▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ պապը. Դավիթ Ավետիսյան

Asekose.am-ը շարունակում է ներկայացնել պատմվածքներ Դավիթ Ավետիսյանի «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուից: 

 

ԳԵՎՈՐԳ ՊԱՊԸ

 
«Բարիք ես կորցնում` քիչ բան ես կորցնում, պատիվ ես կորցնում` շատ բան ես կորցնում, խիզախություն ես կորցնում` կորցնում ես ամեն ինչ»:
Ի.Գյոթե


Ա

Մեր գյուղը Նիգ-Ապարանի Զովունին է, որ փռվել էր Արագած լեռան ստորոտին: Գյուղի կողքով հոսում էր Քասախ գետը, որ տարին բոլոր ջրառատ էր: Այն սկիզբ էր առնում Ապարանի սառնորակ աղբյուրներից: Գետում կարմրախայտն այնքան շատ էր, որ ձեռքով էին բռնում: Գյուղում բոլորն էին ձկնորս: Հաճախ դրա կարիքն էլ չէր լինում: Ամռանը, երբ կարտոֆիլի կամ կաղամբի մարգերը գետի ջրերով ջրում էին, կարմրախայտը հայտնվում էր մարգերի մեջ : Ընդամենը պետք էր հավաքել:
Գյուղացիներն զբաղվում էին նաև անասնապահությամբ, սակայն գյուղը նշանավոր էր կաղամբի մշակմամբ: Ասում են՝ Հայաստան աշխարհում կաղամբ մշակելու մշակույթը այստեղից է սկիզբ առել:
Գյուղն ուներ եկեղեցի (10-րդ դար), Թուխ-Մանուկ (4-րդ դար) և գերեզմանոց, որտեղ թաղումներ են կատարվել անհիշելի ժամանակներից:
Այնտեղ են գտնվում նաև Գնթունի իշխանի և նրա
տոհմի շիրիմները: Ժամանակին գյուղը եղել է
Գնթունի իշխանի նստավայրը: Գյուղի գերեզմանոցը
գյուղի պատմության թանգարանն է: Ամեն մի գերեզմանաքարի վրա տիրոջը բնորոշ մի գրառում կա:
Գյուղի բնակիչները երկար էին ապրում, դա կապում էին կաղամբի օգտագործման հետ.կաղամբը նրանց հիմնական սնունդն էր:
Գևորգ պապս ապրեց ութսուն տարի: Նա թաղված է հին Զովունիի գերեզմանոցում (ջրամբար կառուցելու պատճառով գյուղը տեղահանված է), սակայն գերեզմանոցի մեծ մասը պահպանվում է: Պապիս գերեզմանաքարի վրա գրված է` Քաջ Գևորգ:
Գյուղացիները պատմում են, որ նա ահռելի ուժի տեր մարդ էր, սակայն հողագործությամբ զբաղվել չի սիրել: Ուրիշների նման թեև ամեն առավոտ դաշտ է գնացել, սակայն պառկել է ինչ-որ ծառի տակ կամ մի մեծ քարի շվաքում ու քթի տակ երգ է մրմնջացել: Գյուղացիների համար դա սովորական բան չէր, ուրիշ մեկը լիներ, չէին հանդուրժի, բայց Գևորգի հանդեպ ներողամիտ էին: Նրան այն ժամանակ էին կանչում օգնության, երբ սկսում էին սայլը բարձել, իսկ բարձած սայլը միայն նա էր գյուղ ուղեկցում, որովհետև եթե սայլը շուռ գար, նա կարող էր միայնակ ուղղել: Հա, մեկ էլ նրա կարիքը զգացվում էր,երբ գերեզմանաքարերը պետք էր լինում տեղ
հասցնել (գյուղի գերեզմանոցը գտնվում էր սարի թեք լանջին, միայն մարդկային ուժի շնորհիվ էր հնարավոր գերեզմանաքարը շիրմին մոտեցնել):
Ասում էին, որ նա իր ուժը ժառանգել էր քեռուց` Երեմից, որի գերեզմանաքարի վրա գրված է` Առյուծասիրտ Երեմ: Նրա մասին արժե առանձին պատմել:
Գևորգը ճիշտ ժամանակին հայտնվում էր այնտեղ, որտեղ իր ուժի կարիքն էր լինում և այդպես՝ նաև այն ժամանակ, երբ պատերազմը սուր ճոճեց...Երբ թուրքերը մոտեցան Բաշ-Ապարանին, նա քսանվեց տարեկան էր: Այդ ժամանակ արդեն ամուսնացած էր գյուղի ամենագեղեցիկ աղջկա` Վարսենիկի հետ, արդեն երկու երեխա ուներ, (պապս մինչև խոր ծերություն սիրում ու խանդում էր կնոջը):
1918 թվականի մայիսի վերջն էր, ձյունը հալվել էր: Կանաչն սկսել էր դուրս գալ հողից, անասուններին արդեն դաշտ էին տանում: Գյուղացիներն աշխատանքային բնականոն ընթացքի մեջ էին…Ամեն ինչ կարծես սովորականի պես էր…Բայց…Գյուղի մեջ իրարանցում ընկավ: Թուրքը մոտենում էր գյուղին: Պետք էր դիմադրություն կազմակերպել:
Գյուղ եկավ Սեդրակ աղան, որը հարևան Քասախ գյուղից էր: Ծառայել էր ցարական բանակում, սպա էր, հրաշալի տիրապետում էր զինվորական գործին: Պատմում էին, որ նա դաժան, խստաբարո մարդ էր:


Բ

Եկեղեցու զանգերի ղողանջի ներքո ամբողջ գյուղը հավաքվեց եկեղեցու բակում: Որևէ մեկին խնդրելու կամ համոզելու կարիք չկար, թուրքը 10-12 կիլոմետրերի վրա էր՝ այնքան մոտ, որ հրանոթի արկերից մեկը պայթել էր գյուղի դաշտերից մեկում և վիրավորել նախրապահ Արամի ոտքը: Հետագայում նա էլ էր հպարտորեն ասում, թե ինքն էլ է Բաշ-Ապարանի ճակատամարտի մասնակից: Գյուղի քահանան՝ Տեր Գաբրիելը, կարճ խոսեց. «Գնում ենք թուրքի դեմ, կռիվն անհավասար է լինելու, թող ոչ ոք վերադառնալու մասին չմտածի,խնդիրը մեր հողը, կանանց, երեխաներին ու ծերերին պաշտպանելն է»: 324 կամավոր շարժվեց Ապարանի կողմը,
բոլորն էին գիտակցում իրենց «գործի» կարևորությունը: Նրանց առաջին շարքերում էր և Գևորգ պապը, որ գնում էր մեծ խիզախությամբ համակված. արյունը եռում էր:
Կամավորների հետևից 10-14 տարեկան տղաներն էլ շարժվեցին, Սեդրակ աղան նրանց կարգադրեց վերադառնալ և կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Գյուղում տղամարդ դուք եք մնում, վերադարձե՛ք»: Սեդրակ աղան պահանջեց բացարձակ կարգապահություն`սպառնալով դասալիքներին գնդակահարել տեղում: Ներկաները պատմում են, որ երբ գետն անցնում էին, կամավորներից մեկը`Սուքիասը, հանկարծ որոշեց ետ դառնալ, ասելով,թե մի փոքր գումար ունի խնայած, կնոջը տեղը չի
ասել, զոհվելու դեպքում կկորի, ու ետ դարձավ գյուղ՝ խոստանալով մի երկու ժամից վերադառնալ: Ու երբ նա ուզում էր գետն անցնել, Սեդրակ աղան հանեց ատրճանակը և ճակատից նրան գնդակահարեց, մարմինը ոտքով հրեց, գցեց գետն ու կարգադրեց առաջ շարժվել: Հետո գյուղի երեխաները Սուքիասի դին գտել էին, ջրից հանել և հողին հանձնել: Առաջ անցնելով` ասեմ, որ Սուքիասի ընտանիքը գյուղից հեռացավ` տանելով ամոթի խարանը: Նա համարվեց գյուղի միակ դասալիքը: Նրան թաղեցին գերեզմանոցից հեռու՝ ձորի բերանին: Հետագայում գյուղացիները հավաքվեցին, նրա վրա էլ քար դրեցին, երկար վիճում էին, թե քարի վրա ինչ գրեն, այդպես էլ ոչինչ չգրեցին: Պապս ասել էր. «Մեռած մարդու մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ»: Պապս, նրան ճանաչելով, համոզված էր, որ կվերադառնար և կմիանար իրենց, սակայն Սեդրակ աղային էլ չէր մեղադրում:


Գ
Գևորգ պապը պատմում էր, որ երբ հասան առաջին գիծ, ամեն գյուղի տարածք հատկացվեց, ովքեր ծառայել էին ցարական բանակում, զենք, փամփուշտներ տվեցին, մի տասներկու մարդու այդպես էլ զենք չհասավ, նրանք պետք է սպասեին և որևէ մեկի զոհվելու դեպքում նրա հրացանը վերցնեին:
Տնից դուրս գալիս Վարսենիկ տատս ասել էր. «Ա՛յ տղա, ըտենց դատարկ ու՞ր ես գնում, գոնե մի բան վերցրու»: Պապս փնթփնթացել էր, թե ինչ վերցնեմ, տատս մարագից բերել էր կաղամբ մաքրելու դանակը ու տվել նրան: Նրան չնեղացնելու համար վերցրել էր, խրել գոտկատեղն ու գնացել: Սեդրակ աղան հրամայել էր գիշերով դիրքավորվել փոքրիկ ձորակներում ու բացատրել, որ թաքնված պետք է սպասել, մինչև թուրքի զորքը մոտենա. «Այ այն ժամանակ ամեն մեկն իր շնորհքը
թող ցույց տա»: Գևորգ պապը ամբողջ գիշեր պառկած էր ձորակում՝ թաց հողի վրա: Արագած լեռան ձյունապատ լանջերից իջնող սառը քամին «վառում» էր
նրա մարմինը: Սակայն դա չէր խնդիրը: Նա այդ քամու տակ էր մեծացել: Ներսից էր վառվում. մի ուրիշ բոց էր կիզում հոգին. իսկ եթե չհաջողվի թուրքին կանգնեցնել... իսկ եթե օգնությունը ուշանա... ինչ կլինի իր կնոջ ու երկու երեխաների հետ: Անընդհատ նրանց պատկերն էր հառնում աչքի առաջ...Բա որ...Մեծը չորս տարեկան էր, խաժ աչքերով, սպիտակամարմին, քեռու պատվին
անունը Երեմ էին դրել, փոքրը՝ Ավետիսը, նոր էր սկսում խոսել: Ինքն իրեն ասաց, որ նրանց համար պատրաստ է մեռնել, համոզված էր, որ այդքան խիզախություն ունի. խիզախությունը ապրելու ուժեղ ցանկությունն է, որը տեղավորվում է մեռնելուն պատրաստ լինելու ձևի մեջ: Առավոտյան թուրքի հրետանին սկսեց գործել:
Պապս պատմում է, որ ականները գրեթե իրենց դիրքերի վրա էին ընկնում:
Սեդրակ աղային խնդրեց դիրքերը փոխել` ասելով, որ թուրքերը,հավանաբար,իրենց նկատելեն: Սեդրակ աղան սպառնաց. «Տեղում կգնդակահարեմ»: Պապս լռել էր` մտածելով, թե ավելի լավ է թուրքի գնդակից մեռնի, քան յուրայինի, մանավանդ Սուքիասի օրինակը նրա աչքի առաջ էր: Այդ պահին հիշեց քեռու` Երեմի խոսքերը. «Խելքի հետ զուգակցված խիզախությունն ավելի շատ է օգնում գործին, քան խիզախությունն առանց խելքի»: Այս մտքի վրա էր, երբ հերթական արկը պայթեց Սեդրակ աղայի շրջակայքում ու վիրավորեց նրա ոտքը: Պապս ծիծաղելով պատմում էր, որ դրանից հետո Սեդրակ աղան հրամայեց դիրքեր գրավել կողքի ձորակում: Պառկած սպասում էին, թե հրետանին երբ է դադարեցնելու կրակը, որ թուրքերն անցնեն հարձակման:
Անցավ երկու-երեք ժամ, հրետանին լռեց. թուրքի զինվորները հրացանները պարզած, երկար շարքերով սկսեցին առաջ շարժվել: Գևորգին թվաց, թե մի տարի անցավ, մինչև նրանք մոտեցան իրենց ձորակներին: Ու երբ ընդամենը մի քանի քայլ էր մնացել իրենց ու թուրքերի միջև, Սեդրակ աղան հրամայեց կրակելով ու աղաղակով վրա պրծնել:
Թուրքի զինվորներն այնպես անակնկալի եկան, որ անգամ չհասցրին կրակել: Գևորգը բռնեց առաջին իսկ պատահած զինվորին, բարձրացրեց գլխից վերև ու գլուխը զարկեց քարին, ուղեղը դուրս թափվեց, վրա եկած երկու զինվորներին կաղամբի դանակով այնպես խոցեց, որ նրանք չհասցրին էլ նույնիսկ նկատել, թե իրենց հետ ինչ տեղի ունեցավ: Նրա վիթխարի կազմվածքը, ճարպիկ շարժումները և արջի մռնչյունը թուրքերի մեջ շփոթ առաջացրին: Ականատեսները պնդում են, որ թուրքերի խուճապը հենց այս թևից սկսվեց:Թուրքերը հեռացան` թողնելով հազարավոր դիակներ: Նրանց առաջին հարձակումը կասեցվեց: Ապարանցին
ժամանակ շահեց, որ Դրոյի կանոնավոր զորամիավորումները մոտենան...
Այդ մարտից պապի դեմքին մի մեծ վերք էր առաջացել, նա նույնիսկ չէր հիշում, թե թուրք զինվորներից ով էր հարվածել, հետո գյուղի հեքիմները փորձել էին նրան բուժել. շորի վառած մոխիրը դրել էին վերքի վրա և երկար ու կոպիտ մի սպի առաջացրել: Այդ օրերին զոհվեցին նրա երկու եղբայրները, իսկ գյուղից՝ 126 մարդ: Գերեզմանոցում նրանց թաղել են երեք շարքով, բոլորի վրա նույն չափսի քար է դրված և նույն գրառումը՝ «Իմացյալ մահ»: Ամեն տարի մայիսի 28-ին, երբ գյուղի բնակիչները հավաքվում են նրանց շիրիմների մոտ, հարգանքի տուրք մատուցում ու ամեն շիրմի մոտ խունկ են վառում. սպանված կամավորների հոգիները երկնքից կարծես իջնում են, տեղավորվում անուշաբույր խնկի թանձր ամպի մեջ, պտտվում
գերեզմանոցի վրա ու հպարտորեն նորից երկինք ելնում: Ասում են՝ սպանված զինվորի հոգին մարտի դաշտից չի հեռանում:


Դ


Պապս այս ամենի մասին հազվադեպ էր պատմում: Նա իր արածը համարում էր ոչ թե սխրագործություն, այլ պարտքի կատարում (խիզախության թելադրանքով): Ու ամեն անգամ պատմելիս հարկ էր համարում Վարսենիկ տատի հասցեին փաղաքշանքի խոսքեր ասել. «Վասիլի՛ աղջիկ, թե այդ դանակը դու ինձ չտայիր, ես կորած էի, Սեդրակ աղան ինձ զենք տվողը չէր»: Պապս այդ դանակը պահում էր, ոչ մեկին թույլ չէր տալիս անգամ մատով դիպչել, ասում էր. «Դրա վրա թուրքի արյուն կա»: Այն մեզ համար համարվում է տոհմական մասունք. մինչև օրս էլ մենք այդ դանակը պահում ենք, երբեմն երեխաներին ցուցադրում և հիշեցնում պապի խոսքերը. «Այս դանակի վրա թուրքի արյուն կա»: Կաղամբ մաքրելու այդ դանակն էլի խորհուրդներ էր ամփոփում իր մեջ, որոնց մասին խիզախ ու իմաստուն պապս չէր խոսում, ու չասված խոսքերն ավելին էին ...
Խիզախությունը հոգու մեծ հատկություն է, որը միահյուսվելով իմաստության հետ՝ իբրև լուսավոր ապագայի սերմնացան, պոկվում, անջատվում է ու խորտակվում մշուշի մեջ՝ թողնելով լույս, արև ու հետք …

 

Կարդացեք նաև` «Օտարության գինը». Դավիթ Ավետիսյան

 

«Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հեղինակ  Դավիթ Ավետիսյանը  ծնվել է 1951 թվականին, Ապարանի շրջանի Զովունի գյուղում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ: Դասավանդել է տարբեր բուհերում: Երկար տարիներ աշխատել է արդարադատության ոլորտում:

ՀՀ նախագահի կողմից նրան շնորհվել է ՀՀ վաստակովր իրավաբանի կոչում:

ՀՀ նախագահի հրամանագրով 2013թ. պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: Հեղինակ է տասնյակ մենագրությունների և գիտական հոդվածների:

2012թ. լույս է տեսել նրա «Կյանքն իմ աչքերով» բանաստեղծությունների առաջին ժողովածուն, իսկ 2013-ին` «Ես հյուլեն եմ ամպերի» ժողովածուն:

Իսկ «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի հերոսները ժամանակակից սոցիալական փոփոխությունների մթնոլորտում ապրող մարդիկ են: Հեղինակը գորովանքով ու ցավով է հետևում նրանց ճակատագրերին, պաշտպանում մարդուն մարդ պահող արժեքները: Ինչպես նշում է հրատարակության խմբագիր Հասմիկ Գրիգորյանը` «Կյանքի երեկոյան սրճարանում» պատմվածքների ժողովածուի պատմությունները իրապաշտական գործեր են և կյանքի անխարդախ հայելի, որտեղ յուրաքանչյուր ընթերցող կարող է իրեն տեսնել. առանց ավելորդ չափազանցությունների ներկայացվում է «կյանքը՝ ինչպես որ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին