▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արևիկն ինձ համար իդեալական կողակից է.Արամ Վարդևանյան

 

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է ՍԴ նախագահի խորհրդական Արամ Վարդևանյանի հետ` գործունեության մեկնարկի, ընթացքում հանդիպող դժվարությունների և անձնական կյանքի մասին:

-Արամ, հարցազրույցին նախապատրաստվելիս ուսումնասիրելով Ձեր աշխատանքային կենսագրությունը` կարելի է եզրահանգել, որ Ձեր մասնագիտական գործունեության մեջ ամեն ինչ շատ  սահուն է եղել, իսկ իրականում ամեն ինչ ինչպե՞ս է սկսվել և ընթացել (Արամ Վարդևանյանը գերազանցությամբ ավարտել է Հայ-Ռուսական համալսարանի, Հայաստանում Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետները, իրավաբանական գիտությունների թեկնածու է, Փաստաբանների պալատի անդամ, նախկինում աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում` որպես Իրավական վերլուծության վարչության պետ):

-2005թվ.-ին ընդունվեցի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան: Իրավաբանի մասնագիտությունն ընտրելն ինձ համար բավական հեշտ որոշում էր: Առհասարակ, մեզ մոտ ընտանիքում ընդունված է, որ անձը պետք է ինքնուրույն կայացնի որոշում իր մասնագիտության վերաբերյալ. այդ առումով որևէ բանավեճ ընտանիքիս անդամների հետ չեմ ունեցել: Ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը երկու երևույթների համադրության պատճառով. առաջինը` շատ սիրում էի քննիչի աշխատանքը,  դրա հետ մեկտեղ սիրում էի պատմություն առարկան, իսկ իրավագիության ֆակուլտետ ընդունվելու պարտադիր պայմաններից մեկն էլ հենց տվյալ առարկայից քննություն հանձնելն էր:

-Ձեր կյանքում եղե՞լ է շրջան, երբ փոշմանել եք կայացրած մասնագիտական որոշման համար:

-Երբեք նման բան չի եղել: Հակառակը, գնալով ավելի եմ համոզվում, որ սա ոչ թե զուտ մասնագիտություն է, որն ընտրել եմ ելնելով որոշակի առումով երեխայական նախասիրություններից, այլ այն բանի համար, որ ինձ շատ հարմարավետ եմ զգում  այս ոլորտում: Մասնագիտությունս գնալով սկսել եմ վայելել, սկսել եմ գիտակցել դրա կարևորությունը: Ուսանողական տարիներին առաջադիմությունս եղել է բացարձակ գերազանց, ինչը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ շատ վաղ տարիքում էի ընդունվել ԲՈՒՀ և պատվի հարց կար իմ ծնողների առջև:  Գիտակցում էի, որ շատերը թերահավատորեն էին մոտենում այն փաստին, որ 15 տարեկանում ընդունվել էի համալսարան… Այդ առումով ես ունեի ներքին մեծ շարժառիթ և հասկանում էի, որ առաջադիմությունս պետք է լինի գերազանց:

-Արամ, նախքան ներկայիս աշխատանքին անցնելը (այժմ ՍԴ Նախագահի խորհրդական է) երեք տարի աշխատել եք Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: «Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորը երբեք չհանձնվելը և հետևողական պայքար մղելն է»…Ձեր խոսքերն են, սակայն արդյո՞ք հայաստանյան իրականությունը թույլ է տալիս այդչափ լավատես լինել:

-Լավատես լինելը չպետք է պայմանավորված լինի իրավիճակի իրողություններից, այսինքն` պետք է վեր լինենք դրանից, որպեսզի հավատանք մեր գաղափարներին:  Ես հավատում եմ դրան, ինչպես նաև հավատում եմ, որ ժողովուրդը, հասարակությունը իշխանության տերն է, այսինքն` իշխանությունը պատկանում է մեզ… Մենք պետք է ունենանք այնպիսի հոգեկերտվածք (մենթալիտետ), մոտեցում և արժեհամակարգ, որոնց շնորհիվ պահանջատեր կլինենք և կգիտակցենք, թե ինչ ունենք և ինչի համար է պետք առաջին հերթին լավատես լինել: Այո, մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում և, առհասարակ, նոր ժողովրդավարական երկրներում  իսկապես հեշտ չէ, որովհետև պետական իշխանության ներկայացուցիչները, պետաիրավական  համակարգը դեռևս պատրաստ չեն գիտակցելու, որ մարդու իրավունքը գերակայող է  ցանկացած այլ երևույթից, այսինքն` չենք գիտակցում, որ գոյություն ունի իրավունքի գերակայություն, այլ` ոչ պետության շահի, ինչպես որ եղել է խորհրդային տարիներին: Երբ մենք կփորձենք փոխել մեր իրավամտածողությունը, առհասարակ, մտածողությունը և արժեհամակարգը, շատ բան կփոխվի, սակայն այս ամենի համար պետք է պատրաստ լինել այդ երկար ճանապարհը լավատեսորեն անցնելուն:

-Արդեն մեկ տարուց ավել է, ինչ ՍԴ Նախագահի խորհրդական եք: Ամփոփումների համար դեռ վաղ է, սակայն որոշակի եզրահանգումներ Ձեր կատարած աշխատանքից, կարծում եմ, որ  կարող եք անել…

-Իսկապես այս մեկ տարվա ընթացքում աշխատանքիս բնույթը փոխվեց, բայց միաժամանակ այն ելակետը, գաղափարը, սկզբունքը, որոնք որդեգրվել էին իմ կողմից նախքան այս աշխատանքին անցնելը, չեն փոխվել, այսինքն` Սահմանադրական դատարանում նույնպես առաջնորդվում են իրավունքի գերակայությամբ: Այդ առումով էական դժվարություն ինձ համար չի եղել, խաղի կանոնները, ըստ էության, նույն են, պարզապես դերակատարումը և աշխատանքային գործունեությունն է այլ: Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարող եմ ասել, որ բավական լուրջ գիտելիքներ և փորձ եմ ձեռք բերել այնտեղ աշխատած երեք տարիների ընթացքում, այժմ  սահմանադրական իրավունքի ոլորտում գիտելիքներ ձեռք բերելը, որն իրավաբանության համար ամենակարևոր ճյուղն է, ինձ համար մեծ նվաճում է, ինչի համար, իսկապես, շատ ուրախ եմ և շնորհակալ եմ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին վստահության համար: Սա ավելի կատարելագործվելու մի նոր հարթակ և հնարավորություն է: Իմ կարծիքով` մարդը միշտ պետք է ձգտի կատարելագործման, որովհետև այն պահից, երբ կսկսի մտածել, որ ինքը կատարյալ է, կսկսվի նաև նրա  հետընթացը: Հավելեմ նաև, որ երբ աշխատում էի ՄԻՊ-ում, մենք կարողանում էինք վերհանել խնդիրները` միաժամանակ ներկայացնելով մեր առաջարկությունները, սակայն մեր առաջարկությունները խորհրդատվական բնույթ էին կրում. փորձում էինք հուշել, թե ինչպես պետք է վարվեն այս կամ այն խնդրի դեպքում, սակայն այս դեպքում այլ է… Մենք խորհուրդ չենք տալիս, պայմանն այն է, որ ՍԴ որոշումներն ունեն պարտադիր իրավական ուժ և հետևանք, այսինքն` ենթակա են պարտադիր կատարման, այդ առումով էլ մեր կատարած աշխատանքն ավելի տեսանելի է:

-Արդեն տևական ժամանակ է, ինչ Հանրային ռադիոյի հետ համատեղ իրականացնում եք «Ձեր փաստաբան՝ Արամ Վարդևանյան» հաղորդաշարը, որի նպատակը մարդկանց իրավագիտակցության բարձրացումն է, սակայն ընդունված կարծրատիպի համաձայն` մեր հասարակությունում մարդու իրավագիտակցության բարձրացումը տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ բախվում է որևէ խնդրի… Ձեզ հաջողվո՞ւմ է հակառակն ապացուցել:

-Դա հայկական մտածողության խնդիրներից մեկն է, այդպես են վարվում նաև բժիշկներին դիմելու հարցում, այդ պատճառով էլ մեզ մոտ կանխարգելման մեխանիզմը լավ չի աշխատում: Նույն իրավիճակն է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այստեղ մենք հիմնականում փորձում ենք լուծում տալ, երբ իրավունքն արդեն խախտված է լինում: Մեր հաղորդաշարի շրջանակներում խոսում ենք դասական իրավունքների, իրավունքների իրացման, առօրյայում հանդիպող խնդիրների մասին` իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Արդյունքն էլ այն է, որ հաճախ մարդիկ զանգահարում են և հարց են հղում քննարկվող թեմայի վերաբերյալ, ինչը խոսում է այն մասին, որ  լսարանի հետ որոշակի կապ է ստեղծվել և դա արվել է հենց այն հարթության վրա, որը որ ես էի ցանկանում: ԱՄՆ-ում, Եվրոպական երկրներում բոլորը չէ, որ իրավաբան են, սակայն այնտեղ մարդիկ իրենց իրավունքներին վերաբերող տարրական հարցերը սիրում են, հետևաբար նաև հետաքրքրված են, արդյունքում էլ գիտակցում են իրենց իրավունքները և մեխանիզմները, որոնց շնորհիվ հնարավոր է դրանք պաշտպանել: Այն ժամանակ, երբ դու իրազեկ ես քո իրավունքների մասին, կարող ես ճիշտ արձագանքել, և հետագայում այդ  խախտումն այլևս չի լինի: Բնականաբար, այս հաղորդաշարի դեպքում չենք կարող սպառել իրավունքների պաշտպանության բոլոր հարցերը, դրա համար տարիներ են պետք, բայց կարող ենք այնպես անել, որ մարդիկ սկսեն հետաքրքրվել իրավունքների բացահայտմամբ: Կարծում եմ` որոշակի դրական շարժ կա, ունենք բավական լավ լսարան, ինչպես նաև ստանում եմ շատ զանգեր:

-Զրույցի վերջում էլ անցում կատարենք դեպի անձնական կյանք: Այս ամռանն  օրինակացրել եք Ձեր հարաբերությունները հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ: Այնպես է ստացվել, որ Ձեր կողակիցը հայտնի մարդ է, ում կյանքով հետաքրքրվում են և ԶԼՄ-ները, և հանրությունը… Ի դեպ, նկատել եմ, որ հանրության ուշադրությունից չեք խուսափում և հաճախ ֆեյսբուքյան Ձեր էջում սիրո խոստովանություններ եք անում, որոնք, որպես կանոն, մեծ տարածում են ստանում…Այդ տեսակ ուշադրությանը սովորելու փուլը հե՞շտ եք հաղթահարել:

-Ես այդ տեսակ հանրայնությունից չեմ վախեցել և այժմ էլ չեմ վախենում:

-Իսկ ձգտո՞ւմ եք դրան:

-Դժվար հարց է…Պետք է խոստովանեմ, որ ձգտում եմ, որպեսզի հանրության կողմից վստահության արժանանամ, ինչը, իհարկե, ենթադրում է նաև որոշակի հայտնիություն: Միաժամանակ, երբ քո հավանած աղջիկը, հետագայում սիրելի աղջիկը, նշանածը, այնուհետև նաև կինն այդ ոլորտից է և հանրային անձ է, պետք է  դա գիտակցես ի սկզբանե և շարժվես խաղի կանոններով: Բայց, ընդհանուր առմամբ, այդ հարցն ինձ համար խնդիր չի եղել, որովհետև  իրավաբանի, պետական ծառայողի կարգավիճակն ինքնին ենթադրում է զսպվածություն: Ինչ վերաբերում է ֆեյսբուքյան գրառումներին և դրանց տարածումներին, դա ևս խնդիր չէ, որովհետև երբ նման գրառումներ եմ կատարում, առաջնորդվում եմ իմ զգացմունքներով, մտքերով: Այդ  ռոմանտիզմն իմ մեջ եղել է դեռ դպրոցական տարիներից: Կարծում եմ, որ երբեք ուշադրություն գրավելու կարիք չեմ ունեցել, որովհետև դեռ դպրոցական, ապա ուսանողական տարիներից շատ ակտիվ եմ եղել: Հավելեմ նաև, որ Արևիկը նույնպես կարողացել է իր ապրելակերպը հարմարեցնել իմ կյանքին և ստանձնել իրավաբանի կողակցի դերը, ինչը ենթադրում է իր սոցիալական ակտիվության որոշակի զսպվածություն, ինչի համար էլ ես իրեն շատ շնորհակալ եմ: Առհասարակ, ես իրեն համարում եմ ինձ համար իդեալական կողակից: Բնականաբար, եթե ես լինեի իր ոլորտի մարդ, շատ ավելի ակտիվ կլինեինք: Պետք է նշեմ, որ իր հետ երբեք այդ մասին չեմ խոսել, ես պարզապես իր ապրելակերպի փոփոխությունը կողքից  նկատել  և մեծ բավականություն եմ ստացել: Ինչպես ես եմ իր խաղի կանոններին հարմարվում, այդպես էլ` ինքն է դա անում: Երկու տարի է, ինչ կանք միմյանց կյանքերում. առաջին իսկ օրվանից վայելել եմ այդ վիճակը:

-Իսկ մտահոգություն չունե՞ք, որ Արևիկ Ուդումյանի անձը, հանրային կերպարը կարող է ստվեր գցել Ձեր անձի վրա, հատկապես  այն մարդկանց շրջանում, ովքեր ծանոթ չեն Ձեր գործունեությանը:

-Խիստ «բացասաբար» եմ մոտենում, երբ նշում են` Արևիկ Ուդումյանի ամուսին (ծիծաղում է): Ես ինքս այդ փաստից չեմ նեղվում, կատակով արձագանքում եմ և գնում եմ առաջ: Ստվերում հայտնվելու խնդիր չեմ տեսնում, քանի որ իրեն ճանաչում են որպես հաղորդավարուհի, հանրային կյանքի անդամ, իսկ  ես այդ ոլորտում չեմ կարող լինել, քանի որ իրավաբանի հանրայնությունն այլ բնույթի է… Որևէ կերպ չեմ նեղսրտում այդ փաստից, այդ ամենը տրամաբանական եմ համարում: Թող իր ոլորտում ես ստվերի մեջ լինեմ, խնդիր չկա, վատ չեմ զգում ինձ (ժպտում է):

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին