▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով է Բաքու մեկնած «լրագրող» Սյուզան Ջաղինյանը. նա նախկինում դատապարտված է եղել

Armtimes.com-ը գրում է.

Մի քանի օր առաջ Բաքու ժամանած երրորդ հայը՝ իրեն լրագրող ներկայացնող 49-ամյա Սյուզան Ջաղինյանը, նախկինում դատապարտված է եղել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2013 թվականին ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սյուզան Ջաղինյանին ու դատապարտել 40 օր կալանքի, ապա կիրառել է պայմանական դատապարտություն եւ սահմանել 1 տարի փորձաշրջան՝ նրան մեղադրելով ահաբեկչության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: Պատճառը եղել է այն, որ Սյուզան Ջաղինյանը 2012 թվականի սեպտեմբերի 23-ին Հրազդանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության օրը Հրազդան քաղաքի իր բնակարանից, իր օգտագործած բջջային հեռախոսից հաղորդագրություն է ուղարկել «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հեռուստածրագրի կոնտակտային հեռախոսահամարին՝ տալով նախապատրաստվող ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն:

«Պատրաստվում եմ հենց վաղը պայթեցնել 14 հարկանի բնակելի շենք Հրազդան քաղաքում, մանրամասների համար հրավիրում եմ ձեզ ներկա գտնվել, ու ես կհանձնվեմ ձեր հեռուստաընկերությանը»,- հաղորդել էր նա: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 23-ին, ոստիկանության հատուկ մասնագիտացված պահպանության վարչության աշխատակիցները ծառայողական հետախույզ շների մասնակցությամբ նշված շենքում զննություն են կատարել՝ զենք-զինամթերք ու պայթուցիկ նյութեր հայտնաբերելու նպատակով, սակայն նման իրեր չեն հայտնաբերել: Իսկ այդպիսի հաղորդում տալու պատճառը, ըստ Ջաղինյանի, եղել է այն, որ նման եղանակով ցանկացել է բարձրաձայնել իրեն հուզող եւ չլուծված մի շարք խնդիրներ:

Նշվածից բացի, նրա վերաբերյալ 2015 թվականին ուշագրավ պատմություն հրապարակվեց լրատվական կայքերից մեկում: Սյուզան Ջաղինյանը, ինչպես ինքն է նշում հարցազրույցում, հետապնդվում է կառավարության կողմից 1994 թվականից սկսած:

2010 թվականին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ռուբեն Ներսիսյան, վճիռ է կայացվել Սյուզան Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ: Ըստ հարցազրույցի, նա տեղեկացել է այդ մասին միայն 2011 թվականին, երբ ցանկացել է մեկնել այլ երկիր՝ աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Ջաղինյանը նշել է, թե իր անձնագիրը վավեր է 2014 թվականը ներառյալ: «Անհասկանալի է, թե անձնագրային բաժնից միթե չե՞ն կարողացել ճշտել՝ ես ողջ եմ, թե՞ մեռած»: Բացի դա, նա պատմել է, որ իր դեմ կատարվել է նաեւ մահափորձ, կատարող անձին ոստիկանները 1 օր անց բաց են թողել:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ նրա հայրն է դիմել դատարան՝ ողջ դստերը մահացած ճանաչելու վերաբերյալ: Ըստ այդմ՝ նա հայտնել է, որ աղջիկը 2007 թվականից դատարանի վճռով ճանաչվել է անհայտ բացակայող, եւ դրանից հետո նրա մասին որեւէ տեղեկություն չունի: Նույն թվականին Սյուզան Ջաղինյանի հայրը՝ Վոլոդյա Ջաղինյանը, ճանաչվել է Սյուզանի որդու խնամակալ: Թոռանը թոշակավորելու խնդրանքով Վոլոդյա Ջաղինյանը դիմել է տարբեր մարմինների, սակայն ստացել է մերժումներ: Ուստի, դատարան է դիմել, քանի որ թոշակ կարող էր ստանալ միայն աղջկան մահացած ճանաչելու դեպքում: Դատարանը դիմումը բավարարել էր:

Օրերս, երբ Սյուզան Ջաղինյանի անձի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ եւ սոցցանցերի որոշ օգտատերեր հիշեցին, որ նա ժամանակին դատարանի վճռով մահացած է ճանաչվել, ՀՀ ոստիկանության անձնագրային վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրառեց. «Հիմք ընդունելով Վ. Ջաղինյանի կողմից ներկայացրած դատարանի վճիռը՝ Ս. Ջաղինյանին մահացած ճանաչելու վերաբերյալ, վերջինս հանվել է բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից: Ընդ որում, մինչ մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը, գործընթացն անցել է սահմանված ընթացակարգով՝ առկա է եղել նաեւ գործ՝ անհայտ բացակայող ճանաչելու մասով եւ համապատասխան վճիռ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին