▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Թուրքիայում արգելված, իսկ Հայաստանում՝ ոչ

Հայտնի է, որ ծխելը ամենավատ սովորություններից է, որը երբեմն հանգեցնում է առողջության լուրջ խանգարման: Սակայն ծխախոտին իր վնասակար ազդեցությամբ ու լայն գործածությամբ չեն զիջում ամբողջ աշխարհում լայն տարածում գտած նարգիլեները, որոնք բնորոշ են պարսկական մշակույթին: Այսօր դրանք աշխարհի շատ երկրների ռեստորանների (այլ հարց է, թե ո՞ր խոհանոցը ներկայացնող ռեստորանի) անբաժան բաղկացուցիչներն են և մշտապես գտնվում են այցելուների ուշադրության  կենտրոնում:

Հայաստանը, ցավոք սրտի, նույնպես հետ չի մնում այս «մրցավազքից»: Նարգիլե ծխելը մեզանում ոչ միայն համարվում է նորաձև, այլ երբեմն դառնում է մարդու՝ շրջապատում ինքնահաստատված երևալու կարևորագույն հանգամանքներից մեկը: Երևանում գործող և տարբեր ազգերի խոհանոցներ ներկայացնող ռեստորաններում նարգիլեն մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից: Օրինակ, Հյուսիսային պողոտայում գտնվող «Bella Italia» իտալական ռեստորանում, որտեղ ներկայացված են իտալական խոհանոցի ուտեստներ, կան նաև պարսկական ծագման նարգիլեներ: Մեր հարցին, թե Հայաստանում իտալական խոհանոց ներկայացնող ռեստորանում ի՞նչ գործ ունեն իտալական մշակույթի հետ կապ չունեցող նարգիլեները, մենեջեր Աննա Ծատուրյանը նշեց, որ դրանց առկայությունը պայմանավորված է մեծ պահանջարկ ունենալու հետ: Զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ նարգիլեներով ավելի շատ հետաքրքրվում են մեր համաքաղաքացիները, քան զբոսաշրջիկները, ինչն, անշուշտ, ունի հասկանալի պատճառներ:

Asekose.am-ը կապ հաստատեց նաև բժիշկ-սրտաբան Կարինե Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե, այնուամենայնիվ, ինչ վնասակար ազդեցություն են թողնում նարգիլեները մարդու առողջության վրա կամ արդյո՞ք թողնում են, թե` ոչ: Զրույցի սկզբում բժշկուհին անդրադարձավ նախևառաջ ծխախոտամոլությանը, որը ինչպես ինքն է նշում, շարունակում է մնալ մարդկային չարիքներից մեկը ու պահանջում է շատ լուրջ ուշադրություն: Կարինե Հակոբյանը փաստեց, որ ըստ առողջապահության համաշխարհային կոմիտեի տվյալների՝ 35-65 տարեկան անձանց շրջանում մահացության յուրաքանչյուր 4-րդ դեպքը կապված է ծխախոտամոլության հետ:

«Այն հանդիսանում է թոքերի քաղցկեղի պատճառ, ազդում է կենտրոնական նյարդային համակարգի վրա և 35-65 տարեկան տղամարդկանց և կանանց մոտ հանդիսանում է 24% ուղեղանոթային հիվանդությունների պատճառ: Այն նպաստում է նաև սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների առաջացմանը, մասնավորապես  բերում է  անոթների աթերոսկլերոզի և ի հետևանք՝ սրտամկանի սուր ինֆարկտի և ուղեղի կաթվածի առաջացմանը: Առանձին ուշադրության է արժանի նաև դեռահասների և հղի կանանց ծխախոտամոլությունը,- տեղեկացրեց բժիշկ-սրտաբան Կարինե Հակոբյանը:

Անդրադառնալով նարգիլեի՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցությանը, բժշկուհին հաստատեց, որ թյուր է այն կարծիքը, որ նարգիլեն չի առաջացնում կախվածություն և նվազ բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:

«Նարգիլեն անոթ է ծխելու համար, որը հնարավորություն է տալիս սառեցնել և խոնավեցնել ներշնչվող ծուխը, որը մեկ անգամ լիցքավորելու համար օգտագործվում է մոտավորապես 6.25մլգ նիկոտին, ի տարբերություն ծխախոտի, որը պարունակում է ընդամենը  0.25մլգ նիկոտին, այսինքն՝ նշանակում է, որ այն ավելին է, քան ծխախոտում»,- նշեց բժշկուհին` ավելացնելով, որ նարգիլե ծխելու ընթացքում ծխողի թոքեր են անցնում ոչ միայն նիկոտինը, այլև`մի նյութ, որն ունի մուտագեն ազդեցություն, որը բերում է ԴՆԹ-ի մուտացիաների, որոնք փոխանցվում են ժառանգաբար:

«Նարգիլեն բերում է նաև ողջ օրգանիզմի թթվածնային քաղցի, մասնավորապես՝ ուղեղի, սրտի, լյարդի, երիկամների խանգարումների, սակայն ավելի շատ տուժում են սիրտն ու ուղեղը: Տարբեր  անձանց կողմից նարգիլեի կիրառությունը նպաստում է այնպիսի հիվանդությունների տարածմանը, ինչպիսիք են հեպատիտները, տուբերկուլյոզը, հերպեսը և վիրուսային տարբեր հիվանդություններ»,- մանրամասնեց բժիշկ-սրտաբանը: 

Տիկին Հակոբյանը փաստեց նաև, որ նարգիլե ծխողները վնասում են նաև իրենց շրջապատում գտնվող անձանց, քանի որ վերոնշյալ ազդեցություններին ենթարկվում են նաև պասիվ ծխողները:  

Արդյունքում, նարգիլեները, որոնք բացի նրանից, որ բնորոշ չեն մեր իրականությանը, սակայն լայնորեն կիրառվում են մեր ժամանցի վայրերում, օրգանիզմի վրա կարող են անդառնալի ազդեցություն ունենալ: 

Հ՚.Գ.  Թուրքիայում արգելված է նարգիլե ծխել փակ տարածքներում: 2009թ.  թուրքական իշխանություններն արգելել էին  ծխել  հասարակական վայրերում: 

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին