▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեդի Բոմժ կամ արտագաղթն ինքնասպանություն է. Անահիտ Թոփչյան

 

Տաղանդաշատ հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Թոփչյանը խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ Հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում՝ լինելով թատերական բեմադրիչն ու գեղարվեստական ղեկավարը:

Փարիզում մոտ 8 տարի բնակություն հաստատած դերասանուհին փայլում է նաև գրական ասպարեզում, բազմաթիվ պատմվածքների հեղինակ է, որոնք թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն: 

«Lady S. D. F» պատմվածքների ժողովածուն հանրաճանաչ դերասանուհի Անահիտ Թոփչյանի գրական դեբյուտն է, որը Փարիզում անցկացրած նրա 7-8 տարիների յուրահատուկ ստեղծագործական հանրագումարն է:

Պատմվածքների հիմնական հերոսը տարբեր ժամանակներում տարբեր երկրներից, ուղղակի և փոխաբերական իմաստով  տեղահանված մարդն է ՝տվյալ դեպքում առանց կայուն հասցեի Լեդի Բոմժը, որն ընկած է երկու դաժան աշխարհների միջև: Դա մի առկախ վիճակ է ՝ լեցուն ոչ միայն դրամատիկ ու ողբերգական, ոչ միայն ծիծաղաշարժ ու անհեթեթ իրադրություններով, այլև իր արժանապատվությունը և մարդկային դիմագիծը պահպանելու տևական, հուսահատ, բայց անզիջում պայքարով: Այս գիրքը հայտնվել է գրականագետների և ընթերցասեր հասարակության ուշադրության կենտրում:

Սերգեյ Գալոյանը «Այդ ճիչը սարսռեցնող է... » հոդվածում առանձնացնում է Անահիտ Թոփչյան կնոջ տեսակը. «Անահիտ Թոփչյանն այն կինն է, որը չի թողնում հանգիստ մնալ ոչ մեկին: Բեմի վրա թե բեմից դուրս»: Անդրադառնալով նրա «Lady S.D.F.¦ պատմվածքների ժողովածուին՝ նշում է, որ դրանում ներկայացված հերոսուհիներին շատ հաճախ են շփոթում հեղինակի հետ, մինչդեռ հեղինակը՝ Անահիտ Թոփչյանին զարմանալի է թվում այս փաստը:

«Դերասանը երջանիկ է բեմում, որովհետև ազատագրվում է ինքն իրենից: Նա ազատ է զգալու և խոսելու ինչ ուզում է: Այն, ինչ չէր համարձակվի ասել ու անել իր անունից, ասում և անում է իր հերոսի անունից: Նա երջանիկ է բեմում, քանզի ազատ է. Թեպետ այդ ազատությունն, ավա՜ղ, երևակայական է: Գրողն ինքն իրենից ազատվելու այդ առավելությունը չունի: Գրողը ազատագրվում է, երբ կերպարների անունից է խոսում»,-նշում է հեղինակը:

Ժողովածուում Անահիտ Թոփչյանը ներկայացրել է 20-րդ դարավերջի սարսափելի փախուստների, կործանումների, հիասթափությունների հոսանքներում տարուբերվող կնոջ, մի կնոջ, ով ամեն դեպքում պահում է իր ազնվակիրթ կեցվածքը:

Սերգեյ Գալոյանը գրում է. «Այն ինչ Անահիտ Թոփչյանը արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ոչ իր, ոչ էլ ուրիշներ համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփրյանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է»: Վահրամ Թաթիկյանը, նոր ժողովածուի մասին իր գրախոսականում նշում է, որ այն կարծես «վերադարձ» է, բայց ոչ միայն նոր՝ գրական ասպարեզ. «Վերադարձել է նաև արտիստուհին, իր իսկ դիպուկ, նորահնար բառով դերարարը, սակայն արդեն խաղալու ոչ թե ուրիշների, այլ իր ստեղծած դերերը»:

Վ. Թաթիկյանը Անահիտ Թոփչյանի արձակի առանձնահատկություններից է համարում հեղինակի համարձակությունը, որը դրսևորվում է յուրաքանչյուր պատմվածքում:

Ալիս Հովհաննիսյանը նշում է, որ ժողովածուն նորություն է գրականության մեջ. «Անահիտ Թոփչյանի «Lady S.D.F» ժողովածուն ոչ միայն ջարդուփշուր էր անում ստերեոտիպ պատկերացումը Արևմուտքի մասին, այլև ինքնատիպ գրական հնարքներով կատարելապես համոզում էր այդ աշխարհի հակադիր լինելը»:

«Էմիգրացիան ինքնասպանություն է: Եվ ինչ պատիվների էլ արժանանաս դրսում, միևնույն է, հայացքդ դեպի Հայրենիք է լինելու: Եվ անբավարարության զգացումը երբեք քեզ չի լքի, եթե մարդ ես անշուշտ». ժողովածուի այս խոսքերն ահա բնորոշում  են Անահիտ Թոփչյանի անսահման կարոտը հայրենիքի նկատմամբ: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին