tert.am-ը գրում է. Օրերս դաժանաբար սպանեցին «Սուրմալու» ջոկատի ազատամարտիկ Վարդան Թումանյանին։ Վերջին քսանամյակում մեր երկրում վերածնվեց մարդաբանական նոր կաստա, որին մարդկությունը թողել էր հին աշխարհի պատմության մեջ. թվում էր՝ անվերադարձ չքացել են ապաչիների, վիկինգների, գլադիատորական արյունահեղությունների ժամանակները, ուր սրանց ստիպում էին դառնալ ամբոխի զվարճանք՝ նրա առաջ սփռելով իրենց մկաններում կուտակված տիղմը, արյան հագուրդն ու անասնական կրքերը։ Պատահական չէ, որ սրանց մսակույտերը դիզվում էին հենց ստրուկներից, ոճրագործներից կամ ռազմագերիներից. Կյանքը սրանց տերերին սովորեցրել էր, որ ամենամեծ վախերն ապրում են հենց այս խմբերի ներսում և միայն նրանց վախերից կարող ես քամել անսահմանափակ ադրենալին՝ ստիպելով սրանց «մտածել» միայն ողնուղեղով։
Մյուս սենյակում քնած է աուտիզմով տառապող երեխան. նա, միգուցե, ամենալավն է զգում ինչ է պատահել. կզգա, նրա ենթագիտակցական խորշերն ավելի մոտ են և միգուցե ավելի շոշափելի։ Իսկ այս փոքրիկ, սենյականման հանգույցում ապրում են մնացածները՝ ևս երեք երեխաները և կինը. մի պահ թվաց, թե հանգուցյալի նկարն ավելի մեծ էր սենյակից. կմկմալով, մի կերպ կարողացա ձևակերպել առաջին հարցս.
Վ.Ս.– Ցավակցում եմ. Վարդանն ազնիվ մարդ էր... Գիտես, մենք շատ ենք շփվել, լավ գիտեինք իրար...
Վարդանի քույրը– Էհ, Վարդուհի ջան, բա ոնց չգիտեմ, քո մասին ասում էր...
Վ.Ս.– Լավ. կխնդրեի պատմել, թե ինչից է, ի վերջո, ծագել այդ վեճը, որի պատճառով մարդը կյանք կորցրեց։
Վարդանի քույրը- Ուրեմն, հուլիսի 13-ին՝ ժամը 4-5–ի սահմաններում, Վարդանը եկավ մեր մայրիկի տուն։ Մենք քույրերով նստած էինք, եկավ, ճաշեցինք ու դուրս եկավ։ 4. 30–ի սահմաններն էր, դուրս եկավ. բարձրացավ մանկապարտեզի մոտի զրուցարանը, այդտեղ ինքը միշտ շախմատ, նարդի է խաղում։
Վ.Ս.–Բայց ասում են՝ դեպքի օրը ինքը չէր խաղում, այլ հարևաններից մեկին է պաշտպանել, հուշումներ արել ու, կարծեմ, դրանից էլ սկսվել է ամենը։
Վարդանի քույրը– Հա, ճիշտ եք, մտել է, տեսել երկուսն արդեն խաղում են ու ինքը Երջանիկին է բալետ արել. այդ մարդը չի տեսնում՝ մի աչքը կույր է, նրան է անընդհատ օգնել։ Այստեղ էն մյուսը՝ Բաբկենը, բարկացել է ու Վարդանին ասել՝ թուրք ե՞ս։ Վարդանը կատակի է տվել-անցել, ասել է՝ «Հա, դե որտե՞ղ եք տեսել՝ ապարացիք կրվել սիրեն»։ էդ խաղացողներն էլ՝ ապարանցի։ Մեկ էլ սա շրջվել է, թե՝ «Իհարկե, ապարանցիք կրվել չեն սիրում,բայց թուրքերը սիրում են կրվել»։ Վարդանը հարցրել է՝ «Ի՞նչ նկատի ունես»։ Սա էլ թե՝ «Քեզ նկատի ունեմ, դու թուրք ես»: Փաստորեն, որ երրորդ անգամ նույնը կրկնում է, Վարդանն այստեղ շախմատը խառնում է, թե չարժի արդեն խաղը շարունակել...
Վ.Ս.–Այդ պահի՞ն է նա ուզել շախմատի տախտակով Վարդանին հարվածել, թե՞ դրանից առաջ։
Վարդանի քույրը– Չէ, հենց այդ ժամանակ։ Վարդանը վեր է կացել, այդ պահին նա շախմատի խաղադաշտը վերցրել է, որ հարվածի Վարդանին: Ինքը Վարդանի կեսից է՝ կարճլիկ մարդ է։ Վարդանն այստեղ հրում է նրան։ Ոչ թե խփում է, այլ՝ հրում։ Ինչո՞ւ եմ ասում՝ հրում է. Ոչ թե նրա համար, որ իմ եղբայրն է, ուզում եմ պաշտպանել, այլ ականատեսն եմ։ Այն մարդը, ում հետ խաղացել է, հենց նա է տվել այս ցուցմունքը, որ իրենք ընդամենը վիճել են, և Վարդանը հրել է։ Հրելու ժամանակ նա հետ–հետ է գնացել, կպել է աթոռին և ընկել է։ Այս մարդը ընկել է ու նորից է բարձրացել, որ Վարդանին հարվածի, բայց դու Վարդանին լավ գիտես, մանավանդ իրենից տարիքով մարդուն չէր կարող հարվածել։
Վ.Ս.–Անհավանական է, այո։ Մարիետա, հավատա, ես անգամ չեմ էլ իմացել, որ նա մասնակցել է պատերազմին. երբեք դրա մասին ոչ մի նախադասություն չի ասել, չի շահարկել երբեք։
Վարդանի քույրը– Որովհետև նա խնդիր չէր դրել որևէ բան պոկել պետությունից, նայի ինչ պայմաններում է ապրել։ Այս ընտանիքի բարոյականությունը, պատիվն այնքան բարձր է, այնպիսի արժեքներ ունեն, որ ես երբեմն հունից դուրս եմ գալիս, խելագարվում եմ։ Տեսնում եք, թե ինչ սարսափելի պայմաններում են ապրում։ Ազատամարտիկ, որին ամբողջ ջոկատը սիրելով՝ Ձի էր անվանում։ Եվ գիտե՞ք ինչի համար՝ որովհետև Լաչինում, երբ պիտի սար բարձրանային, մնացածները ուսապարկով բարձրանում էին, Վարդանը, երեք արկղ ականը մեջքին դրած, իջնում-բարձրացնում էր։ Նրանք մի անգամ էին բարձրացել, սա 10 անգամ բարձրանում էր, ու անունը դրեցին Ձի Վարդան։
Վ.Ս.– Դուք, փաստորեն այդ ամբողջ ծեծկռտուքը տեսել ե՞ք։
Վարդանի կինը–– Այո։ Գնացի, իրենք արդեն դարպասի մոտ էին, մտածեցի՝ միանգամից չգնամ, տղամարդիկ են, խոսում են։ Ու ա՛յ այս ծառի տակ մի թուփ կա, կանգնեցի, որ չերևամ։ Այն լսեցի, որ ասաց՝ «Ներողություն պիտի խնդրես»։ Վարդանն ասաց՝ «Չեմ խնդրի»։ Ասաց՝ «Պետք է խնդրես, խնդրելու ես»։ Վարդանն ասաց՝ «Ինչի՞ համար, չեմ խնդրի»։ Ու ուզում էր ընդամենը բացատրել,թե ինչ էր տեղի ունեցել։ Այդ «Չեմ խնդրի» բառի համար Սարգիս Ղուկասյանն արդեն հարվածեց երեսին։ Ես այդ պահին վազեցի, ու այդտեղ արդեն սկսեցին հարվածել երեսի, գլխի հատվածներում։ Ես արդեն մեջ ընկա ու քաշում եմ դրանց, որ էլ չխփեն։ Բայց առաջին հարվածն այնքան ուժեղ էր, որ Վարդանը թռավ ու ականջից արյուն սկսեց հոսել։ Գիտե՞ք զարմանալին որն էր՝ Վարդանը, գիտեք, հաղթանդամ էր, դե, պատկերացրեք հենց առաջին հարվածի ուժը։
Վ.Ս.– Դե նրանցից երեքը աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկներ են կարծեմ։
Վարդանի քույրը- Այո։ Վերջերս ճշտել եմ, որ այս մարդկանց ածականը «բուլդոկ» է: Երբ քաղաքում մի տեղ փող վերադարձնելու խնդիր է ծագում, իրենց են դիմում, որ գնան ծեծեն։ Սա, կարծես, վարժեցված շների մի ոհմակ է։ Այսօր Երևանի կեսը դրանց ճանաչում է։ Մյուսի մականունն էլ Ջունգլ է։ Սկզբում եկել են երկուսով, որից հետո միացել են Գևորգն ու հայրը։ Բռնցքամարտիկ են, գիտեք՝ իրենք հիմնականում հարվածում են դեմքին ու գլխին։ Այդ հարվածներից Վարդանի բերանի ամբողջ պրոթեզները ջարդվել էին, ու բերանի խոռոչն ամբողջությամբ «փրթված» էր, ատամներից մի քանիսն էլ ընկել էր գետնին, և երեք օր հետո հետախուզությունից մարդիկ եկան, իրենք պատահմամբ այս ասֆալտին գտան....
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Հեղինակ` Վարդ Սիմոնյան