Արամի 42/1 հասցեում գտնվող Jean-Paul Existential Cafe-ում բացառիկ լուսանկարների ցուցադրություն է, որ ներկայացնում է դրվագներ ֆրանսիացի ամենահայտնի էքզիստենցիալիստ Ժան Պոլ Սարտրի ու նրա կյանքի ուղեկցի՝ Սիմոն դը Բովուարի հայաստանյան այցելության երկու օրերից՝ 1963 թվականին:
Լուսանկարները տրամադրել է գրող, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանը, ով այդ տարիներին զբաղվում էր ժուռնալիստիկայով և հոր՝ Հայաստանի Գրողների միության առաջին քարտուղար Էդուարդ Թոփչյանի միջնորդությամբ ուղեկցել է Սարտրին ու նրա կնոջը. ի դեպ՝ Ալեքսանդ Թափչյանը միակ լրագրողն էր, ով արձանագրել է Սարտրի ու Սիմոնա դը Բովուարի հայաստանյան այցելությունը:
Հատկանշականն այն է, որքան էլ որ խորհրդային մտավորականներից շատերը հստակ պատկերացում չունեին Ժան Պոլ Սարտրի մասին (վերջինիս կերպարի` խորհրդային քարոզչության մեջ աղավաղված լինելու պատճառով), ֆրանսիացի նշանավոր գրողը Սիմոնա դը Բովուարի այցելել էր Խորհրդային Միություն: Ուղևորության ընթացքում գրողներն եղել էին նաև Հայաստանում: Նրանց հայաստանյան ճանապարհորդությունը սկսվել էր նախ Սևանից, որտեղ Հայաստանի Գրողների միության առաջին քարտուղար Էդուարդ Թոփչյանի, Գրողների միության կուսկազմակերպության քարտուղար Սերո Խանզադյանի, արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Թոփչյանի հետ վայելել էին իշխան ձուկը, ապա նաև զբոսնել: Ըստ ականատեսների` թե Սարտրը, թե Բովուարը շատ լավ ծանոթ էին հայոց պատմությանը, ինչպես նաև տեղյակ էին, որ հայերն աշխարհում առաջինն են քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել:
Սևանը տեսնելուց և նրա համը բառիս բուն իմաստով զգալուց հետո Ժան Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը եղան նաև Երևանից քիչ հեռու գտնվող Լուսակերտ գյուղում, որտեղ գրող Վախթանգ Անանյանն առանձնատուն էր կառուցել, ինչի առթիվ էլ մեծ ընդունելություն էր կազմակերպել: Հրավիրվածների թվում էին հանրապետության կուսակցության ու կառավարության առաջին դեմքերը, ինչպես նաև մի խումբ հայ գրողներ:
Ուշագրավն այն է, որ ոչ Ժան Պոլ Սարտրի, ոչ էլ Սիմոն դը Բովուարիի ներկայությունը մեծ ոգևորություն չէր առաջացրել հայ գրողների շրջանում, քանի որ խորհրդային մտածողությունից ելնելով` օտարերկրացի հյուրերը որոշակի վտանգ էին ներկայացնում, և նրանց հետ պետք էր խոսել միայն անվտանգ թեմաներից:
Այս ընդունելությանը մասնակցում էր նաև ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը, ով տեսնելով, որ ֆրանսիացի հյուրերին մի փոքր անուշադրությանը են մատնել, կատակելով հորդորել էր հյուրերի հանդեպ ավելի ուշադիր լինել, քան իրենց:
Ի վերջո, ընդունելությունն ավարտվել էր հայկական հյուրասիրությամբ, հյուրերին առաջարկել էին ավանդական խորոված և այլ համեղ ուտեստներ փորձել, իսկ որպես թամադա էլ ընտրվել էր Հրաչյա Քոչարը, ում առանձնատունը նույնպես Լուսակերտում էր գտնվում: Ի դեպ, վերջինս բոլոր ներկա գտնվողների համար հատուկ ընդգծել էր, որ թե Ժան Պոլ Սարտրը, թե Սիմոնա դը Բովուարը համաշխարհային գրականության խոշոր դեմքերից են:
Նշենք, որ Սարտրին և Սիմոն դը Բովուարիին կապում էին ոչ միայն նման գաղափարները, այլև` սերը,սակայն վերջիններս չէին օրինականացրել իրենց հարաբերությունները, ինչը «ապտակ» էին այդ ժամանակվա հասարակական արժեքներին:
Սարտրը մահացել է 1980 թվականի ապրիլի 15-ին Փարիզում՝ թոքերի հիվանդությունից: Նա թաղված է Փարիզի Cimetière de Montparnasse գերեզմանատանը:
Հավելենք նաև, որ եթե 1960-ականներին Ժան Պոլ Սարտրն ամբողջապես հասկացված էր չէր խորհրդային մտածողություն ունեցող մարդկանց համար և ընդունելությունը գուցե հյուրընկալ էր, սակայն ոչ պատշաճ, ապա այսօր` նրա մահից տարիներ անց, Սարտրի կենսագրությամբ և աշխատանքներով Հայաստանում հետաքրքվողները և նրան գնահատողները քիչ չեն:
Ֆրանսիացի էկզիստենցիալիստ, փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, նովելիստ, գրական քննադատ Ժան պոլ Սարտրը ֆրանսիական փիլիսոփայության ու մարքսիզմի առաջավոր դեմքերից մեկն էր: 1964 թվականին արժանացել է Գրականության Նոբելյան մրցականի, սակայն հրաժարվել է դրանից, ասելով, որ այն հավերժ կսահմանափակի իր ազատությունը: Սարտրի հիմնական գաղափարն այն էր, որ մարդիկ դատապարտված են ազատության: