն նախագահի կողմից է նշանակված: Սրա հետևանքով` մենք խնդիր ենք բարձրաձայնում, բայց չգիտենք հասցեատերն ով է` նախարարությո՞ւնը, թե՞ վարչությունը»,-նշում է Ռևազյանը:
Ըստ փորձագետի առանձին խնդիր է նաև դատապարտյալների մոտ առկա վախը` այս կամ այն խնդիրը բարձրաձայնելու հարցում:
Դատապարտյալներն ունեն բազում խնդիրներ, բայց չեն բողոքում: Համակարգում չգրված օրենք է, որ վարչակազմի և խցակիցների դեմ բողոքներն արգելված են, որովհետև բողոքող դատապարտյալին հենց տեղում կճնշեն ու կմեկուսացնեն խցակիցները, քրեական հեղինակությունները, վարչակազմի անդամները:
«Մեր պրակտիկայում երբեք չենք տեսնի, որ որևէ դատապարտյալ բողոք ներկայացնի, դիմի դատարան, ասի իմ պայմանները վատն են, խցում գերբնակեցված է` թող ՔԿՀ-ն ապահովի նորմալ պայման: Սա ևս խնդիր է, քանի որ չկա դժգոհություն, չկա նաև շտկում»,-վստահեցնում է Ռոբերտ Ռևազյանը:
Քրեակատարողական հիմնարկներում առկա մյուս թերությունների, դրանց մեղավորների ու վերջապես դատապարտյալներին անհանգստացնող խնդիրների լուծումների մասին հարցազրույցի ամբողջական տեսատարբերակը կարող եք դիտել կիրակի օրը Asekose.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում: