▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

27.000 դոլար վանաձորցի նկարչի մեկ կտավի համար

Այսօր Հայաստանում, ցավոք, ոչ միշտ, սակայն հաճախ կարող ենք մասնակից դառնալ տարբեր նկարիչների կողից կազմակերպած անհատական ցուցահանդեսներին, որոնց ձեռքով ստեղծած կտավները գրեթե միշտ յուրաքանչյուր ոք յուրովի է ընկալում: Այդպիսի երիտասարդ նկարիչ-աբստրակցիոնիստներից է Արամ Կաչյանը, ով բոլորովին վերջերս Հայաստանում առաջին անգամ ներկայացավ իր անհատական ցուցահանդեսով:
Asekose.am-ի թղթակիցը զրուցել է նկարչի հետ` աբստրակտ ոճում ստեղծագործելու, ցուցահանդես կազմակերպելու իր որոշման և դրա հետ կապված իր սպասելիքները արդարանալու, իր ստեղծած նկարների միջոցով հարցեր բարձրացնելու և այլ մանրամասների մասին:

Մեզ հետ զրույցում Արամ Կաչյանը նշեց, որ մինչ աբստրակտ ոճով ստեղծագործելը երկար տարիներ զբաղվել է ռեալիզմով, սակայն ըստ նրա խոսքերի` եկել է մի ժամանակ, երբ նա ցանկություն է հայտնել դուրս գալ այդ ամենից:

«Ռեալիզմը իրական տեսանելիության վերարտադրությունն է` չնայած այն բանին, որ ստեղծագործում ես ինքդ: Իսկ աբստրակցիան հենց  այն է, ինչ դու զգում և տեսնում ես, ինչի միջոցով կարողանում ես առաջադրել քո հարցերը` միևնույն ժամանակ փորձելով մեկ այլ կտավով պատասխանել այդ հարցերին: Սա այլ աշխարհ է, որը կապված է մարդու էության հետ»,- ասաց նկարիչը:

Այն հարցին, թե ո՞րն է իր ձեռագիրը, ինչի միջոցով նա փորձում է բարձրացնել որոշ հարցեր, Արամ Կաչյանը պատասխանեց` քանի որ աբստրակցիան իրենից ներկայացնում է կոնկրետ ոչինչ, նա փորձում է հենց իր տեսակետից առաջադրել այն հարցերը, որոնք այսօր ամենից շատ են ակտուալ:

«Աբստրակտ ոճում ստեղծագործելիս ես հաշվի չեմ առնում ոչ մի կոնկրետություն: Այն անծայրածիր տիեզերք է և հենց դա է պատճառը, որ հիմնականում հենց կտավը պետք է առաջադրի հարցը, որի պատասխանը պետք է գտնի դիտորդը: Բայց, միևնույն ժամանակ, ես չեմ փորձում իմ նկարների միջոցով ուղղորդել որևէ մեկին, չեմ փորձում նրան պարփակել այդ շրջանակում: Շնորհիվ աբստրակցիայի ժանրի` ես հնարավորինս փորձում եմ շեղվել կոնկրետությունից»:

Իսկ թե արդյո՞ք այն, ինչ նա փորձում է տեղ հասցնել մարդկանց, հասկանալի է դառնում նրանց, Արամն ասաց, որ այնպես է ստացվել, որ ոչ միայն հասկանում, այլև` չափից շատ է գնահատվում, ինչը, բնականաբար, նրա համար բավական ուրախալի փաստ է:

Անդրադառնալով վերջերս կազմակերպած իր անհատական ցուցահանդեսին` Արամ Կաչյանը պատմեց, որ մինչ այս նա նաև մասնակցություն է ունեցել տարբեր երկրներում կազմակերպած ցուցահանդեսներին, իսկ ինչ վերաբերում է իր անհատականին` նա նշեց, որ արդեն վաղուց է, ինչ այդ ցանկությունը եղել է նրա մոտ, պարզապես պահը դեռ չէր հասունացել:

Ըստ նրա խոսքերի` ցուցահանդեսը անցկացվել է ստանդարտից դուրս` և վայրի, և լուսային ձևավորումների, և երեկոյան ժամի, և երաժշտության առումով: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսին ներկա են եղել ինչպես հայ, այնպես էլ մոտ 30 երկրներից հրավիրված հյուրեր: Արամ Կաչյանը կայացած է համարում իր անհատական առաջին ցուցահանդեսը և ուրախությամբ նշում, որ իր կտավներից երկուսը վաճառվել են բավական բարձր արժեքով` 22.000 և 27.000 ԱՄՆ դոլարով:

«Դրսից եկած հյուրերը, ովքեր հասկացան, որ ցուցահանդեսում ներկայացված են բավական արժեքավոր գործեր` փորձեցին դրանք Հայաստանից դուրս տանել: Ուրախ եմ և, ինչու չէ, թույլ կտամ ինձ նշել, որ իմ ցուցահանդեսը բավական լայն շրաջանակներ ունեցավ»,- ավելացրեց հեղինակը:

Իսկ թե արդյո՞ք նա նախատեսում է իր անհատական ցուցահանդեսներով այցելություններ կատարել նաև այլ երկրներ, նկարիչը պատասխանեց, որ արդեն իսկ որոշ պայմանավորվածություններ կան Մոսկվայի և եվրոպական մի քանի երկրների հետ:

Զրույցի վերջում անդրադառնալով նաև Հայաստանում համապատասխան կառույցների կողմից նկարիչներին տրվող աջակցությանը, առհասարակ, մեր երկրում նկարչի դերին ու նշանակությանը, Արամ Կաչյանն ասաց, որ իր կարծիքով իրական արվեստագետի համար չպետք է որևէ սահմանափակում գոյություն ունենա և որ երբեք էլ չի ակնկալել, չի դիմել և չի էլ փորձել որևէ աջակցություն ստանալ:

«Ես արել եմ այն, ինչ ինձ է հաճելի, ինչին ես եմ ձգտել, և Փառք Աստծո, մինչ օրս ամեն ինչ իր ընթացքի մեջ է»,- իր խոսքը եզրափակեց Արամ Կաչյանը:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին