Ամենասկանդալային հայ արձակագիր, առաջին հայկական բեստսելլերի` «Որբանոց» վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանը «Ինտերրայթ» միջազգային մրցույթում գտնվում է լավագույն հնգյակում: 27 պետության մեջ Կոստանդյանը զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
- Էդգար, ամենահեղինակավոր գրական մրցույթներից մեկում դու գտնվում ես լավագույն հնգյակում, ու որքան էլ արդյունքները փոխվեն մինչև սեպտեմբեր, սա արդեն լուրջ հայտ է Եվրոպային: «Որբանոցը», փաստորեն, արդարացրեց իրեն: Ինչպիսի՞ն են զգացողությունները:
- Անկեղծ ասած, կես ժամ առաջ իմացա: Իհարկե, ինքնաբավության ու ինքնագոհության զգացում ունեմ: Չեմ ուզում գոռոզ թվալ, բայց պետք չէ կարծել, թե մենք միշտ պիտի վերջինը լինենք:
- Այսինքն, վերջնական հաղթանակին հավատու՞մ ես:
- Ես սրան իբրև կոնկուրս եմ վերաբերվում, էդքան բան:
- Վերջերս քո ֆեյսբուքյան էջում հայտնվում են քո բանաստեղծությունները: Հնարավո՞ր է, որ արձակը փոխարինես կամ համատեղես չափածոյի հետ:
- Բացարձակ: Ինքս ինձ համար լկստվում եմ ուղղակի(ծիծաղում է-հեղ.): Մարդ պիտի անի էն, ինչ լավ է անում, եթե դա բոլորը հասկանան, ամեն մեկն իր տեղում կլինի: Իսկ եթե ես բանաստեղծություն եմ գրում, էդ մենակ ինքս ինձ համար:
- Դու ցուցաբերեցիր Հայաստանում գրքի վաճառքի ամենամեծ ցուցանիշը: Քո կոլեգաները քեզ մեղադրում են «Որբանոցից» հետո մեծամտանալու մեջ: Ի՞նչ կասես դրա մասին:
- Նման հիմարություններ ասում են միայն գրախանութներում փոշոտված գրողները, իսկ կոլեգաներս ինձ սիրում են:
- Ավագ սերնդի գրողներն ասում են, որ նոր սերնդի արձակ չունենք:
- Մի ընդհանրացրեք: Ավագ սերնդից գրողներ ունենք, որ ժամանակին ամեն ինչ արեցին մեր մարդ դառնալու համար: Իսկ ով նման բան է ասում, թող Անի Ասատրյան ու Արամ Պաչյան կարդա, եթե էդքանից հետո կասի, որ մեր սերունդն արձակ չունի, ուրեմն պարանոյիկ ապուշ ա, կներեք… Ի վերջո, թող չմոռանան, որ մենք Շեկոյան Արմենով ու Խեչոյան Լևոնով ենք դաստիարակվել, էդքան լկտի պետք չի լինել:
- Հիշու՞մ ես քո առաջին ստեղծագործությունը:
- Հիշում եմ: Կոչվում էր «Աղբանոցի շները», լուսահոգի Վարդանյան Վահանը տպեց իր մոտ: Որ չտպեր, երևի գրելը թարգեի: Էդ առումով Վահանը դարձավ գրելուս քավորը (ժպտում է-հեղ.):
- Նոր վեպ ես սկսել: Ե՞րբ կավարտես:
- Գուցե շատ սենտիմենտալ թվա, բայց ինձ համար էդ վեպը չի վերջանում… դեռ չի վերջանում:
- Դու ոչ մի բանից չվախեցող մարդու կեցվածք ունես: Բայց ամեն դեպքում, ինչի՞ց ես վախենում:
- Կորուստներից եմ վախենում, կարևոր մարդկանց կորուստից: Նման մարդիկ քիչ են, բայց կան. ուզում եմ իրենք միշտ լինեն…
- Քո գործերում, թեկուզ տողատակերով, բայց ակներև է սերը հայրենիքի, հողի հանդեպ: Ինչպիսի՞ հայրենիք ես ուզում:
- Իմ ուզած հայրենիքը հեռվում է: Հիմա մենակ ուզում եմ, որ սահմանին չկրակեն, որ էրեխեք ու սպաներ չխփվեն…
- Ու՞մ ես կարոտում:
- Մորս… Եքա էշ եմ, բայց մեկ-մեկ մտքումս ասում եմ` «մամայիս եմ ուզում» (ժպտում է-հեղ.): Մեր տանը մի տեղ կա, որ փոքրիկ շրջանակի մեջ մորս նկարն է. դա աշխարհում միակ տեղն է, որ ինքս ինձ հետ անկեղծ եմ…
Հեղինակ`
Անահիտ Հարությունյան