newmag.am-ը գրում է. Հորդառատ անձրև է: Սև վերնաշապիկով, ակնոցով երիտասարդ տաքսիստի հետ հանդիպում ենք Կասկադում, բայց անձրևը չի թողում որպեսզի քաղաքով պտտվենք և միասին մի փոքր քշենք: Առաջին հայացքից մեքենան խիստ կոկիկ էր, ամեն ինչ կարգուկանոն էր հիշեցնում: Սրճարան ենք մտնում, սկսում զրուցել:
Ուզում եմ հասկանալ, ինչով է նման ինձ տեղափոխող ամենօրյա տաքսիստներին, թե…
Արման Գալստյանին բոլորը ճանաչեցին տաքսու վարորդների ու լիցենզավորման կարգի հետ կապված ընդվզումներից, հրապարակային ելույթներից: Նրա խոսքը շատերը համարում էին ոչ տաքսիստին բնորոշ ու գրագետ: Բոլորն ուզում էին պարզել՝ ո՞վ է այս տղան կամ ինչո՞ւ է տաքսի վարում:
Թեյ է պատվիրում ու սկսում ծխել: Ասում է, թե շատ չի ծխում, հասարակ բջջայինն էլ միայն կապի միջոց է, բայց այնպես չէ, որ փող չկա կամ էլ տեխնոլոգիաներից գլուխ չի հանում: Նա չկա նաև վիրտուալ աշխարհում: Առաջինը մեզանից է տեղեկանում, որ ֆեյսբուքում նրա անունով բազմաթիվ էջեր են բացվել: Աշխատում է հագնել միշտ սև կամ սպիտակ գույնի շապիկներ ու չի սափրվում:
Զրույցի հեռվում արևից նշմարվում է նրա ամենօրյա նժույգը՝ կապույտ Կրայսլերը՝ 2002 թվականի: Այս մեքենայով է նա ամեն օր աշխատանքի դուրս գալիս և վաստակում ամենօրյա մի քանի հազար դրամը: Ասում է ճիշտ չէ, թե տաքսիստը օրական 15, 20 կամ 25 հազար դրամ է աշխատում կամ դա տարվա մեջ գուցե մեկ անգամ պատահի: Օրական եկամուտն առավելագույնը 5 հազար դրամ է:
«Գիտեք չեմ հիշում, թե քանի մեքենա եմ ունեցել: Առաջինը եղել է սովետական Զապառոժեցը, հետո էլի եմ ունեցել, դե հիմա սա է: Իսկ տաքսի քշելու հիմնականում երեկոյան եմ դուրս գալիս, իսկ մինչ այդ մրգի կետ եմ ունեցել, Վերնիսաժում վաճառել եմ իմ կավե գործերը ու այդպես տարբեր գործեր եմ արել»,-պատմում է Արմանն ու նշում, որ երբեք հաճախորդ ունենալու համար բջջայինի համար չի փոխանցում: Նրան կարելի է գտնել քաղաքի տարբեր անկյուններում, իսկ զանգել և պատվիրել՝ իմաստ չի տեսնում:
«Լինում են պահեր, երբ մարդը նստում է և սկսում միջև վերջին կետը հեռախոսով խոսել, մարդ էլ կա ամբողջ կյանքն է պատմում: Տաքսի քշելը խիստ բարդ է, հազար տեսակ մարդ ու բնավորություն ու դու էլ պիտի մարդու կյանքի հետ չխաղաս»,-խոստովանում է Արմանը, ով հիմա և վաղուց սկսել է ոչնչից չզարմանալ կյանքում:
Սովորել է Բելինսկու անվան թիվ 38 դպրոցում, բայց դաս տանը չի սովորել: Հիշում է, որ ընկերներին ու ուսուչիցներին խնդրել է մեկ հնարավորություն տալ դասը լսել, հետո գնացել և պատմել է ու ստացել ավելի բարձր գնահատական: Մանկուց միշտ ճշտախոս է եղել ու մինչ օրս կյանքի սկզբունքը ճշտապահությունն ու ուղիղ խոսքն է:
Բացում է գաղտնիքը, որ մինչ օրս չի հրապարակել. Նախկին լողորդը չի նշում «մանր-մունր» մասնագիտական դասընթացները: Այս մեկը դեռ չի ասել: Ավարտել է Մյուդ իրավաբանական կոնցեռնի իրավաբանության ֆակուլտետը. իրավաբան-իրավագետ է:
10-ը թիվը համարում է իրենը ու գիտի ինչու. «2010-ին ամուսնացա: 2011ի ապրիլի 10-ին ծնվեց առաջնեկս՝ Անահիտը, իսկ 2012-ի հուլիսի 10-ին երկրդ դուստրս՝ Թամարան»,-պատմում է հայտնի տաքսիստն ու նշում, որ ապրել է և լավ և վատ օրեր ու այնպես չի, որ մեջքին կանգնած ուժեր կան կամ էլ, թե պաշտոն են խոստացել:
«Պետք չէ ներսից բոյկոտել, բաժանել, բամբասել, իմ ու քո անել, սա է իմ երկիրը, իմ Երևանը, պետք է ուղղակի ներկայացնել և ճիշտը խոսել: Բարի համբավը ամենաթանկ կապիտալն է իմ համար, ինձ պետք չի որևէ պաշտոն: Կյանքը բեմ է, մարդիկ լավ դերասան: Ամեն մարդ ճիշտ տեղում ճիշտ դերը պետք է խաղա, որ հանդիսատեսն էլ ճիշտ տեղում ճիշտ ծափողջյունների արժանացնի, որ կուլիսների հետևից ինչ-որ մեկը նրանցից շուտ դուրս չգա և խաղա նույն դերը»-ասում է տաքսու վարորդն, ով հանդիպել է նաև Գագիկ Բեգլարյանի հետ՝ մենակ ու ներկայացրել բոլոր մտահոգությունները, բայց նախընտրում է խոսքը շարունակել առանց քաղաքականության:
Հույս ունի, ամեն բան կլուծվի: Հիմա քննարկումների կարևոր փուլում են: Ամեն պահի կարող են կանչել: Ժամանակ չկա անգամ տաքսի վարելու, չնայած երեկոյան բեռնախցիկից կհանի տաքսու նշանն ու կրկին կփորձի մի քանի հազար դրամ վաստակել:
Չի սիրում կյանքում սուտն ու դավաճանությունը. «Իմ մոտ չի գործում ճզմիր մարդուն և ելիր վեր գաղափարը, ես հավատարիմ չեմ այս սկզբունքին: Պետք չի լավ մարդուն վարքաբեկել, ինչա թե դու հասնես հաջողության և փառքի, հացից կտրես, որ դու հացավորվես»-հավելում է տաքսու վարորդը:
Հերքում է նաև այն տարածված լուրերը, թե ինքը հարում է աղանդավորական որևէ կազմակերպության:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում