▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեպտեմբերի 1-ն` առանց ծաղիկների

Սեպտեմբերի 1-ն, ինչպես գիտենք բոլորս, Գիտելիքի օրն է: Այս օրը մեր ողջ հանրապետության տարածքում տոնական է թե՛ դպրոցականների, թե՛ նրանց ծնողների, թե՛ ուսուցիչների համար:

Սեպտեմբերի 1-ը տոնական սկսվեց նաև  Լեվ Տոլստոյի անվան Երևանի թիվ 128 միջնակարգ դպրոցում, սակայն էլ ավելի արժևորվեց ոչ միայն այդ դպրոց գնացած աշակերտների, այլև Այգեպարցի իրենց փոքրիկ հայրենակից դպրոցականների համար:

Կհարցնեք՝ իսկ ի՞նչ կապ կա: Երևանյան այս դպրոցում այս տարվա սեպտեմբերմեկյան տոնակատարությունը տարբերվեց այլ դպրոցներից ուրույն նախաձեռնությամբ: 128 դպրոցի տնօրինության և Երևան Փրոդաքշնս ընկերության համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Սեպտեմբերի 1-ն առանց ծաղիկների» միջոցառումը:

Սեպտեմբերի 1-ին աշակերտներից շատերը ծաղիկներ են նվիրում իրենց ուսուցիչներին, սակայն այս դպրոցի տնօրենը խրախուսել էր երեխաներին գալ դպրոց առանց ծաղիկների, իսկ դրանց համար նախատեսված գումարն ուղղել բարեգործությանը: Նախաձեռնության հեղինակների ընտրությամբ բարեգործությունը պետք է ուղղվեր Այգեպար գյուղի դպրոցի և մանկապարտեզի տարածքում պաշտպանիչ պատի կառուցմանը: Դպրոցի Տնօրեն Վիկտորյա Սուքիասյանը նշեց, որ այս նախաձեռնությունն առաջին հերթին կարևոր է երեխաների համար, քանի որ հենց այս տարիքից նրանց պետք է ցույց տալ, թե որքան կարևոր է բարի գործ անելը: Հենց այս տարիքից նրանց պետք է պատմել, այն մասին, որ այն ընթացքում, երբ նրանք անհոգ նստած են իրենց դասասենյակներում, նրանց մյուս հասակակիցները վտանգում են իրենց կյանքը գիտելիք ստանալու համար: Այս ակցիան կարելի է հաջողված համարել, քանի որ այն գերազանցեց բոլորի սպասելիքները: Բոլոր ներկաները անչափ հուզված էին, անչափ պատրաստակամ էին օգնելու այգեպարցի փոքրիկներին:

            Այս սեպտեմբերմեկյան նախաձեռնության արդյունքում Այգեպարի պաշտպանիչ պատի կառուցմանը հաջողվեց փոխանցել ևս 368 510 դրամ: Եվ սա դեռ ամենը չէ. տեղի ունեցած նախաձեռնությանն իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցել նաև երկրորդ հերթի աշակերտները, որոնք այդ պահին ներկա չեն եղել միջոցառմանը:

Ayo! թիմն իր շնորհակալությունն է հայտնում Երևան փրոդաքշնս-ին, Երևանի թիվ 128 դպրոցի տնօրենին և բոլոր-բոլոր այն մտահոգ երեխաներին ու ծնողներին, որոնք մասնակից դարձան այս բարեգործությանը:

Հ.Գ.

Միջոցառման ավարտին երեխաներից յուրաքանչյուրի ձեռքին կային փուչիկներ, որոնցից կախված էին թղթե ծաղիկներ: Այդ արհետսկան ծաղիկները նախապես պատրաստել էին դպրոցի ուսուցիչները և բաժանել փոքրիկներին, որպես օրվա խորհրդանիշ: Վերջում երեխաները բաց թողեցին իրենց ձեռքում եղած փուչիկները` ծաղիկները ծայրերին, որպեսզի դրանք գնան ու հասնեն այգեպարցի փոքրիկներին:

Թող Հայաստանի երկինքն այսօրվա պես միշտ խաղաղ լինի: Շնորհավոր Սեպտեմբերի 1-ը:

Այգեպար գյուղի պաշտպանիչ պատի ծրագրի մասին ավելի մանրամասն տեղեկություն ստանալու, ինչպես նաև գումար հանգանակելու համար հետևեք հղմանը:

 

Ջեմա Սաֆարյան

Ayo! թիմի ծրագրերի տնօրեն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին