▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օտարության գինը». Դավիթ Ավետիսյան

Լույս է տեսել Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուն, որի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները:

Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

 

Asekose.am-ն առաջարկում է  ընթերցել  ժողովածուի  պատմվածքներից մեկը` «Օտարության գինը» և  տեղեկացնում, որ այսուհետ պարբերաբար ներկայացնելու է Դավիթ Ավետիսյանի ստեղծագործություններից:

 

 

ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

 

Օտարության գնալը նույնն է, թե խարխուլ մակույկով քեզ հանձնես ծովին ու չգիտես, թե քո նավակը՝ մաշված ու հին, կդիմանա՞ ծովի փոթորիկներին, և դու կհասնե՞ս ափ: Ու թե բախտդ բերի ու հասնես ցամաքին, քեզ կդիմավորեն ավազն ու փոշի՞ն, թե՞ կանաչն ու բերրին:
Գերմանիայի Թյուրինբերգ քաղաքում էի: Փոքր ու հին քաղաք է այն՝ չորս կողմից շրջապատված անտառապատ լեռներով: Քաղաքի միջով ջրառատ գետ է հոսում: Մարդիկ գետը բաժանել են երկու մասի ու արանքում ստեղծել մի հրաշալի այգի, որը քաղաքի բնակիչների և զբոսաշրջիկների ամենասիրած վայրն է: Գետի երկայնքով ու սարերի լանջերին գերմանական ճարտարապետությանը բնորոշ ոճով կառուցվել են շենքեր` մեկը մյուսին նման, մեկը մյուսից ինքնատիպ ու գեղեցիկ: Քաղաքի գույնը սպիտակն է, բոլոր շենքերն ու շինությունները սպիտակ են: Քաղաքն իր ճերմակությամբ կարծես փորձում է մրցել շրջապատող լեռների գագաթներին մշտապես կուտակված սպիտակ քուլաների հետ: Գետի մեջ լողացող ճերմակ կարապներն իրենց լողի նազանքով, երբեմն էլ գետի երկայնքով կատարած  թռիչքի զորությամբ կարծես լրացնում են քաղաքի  բնապատկերը: Քաղաքի վրա մշուշը հաճախակի  է իջնում, հետո բարձրանում է մոտակա լեռները:
Այդ պահերին հեռվից նայողին թվում է, թե քաղաքի փոխարեն ծփացող ծով է: Մառախուղը չի  նստում միայն լեռնագագաթներին` դրանք վերածելով փոքրիկ կղզյակների: Քաղաքի գլխավոր  դեմքը լեռան լանջին տեղավորված հիվանդանոց-համալսարանն է` իր բազում մասնաշենքերով ու կառույցներով, որոնք միաձուլվում են շրջակա երկրակառույցին:
Համալսարանը ճանաչում ունի ամբողջ Եվրոպայում:
Ես բուժվում էի այդ հիվանդանոցում և հիվանդասենյակի  իմ պատուհանից վայելում քաղաքի ու նրա բնաշխարհի գեղեցկությունը: Հաճախ էր մտքովս անցնում, թե աշխարհի այս գողտրիկ անկյունում հայեր ապրո՞ւմ են: Հերթական անգամ  այս մտորումների մեջ էի, երբ ինձ զանգահարեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող  իմ ազգականը`  Հարութը, ու տեղեկացրեց, որ վաղն ինձ  այցի է գալու: Ես նրան ասացի, որ հեռու է, չարժե այդքան ճանապարհ կտրել: Հարութը հավատացրեց, թե առաջին անգամ չէ, որ այդ քաղաքն է գալիս, ընկերն այդ կողմերում է ապրում, հաճախ են հանդիպում: Կարծես իմ հարցը պատասխան ստացավ: Ուրեմն այստեղ էլ են հայեր ապրում: Իսկ  նրանք որտե՞ղ չեն ապրում: Չէ՞ որ հայերի համար արևը մայր չի մտնում: Քանի որ նրանք ապրում են մոլորակի գրեթե բոլոր հատվածներում:
Հիշում  եմ՝ 80-ական թվականներին, երբ Խորհրդային
Միության Երիտասարդական պատվիրակության կազմում Ճապոնիայում էի, էլի հայ էի փնտրում ու գտա: Երբ մենք այցելեցինք Կիոտո քաղաքի համալսարաններից մեկը, ես կեսկատակ, կեսլուրջ հարցրի, թե այստեղ հայեր չե՞ն սովորում: Դրական պատասխանեցին, քիչ հետո ինձ ներկայացրին մի հայ աղջկա` Լուսինեին: Նա Ամերիկայից էր, Բոստոն քաղաքից: Ինձ ասացին, որ նա ճանաչվել է տարվա լավագույն ուսանող: Ես այդ պահին հպարտության ի՛նչ զգացում ապրեցի: Լուսինեի մասին արժե առանձին պատմել: Չէ՞ որ դրսում ապրող ամեն մի հայ մի կենդանի պատմություն է:
Հարութը ներկայացրեց իր ընկերոջը` Սարոյին, ասաց, որ նա բնակվում է Թյուրինբերգ քաղաքից 30 կմ հեռավորության վրա, ինչ-որ գյուղում, հետո էլ կատակով ավելացրեց, թե այստեղ բոլոր գյուղերին էլ քաղաք են անվանում:
Արտաքինից Սարոն քառասունին մոտ տղամարդ էր, թեև հետո պարզվեց, որ նա հիսունն անց է, կարմրաթուշ, թարմ դեմքով, կարճ մազերով: Կլոր ու խորամանկորեն ժպտացող աչքերը նրան գործարար մարդու տեսք էին հաղորդում: Առաջին իսկ պահից մենք սկսեցինք մտերմիկ զրույց վարել: Ինձ թվաց, թե նա ուրախ է, որ հանդիպել է իր հայրենակիցներից մեկին ու նրանից ուզում է հայրենիքի կարոտն առնել: Սարոն ամեն երեկո ինձ այցի էր գալիս: Մենք զրուցում էինք տարբեր թեմաներից, որոնց ընթացքում ես խնդրեցի, որ նա պատմի, թե ինչպես է հայտնվել այս կողմերում:
Նրա հայրը` Փայլակը, Երևանում ճանաչված ատամնաբույժ էր: Տարիների ընթացքում կարողացել էր բավականին գումար վաստակել: Երևա20
նի Ջրվեժ թաղամասում ռեստորան էր գնել: Երեք  եղբայրներով աշխատացրել են այն և դրանով  իրենց ընտանիքը պահել: Սակայն 90-ական
թվականների կեսերին թաղային հայրենասերներ են հայտնվել ու պահանջել ռեստորանն իրենց  հանձնել` ասելով, թե իրենք Ղարաբաղի համար
«արյուն են թափել»:
Սարոն նշում էր, որ  նրանք իհարկե Ղարաբաղի երեսն էլ չէին տեսել:
Այդպիսիք այդ տարիներին մարդկանց ունեզրկելով
էին միայն զբաղվել: Նման մարդկանց համար հայրենիքը նյութական ունեցվածքն է, հայրենասիրությունը`  շիրմա: Սարոն հիշեց Բիսմարկի  խոսքերը. «Հայրենասիրությունը սրիկայի վերջին  ապաստանն է»:
Սարոն ասում էր, որ իրենք հոգնել էին նրանց  հետ ունեցած բախումներից, որը կարող էր ի վերջո  վատ ավարտ ունենալ: Հայրը որոշել է ռեստորանը վաճառել ու գումարը բաժանել որդիների միջև:
Այդ ժամանակ Սարոն քսանվեց տարեկան էր,  սովորում էր Պոլիտեխնիկ ինստիտուտի ճարտարագիտության ֆակուլտետի վերջին կուրսում:
Նոր էր ամուսնացել: Ծնվել էր նրանց առաջնեկը`  Ռուբենը: Կինը` Վիոլետան, արդեն ավարտում  էր համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը:
Հրաշալի խոսում էր գերմաներեն: Սարոն փորձել  է իրեն բաժին հասած գումարով գործ ձեռնարկել, բայց չէր ստացվել: Էլի էդ թաղային հեղինակությունները, էլի բախումներ: Մեծ եղբայրը`  Հովհաննեսը, մեկնել էր Ամերիկա:
Ինքն էլ, տեղի տալով կնոջ հորդորներին, վերցրել էր կնոջն  ու երեխաներին ու տեղափոխվել Լեհաստանի Կրակով քաղաք, որտեղ մեկ-երկու տարի առաջ բնակություն էր հաստատել կնոջ եղբայրը` Կոլյան: Այդ ժամանակ Վիոլետան հղի էր: Տեղ հասնելուց երկու ամիս անց ծնվել է նրանց երկրորդ երեխան` Իվետան:
- Իսկ Լեհաստանն ի՞նչ վիճակում էր, այնտեղ հնարավո՞ր էր աշխատանք գտնել, - հարցրի ես:
- Չէ, այնտեղ էլ գրեթե նույն վիճակն էր, խորհրդային կարգերը փլուզվել էին, պետական սեփականությունը մասնավորեցնում էին, հողերը տրվում էին նախկին հողատերերին կամ նրանց ժառանգներին: Սակայն համատարած գործազրկություն էր: Հետս մի փոքր գումար էի տարել, տուն վարձեցի: Տանտիրուհին` պանի Լորին, հիսունն անց կին էր, այրի, մի քանի բնակարան ուներ, բոլորն էլ վարձով էր տվել, ինքն էլ ապրում էր ընկերուհու հետ: Սկսեցի շուկայում առևտուր անել: Կնոջս եղբայրը ինձ ծանոթացրեց հայաստանցի մի տղայի հետ, նրա անունը Ամար էր, ազգությամբ՝ եզդի: Նա շուկայում սպիրտ էր վաճառում: Նրանից պարտքով սպիրտ էի վերցնում, ես ու Կոլյան դրանք ջրով բացում էինք, լցնում շշերի մեջ, օղի սարքում ու վաճառում: Կարծես թե ինչ-որ եկամուտ մնում էր, հնարավոր էր ապրել:
Ոստիկանությունը մի քանի անգամ բռնեց, բնակվելու թույլտվություն չունեի ու դա շատ դժվար էր ստանալ: Միակ ելքը ինչ-որ մեկի հետ կեղծ ամուսնություն ձևակերպելն էր: Բայց ո՞վ կհամաձայներ ինձ հետ ամուսնանալ: Եվ հետո էլ՝ ես ամուսնացած էի, երկու երեխաների հայր: Մի անգամ, երբ տանն այդ մասին խոսում էինք, Կոլյան գաղափար տվեց, թե ձեր բնակարանի
տերը` պանի Լորենը, այրի է, կարելի է նրան համոզել ու հետը կեղծ ամուսնություն ձևակերպել:
Կոլյան էլ էր ինչ-որ մեկի հետ կեղծ ամուսնություն ձևակերպել ու բնակվելու թույլտվություն ստացել:
Ես ծիծաղեցի` ասելով, թե նա հիսունն անց կին
է, իսկ ես ընդամենը 26 տարեկան եմ: Կոլյան ժպտաց` ասելով, թե այստեղ դրան ոչ ոք ուշադրություն չի դարձնում: Թե ուզում ես, պանի Լորենի  հետ խոսեմ: Կինս դրան հավանություն տվեց:
Չնայած մտքումս մտածում էի, թե կինս կառարկի:
Մի քանի օր հետո, երբ հավաքվել էինք ճաշելու,
Կոլյան հաղթական տոնով հայտնեց, որ պանի Լորենը համաձայն է, միայն դրա դիմաց 500 դոլար
է պահանջում:
- Բայց չէ՞ որ դու ամուսնացած էիր, ինչպե՞ս
կարող էիր նորից ամուսնանալ, - հարցրի նրան:
Սարոն ժպտաց ու շարունակեց.
- Երբ պանի Լորենի համաձայնությունը ստացա, կնոջս վերցրի ու գնացի Երևան, դիմեցինք
դատարան ամուսնալուծության խնդրանքով, դատավորը շատ զարմացավ` ասելով, թե երկու երեխա
ունեք, ինչո՞ւ եք բաժանվում:
- Իսկ դուք ի՞նչ ասացիք:
- Դե մենք էլ իմ անհավատարմության վերաբերյալ
մի պատմություն հնարեցինք: Մի խոսքով,  դատարանը մեզ բաժանեց, ու մենք վերադարձանք  Կրակով:
Ես ծիծաղս չկարողացա զսպել:
- Եվ դու ամուսնացար պանի Լորենի հետ:
- Այո, ես ներկայացրի ամունալուծության վկա23
յականը և օրենքով ամուսնացա պանի Լորենի հետ, որից հետո ինձ երկրում բնակվելու թույլտվություն տվեցին:
- Իսկ Վիոլետայի վիճակն ի՞նչ եղավ:
- Իրոք, նրա համար փաստաթղթեր չկարողացանք ստեղծել, ու նա ստիպված երեխաների հետ վերադարձավ Երևան: Ես ու Կոլյան շուկայում շարունակում էինք աշխատել, եղավ մի պահ, որ Ամարը միայն մեզ էր սպիրտ տալիս, մեր շահույթը սկսեց աճել: Ես Վիոլետային ու երեխաներին կարգին գումար էի ուղարկում, նրանք գոհ էին:
- Հետո ի՞նչ եղավ, ինչպե՞ս հայտնվեցիր Գերմանիայում:
Սարոն լռեց, խոստացավ հաջորդ հանդիպմանը պատմել, մանավանդ, աշխատավայրից նրան անընդհատ զանգում էին ու զանգում:
Հաջորդ օրը, երբ Սարոն եկավ ու իր բերած նարինջները տեղավորեց սառնարանում, ես խնդրեցի, որ նա իր պատմությունը շարունակի:
- Շուկայում առևտուրը լավ էր գնում, ինչպես արդեն երեկ քեզ ասացի, սակայն մենք հայտնվեցինք ոստիկանության ուշադրության կենտրոնում, չէ՞ որ կեղծ օղի էինք պատրաստում: Ոստիկանությունը մեր գործը հանձնեց հարկային մարմիններին: Մեզ տուգանեցին ու այնքան շատ, որ մեր ամբողջ խնայողությունը հազիվ բավեց այն վճարելու համար: Հակառակ դեպքում մեզ բանտ կնստեցնեին: Ես արդեն բնակարանավարձը վճարելու հնարավորություն չունեի: Որոշեցի գնալ Գերմանիա և որպես փախստական հանձնվել երկրի իշխանություններին: Լսել էի, որ այդ երկիրը փախստականներին  ընդունում է, գոնե կացարան է հատկացնում, հետո հնարավոր է աշխատանք  ճարել: Այդ վիճակով Երևան չէի ուզում վերադառնալ:
Կոլյային էլ առաջարկեցի ինձ միանալ, սակայն նա չհամաձայնեց ու մեկնեց Պրահա:
- Իսկ ինչպե՞ս հայտնվեցիր հենց այս վայրերում:
- Կոլյայի հետ գնացի Չեխիա, լսել էի, որ այնտեղից
հնարավոր է անտառներով անլեգալ մուտք
գործել Գերմանիա:
Պրահայում ես ծանոթացա այդ նպատակով այնտեղ եկած մի խումբ հայերի հետ: Մենք մեքենայով  մոտեցանք Գերմանիայի սահմանին,  ուղեկցողն  ասաց, որ այդտեղից պետք է ոտքով  գնանք:
Այն ժամանակ Չեխիան Եվրամիության կազմում չէր, սահմանային հսկողություն կար:
Մենք երկու օր անտառով գնում էինք, վերջապես ուղեկցողը հայտնեց, որ Գերմանիայում ենք:
Խորհուրդ տվեց մոտենալ ճանապարհին գտնվող  բենզալիցքավորման կայանին և ասել, որ փախստականներ  ենք, ցանկանում ենք հանձնվել իշխանություններին:
Մեզնից ոչ ոք գերմաներեն չգիտեր:
Կայանի աշխատակիցը չէր հասկանում, թե ինչ ենք ուզում:
Մեր խումբը բաղկացած էր վեց հոգուց, երկուսը`  4-5 տարեկան երեխաներ էին:
 Ճանապարհին անձրևում էր, երեխաները մրսել էին ու ջերմում էին: Ես աշխատակցի ձեռքը դրեցի երեխայի ճակատին, նա հասկացավ, որ երեխան ջերմում է և  զանգեց շտապօգնություն: Բժշկական օգնությունը շուտով եկավ, երեխաներին մոր հետ տարան հիվանդանոց: Մենք մնացինք կանգնած: Հերթական մեքենայից իջած ուղևորներից լսեցի ռուսերեն խոսակցություն: Պարզվեց, որ նրանք գերմաներենին տիրապետում են, նրանց օգնությամբ մենք բացատրեցինք, որ փախստականներ ենք և ապաստան ենք խնդրում: Քիչ հետո եկան ոստիկանները, մեզ տարան ոստիկանություն, հարցաքննեցին, 5-6 ժամ պահելուց հետո ուղարկեցին փախստականների ճամբար: Ինձ ուղարկեցին Շտուտգարդ քաղաքից քիչ հեռու գտնվող ճամբարը: Այնտեղ կերակրեցին, հագուստ տվեցին: Երկու օր էր ոչինչ չէի կերել: Մեզ ասել էին, թե երկու ժամից կհասնենք Գերմանիա, բայց բանից պարզվեց, որ դրա համար երկու օր էր պահանջվում, այն էլ՝ անտառներով: Մի քանի անգամ հարկ եղավ ոտքով անցնել գետերի միջով: Երեխաներից մեկին ես էի գրկել, մի անգամ ոտքս սահեց, ընկա ջրի մեջ, երեխան էլ ինձ հետ: Լավ էր, որ մնացածներն իրենց շորերից ինձ ու վեցամյա Հասմիկին բաժին հանեցին: Կրակ չէինք կարող վառել, ասացին` կհայտնաբերեն ու հետ կվերադարձնեն:
Սարոյի պատմությունը սրտիս վրա այնքան ծանրացավ, որ ես էլ չէի ցանկանում, որ նա շարունակի: Նրան սկսեցին աշխատավայրից զանգել: Սարոն ներողություն խնդրեց, խոստացավ վաղը շարունակել` ինձ առողջություն մաղթելով հեռացավ:
Ես ամբողջ գիշեր նրա պատմածի տպավորության տակ էի: Ինչո՞ւ է հայը մյուսներից ավելի հաճախ բռնում օտարության ճամփան: Ճակատագի՞ր
է, թե՞ մենք ենք մեղավոր: Ամեն ինչ չի կարելի ճակատագրի վրա գցել: Հավանաբար բոլորս ենք մեղավոր՝ և՛ գնացողները, և՛ մնացողները: Թե՞
օտարության գնալը մեր  ներքին բնույթն է, ու մենք դրանից չենք կարողանում ձերբազատվել: Մի՞թե ճիշտն այն չէր, որ Սարոն մնար մեր երկրում ու իր
իրավունքների համար պայքարեր: Չէ՞ որ երկիրն  ու ժողովուրդն այդպես են կայանում, այդպես են պահպանվում: Օրինակ` ռուսը, գերմանացին կամ
ֆրանսիացին այդպես էլ կաներ: Բայց մենք չէ.  հավաքում ենք մեր իրերը ու հեռանում: Իհարկե, Սարոն էլ իր մոտեցումն ուներ. «Եթե երկիրը չունի
քո կարիքը, ուրեմն պիտի ման գաս ու աշխարհի  վրա գտնես այն տեղը, որն ունի քո կարիքը: Դա հայրենիքը սիրելու կամ չսիրելու հետ կապ չունի,
հայրենիքի հետ կապը հոգևոր է, այն չես կտրի:
Ընդ որում, տարիքի հետ այն ավելի է ուժգնանում:
Հեռվից հայրենիքն ավելի քաղցր է, ավելի սիրուն»:
Հաջորդ օրը երեկոյան Սարոն նորից եկավ, հետաքրքրվեց  իմ առողջությամբ, կատակներ արեց,բայց, միևնույն է, ես սպասում էի, որ նա իր
պատմությունը  շարունակի:
- Սարո՛, իսկ Գերմանիայում ինչպե՞ս դասավորվեց
քո կյանքը, - հարցրի ես:
- Ճամբարում ինձ կերակրում էին, բայց աշխատանքի
թույլտվություն չկար, ես գերմաներենին
բացարձակապես չէի տիրապետում:
Ճամբարի կողքին մի գյուղ կար, որտեղ հաճախ էի շրջում:
Նկատեցի, որ տներից մեկում տաքսի ծառայություն
է աշխատում, մոտեցա տիրոջը, նա Ռուսաստանից
եկած գերմանացի էր, ասացի՝ կարո՞ղ եմ ավտոմեքենաներ նորոգել, թեկուզ անվճար: Նա համաձայնեց: Ես սկսեցի մեքենաներ նորոգել: Դեռևս երեխա տարիքից մեքենաների նկատմամբ սեր եմ ունեցել: Լեհաստանում էլ էի դրանով մի փոքր զբաղվել: Ծառայության տեր պարոն Հանսը հավանեց իմ աշխատանքը: Ժամանակի ընթացքում ես նրա օգնությամբ աշխատանքի թույլտվություն ստացա ու սկսեցի նրա մոտ տաքսի վարել: Աշխատում էի գիշեր ու ցերեկ, երեք-չորս ժամ էի քնում, կնոջս ու երեխաներին գումար էի ուղարկում: Շուտով նրանց էլ կանչեցի: Նրանք որպես զբոսաշրջիկ եկան: Ես նրանց տեղավորեցի նույն ճամբարում, որտեղ ես էի մնացել: Հետո տուն վարձեցի, նրանց տեղավորեցի իմ մոտ: Ամեն օր Աստծուն փառք էի տալիս, որ ամեն ինչ ստացվեց: Աշխատանք ունեի, լավ էլ վաստակում էի, կարողանում էի ընտանիքս արժանավայել պահել: Երեխաները դպրոց էին գնում, սպորտով էին զբաղվում: Կինս, որ լեզվին տիրապետում էր, արագ աշխատանքի անցավ Կարմիր խաչի ինչ-որ կառույցում: Նա էլ վատ չէր վաստակում, նույնիսկ ինձնից ավելի շատ:
Ես խոր շունչ քաշեցի` ինքս ինձ ասելով` փառք Աստծուն, որ այսքան փորձություններից հետո այս հայ ընտանիքը օտարության մեջ գտել է իր տեղը: Մի փոքր զվարթ տոնով Սարոյին ասացի.
- Սարո՛ ջան, ուրախ եմ, որ քո մոտ ամեն ինչ ստացվել է:
Սարոն մռայլվեց ու ասաց.
- Առաջ մի՛ ընկիր, ես իմ պատմությունը դեռ չեմ ավարտել ու շարունակեց...
- Մի օր երեկոյան կինս աշխատանքից
եկավ ու խորհրդավոր տոնով ասաց, որ ինձ
հետ լուրջ խոսակցություն ունի: Ես նրա ասածը
լուրջ չհամարելով՝ կատակով ասացի՝
լսում եմ`
մտածելով,
որ խոսքը երեխայի մասին է: Նա
սովորականի նման չժպտաց, այլ ինձ հրավիրեց
կողքի սենյակ և սկսեց.
- Ես սիրահարվել եմ մեր գրասենյակի աշխատակիցներից
մեկին` Ստալին, և մենք որոշել
ենք ամուսնանալ, պայմանավորվել ենք` երեխաներն
իմ մոտ կմնան:
Ինձ թվաց, թե նա կատակ է անում, փորձեցի
ես էլ կատակել, ասացի.
- Սերը տարիք չի հարցնում, ոչ էլ ազգություն,
- նկատի ունեի, որ Ստալը 60-ն անց տղամարդ է,
իսկ կինս` 28 տարեկան:
Նա շարունակեց, թե՝ կատակներդ թող, ես
լուրջ եմ ասում, եթե չես մոռացել, մենք վաղուց
ենք ամուսնալուծվել: Ես նոր հասկացա, որ նա այդ
ամենը լուրջ էր ասում: Կարծես պտտահողմն ինձ
երկինք բարձրացրեց ու նետեց մի խոր անդունդ:
Ես դրան պատրաստ չէի: Զայրույթից շնչահեղձ
եղա: Միայն հասցրի նրան ասել.
- Մի՞թե մենք այսքան փորձությունները դրա
համար անցանք, - ու տնից դուրս եկա:
Մի քանի օր անընդմեջ խմում էի: Հետո Հանսը ինձ գտավ, իմացավ կատարվածի մասին, փորձեց սփոփել, առաջարկեց տուն վերադառնալ: Երբ ես ուշքի եկա ու վերադարձա տուն, նա արդեն գնացել էր, երեխաներին էլ հետն էր տարել: Որոշ
ժամանակ անց ես ճշտեցի Վիոլետի նոր հասցեն, սկսեցի երեխաներին հանդիպել: Հանդիպեցի նաև այդ Ստալին: Կարգին մարդու տպավորություն թողեց: Առաջարկեց հաճախակի գալ, նույնիսկ իր ընկերությունն առաջարկեց: Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչու Վիոլետան ինձ հետ այդպես վարվեց: Ստալին սիրահարվելու վերաբերյալ նրա խոսքերին ես չէի հավատում: Հետո իմ կանխագուշակումը հաստատվեց: Նա ամուսնության շնորհիվ քաղաքացիություն ձեռք բերեց ու Ստալին լքեց: Նա Ստալին օգտագործեց իր նպատակին հասնելու համար: Ես Ստալին խղճում էի: Վիոլետի համար կարևորը իր նպատակին հասնելն էր: Ինչը նրա մոտ ստացվեց: Ես, որ անցել էի կրակների միջով՝ նրան ու երեխաներին ամեն ինչով ապահովելու համար, նրան արդեն պետք չէի: Ես նաև հասկացա, որ նա ինձ երբեք չի էլ սիրել: Նա ինձ հետ ամուսնացավ, որովհետև ունևոր ընտանիքից էի:
- Իսկ հիմա ինչո՞վ ես զբաղվում, ընտանիք կազմե՞լ ես, - հարցրի ես:
- Ես շարունակում էի տաքսի վարել: Մի օր Լեհաստանից ինչ-որ նոտարի կողմից նամակ ստացա, որտեղ նշված էր, որ մահացել է պանի Լորենը: Նամակում նշվում էր, որ նրա անունով սեփական տներ կան, ամառանոց, իսկ բանկում էլ` գումար: Եվ որ ես նրա միակ ժառանգն եմ: Սկզբից մտածեցի, թե դա չար կատակ է: Սակայն որոշ ժամանակ հետո ստացա հաջորդ նամակը, որով ինձ դարձյալ հրավիրում էին Կրակով` զգուշացնելով ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու վտանգի մասին:
- Եվ ի՞նչ, դու գնացի՞ր:
- Այո՛, գնացի՛, - ասաց Սարոն, - ժառանգությունն ընդունեցի: Բնակարանները վաճառեցի, գումարը ստացա: Պարզվեց, որ պանի Լորենը ուրիշ ժառանգ
չուներ: Իսկ ես օրենքով համարվում էի նրա ամուսինը:
- Ա՜յ քեզ բան, - բացականչեցի ես, - ի՞նչ արեցիր այդքան գումարը:
- Տաքսի ծառայություն եմ հիմնել, շրջակա վեց-յոթ քաղաքների տաքսի ծառայությունների սեփականատերը ես եմ, բիզնեսս գնալով ընդարձակվել
է, զբաղվում եմ նաև բեռների փոխադրմամբ, ավտոմեքենաների
նորոգման արհեստանոցներ ունեմ:
Մի խոսքով, մեկը տասն եմ դարձրել, բիզնեսս շարունակում եմ ընդարձակել: Այս երկիրը նման հնարավորություն տալիս է, միայն պետության հետ պետք է ազնիվ լինես:
- Իսկ ընտանիք չե՞ս կազմել:
- Սկզբից երդվել էի չամուսնանալ, հետո ինձ հանդիպեց իմ նախկին գործատիրոջ աղջիկը`Լիդան:
Նա համակրելի աղջիկ էր, զուսպ, դաստիարակված, գերմանական ճշտապահությամբ: Մենք ամուսնացանք, երկու երեխա ունենք: Լավ
ընտանիք եմ կազմել, այստեղ ինձ հարգում են: Ես հետո հասկացա՝ երբ ինչ-որ բան կորցնում ես, իհարկե, վատ է, իսկ երբեմն էլ շատ վատ, սակայն ամենավատն այն է, որ դու դրա դիմաց ոչինչ չես ստանում: Փառք Աստծո, ինձ հաջողվեց նոր ընտանիք ստեղծել:
- Իսկ նախկին կինդ փորձ չարե՞ց նորից
վերադառնալ:
- Նա գիտեր, որ անհնար է: Միայն երբ իմացավ պանի Լորենի թողած ժառանգության մասին, ինձանից բաժին էր պահանջում, իսկ երբ հրաժարվեցի, բողոքեց, սակայն Լեհաստանի դատարանները նրա բողոքը չհարգեցին:
- Իսկ ի՞նչ եղավ առաջին կնոջից ունեցած երկու երեխաների ճակատագիրը:
Սարոն այստեղ լռեց, նրա աչքերը լցվեցին:
- Իմ այս պատմության մեջ միայն երեխաները տուժեցին: Թեև նրանց նյութապես օգնում էի, սակայն նրանք մնացին մոր մոտ. ինչքան էլ փորձեցի նրանց վերադարձնել՝ չստացվեց: Երեխանես մեծացան առանց հոր: Արդյունքը եղավ այն, որ աղջիկս` Իվետան, սկսեց թմրանյութ օգտագործել, հիմա բուժվում է հիվանդանոցում, իսկ տղաս` Ռուբենը, վատ շրջապատ ընկավ, հիմա բանտում է:
Օտարությունը մի մեծ փորձություն է, որի միջով անցնողը պետք է պատրաստ լինի և՛ կորուստների, և՛ հիասթափության: Իսկ ձեռք բերած հաջողություններն առանձնակի արժեք չունեն, եթե ընտանեկան երջանկություն չունես, - իր խոսքը եզրափակեց Սարոն:

 

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին