▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանությունները չներեցին ԳարԴաշ Օննիգին

Նյու Յորքի հարավային անտառներում կար-ապրում էր մի նկարիչ։ Ավելի ճիշտ՝ հիմա էլ է այնտեղ ապրում, ինչը նաեւ մե՛զ եմ ցանկանում։

Նրան ասում են՝ ԳարԴաշ Օննիգ, թուրքերեն՝ բարեկամ Օնիկ։

Մի անգամ իր աշխատանքի դիմաց նա չեկ ստացավ մի հայից, որը գրել էր՝ Քարտաշ։ Օննիգը չեկը ետ է ուղարկում. «Ես ԳարԴաշ եմ (բարեկամ), ոչ թե՝ Քարտաշ»։ Օնիկ Ղալափյանն իր «ԳարԴաշ Օննիգ» կեղծանունն ընտրել էր մի անծանոթ թուրքի հիշատակին, որը Ցեղասպանության ժամանակ փրկել էր իր նախնիներին անխուսափելի մահից։

Օննիգը դեռ երեխա էր, որ Լիբանանից Ամերիկա հասավ։ Լուսանկարչի աշխատանք գտավ Նյու Յորքի մի «հեղինակավոր» իտալացի ընտանիքի գիշերային ակումբում։

Երկու տարի անց սեփական գործ սկսեց։

Ամերիկյան իրականության առաջին ցնցումը. «Լիբանանում բոլորը քննադատում ու ծաղրում էին ինձ այն պատճառով, որ սիրում էի երեւակայել։Ամերիկայում իմ երեւակայությունների համար սկսեցին վճարել»։

Բիզնեսը հաջողությամբ առաջ էր ընթանում, բայց... Վրա հասավ պահը, երբ Օննիգը կանգնեց ընտրության առաջ. կամ՝ փող վաստակել, կամ՝ ստեղծագործել։ Չի կարելի միաժամանակ ծառայել ե՛ւ սատանային, ե՛ւ Աստծուն։ ԳարԴաշը կատարեց իր ընտրությունը։ Թուրքիայում Եղեռնից փրկված ամերիկացի նկարիչ Ռաուլ Հայգի հետ (իսկական անունը՝ Հայկ Հայկքելեքյան) ծանոթությունը եւ երկար տարիների բարեկամությունը կանխորոշեցին նրա հետագա ճակատագիրը։

«Ստեղծագործողի համար կա ընդամենը ոգեշնչման չորս աղբյուր։ Դրանք չորս տարրերն են՝ Կրակ, Ջուր, Հող եւ Օդ։ Մնացած ամեն ինչը ոչինչ չարժե, մնացածը երկրորդական է։ Առեւտրական զվարճանքներ են եւ կապկային հնարքներ...»։

Ափսոս, որ Հայաստանում այդպես էլ չհասկացան նրան։

Երբ հարցրի՝ մեկ էլ երբ կգա Հայաստան, նա կարճ կապեց. «Գնացել եմ։ Հաճախակի։ Փորձեցի երեխաների հետ աշխատել, մեծերին արդեն չես փոխի։ Թե ինչով ավարտվեց, չեմ ուզում հիշել։ Հայաստանում չեն ուզում լսել ինձ։ Ինչի համար գնամ, եթե ոչինչ չեմ կարող տալ Նրան»։

Իսկ Հայաստանում ընկերներս ասացին, որ Գարդաշ Օննիգն այստեղ persona non grata է։ Այն երեկո, երբ Քոչարյանի թիկնապահները մարդ սպանեցին, նա «Պոպլավոկ»-ում էր։ Գարդաշ Օննիգը չէր լռել, հարցազրույց էր տվել, գրել էր մամուլում, միջազգային կազմակերպություններին, այդ սպանության մասին պատմել էր իր գրքում։ Իշխանությունները չներեցին նրան։

Իշխանությունները գալիս ու գնում են։

Իսկ մեզ օրերից մի օր վիճակվելու է հայկական մամուլում հերթական անգամ կարդալ հպարտ տեղեկություններ, որ Նկարիչը հայ էր։ Ինչպես միշտ՝ շատ ուշացած, երկար տարիներ անց։

Գերման Ավագյան

72157661457328084

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին