▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ջանիբեկյանը Մոսկվայի եկեղեցուն նվիրեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը

2017 թվականի հունվարի 6-ի Սուրբ Ծննդյան պատարագը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմում առանձնացավ հիշարժան իրադարձությամբ: Ազգային բարերար Արթուր Ջանիբեկյանը Մայր տաճարին ընծայաբերեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը, որն առաջին անգամ հավատացյալների երկրպագության համար հանդիսավոր եկեղեցի բերվեց պատարագի ժամանակ:

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցել եմ այսպիսի հնարավորություն, որ հենց ես լինեմ այն մարդը, ում միջոցով մասունքը պիտի փոխանցվեր հայ եկեղեցուն ` ի բարօրություն և ի շահ մեր ժողովրդի և հավատացյալների»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Ջանիբեկյանը:

 

 

 

 

 

 

 

 

Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը Արթուր Ջանիբեկյանը գնել է Փարիզի հեղինակավոր աճուրդներից մեկում, որտեղ ներկայացված են եղել հայկական մշակութային ու եկեղեցական բացառիկ իրեր և նմուշներ:Աճուրդի դրված սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը պատկանել է հայազգի կոլեկցիոներ փարիզաբնակ Գիոմ Արալին, ով 2013 թվականին մասունքը ձեռք է բերել Իտալիայի Նեապոլ քաղաքի հնավաճառությամբ զբաղվող խանութներից մեկում: Մասունքն ունի ուղեկցող փաստաթուղթ:Դրա հավաստիության մասին խոսելիս Գիոմ Արալն ասաց, որ մասնատուփի հետևի մասում կա կնիք, որը Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եպիսկոպոս Սիստո Ռիարիո Սֆորզան է դրել: Նա առաջնորդ է եղել 1845-1877 թվականներին: Այդ կնիքով եպիսկոպոսը հավաստում է, որ մասնատուփում պահվում է ճշմարիտ մասունք:

Բարձր գնահատելով Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությունը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը նշեց, որ շնորհիվ նման հայորդիների ազնվասիրտ ու հոգացավ վերաբերմունքի, հայոց նվիրական սրբությունները հավաքվում են Տիրոջ տան մեջ և այն դարձնում շնորհաշատ, օրհնյալ ու հրաշագործ:

Արթուր Ջանիբեկյանը պատրաստակամություն է հայտնել նաև պատրաստել Աջի տեսքով ոսկե մասունքարան, որտեղ և կտեղադրվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը և կպահվի որպես ազգային նվիրական սրբություն։

Հավատի հոր սրբազան մասունքը նրան նվիրված եկեղեցական տոներին` տարվա մեջ չորս անգամ, դուրս կբերվի հավատացյալների երկրպագության համար:

«Հավատացյալները հնարավորություն կունենան երկրպագելու, մեծ սրբի օրհնությունն ու շնորհը ստանալու, քաջալերվելու, գոտեպնդվելու և լուսավորված հավատքով իրենց կյանքն ապրելու՝ բարի գործերով վկայելով նույն հավատքի ջերմեռանդությունը, ինչպես իրենց Սուրբ Հոր հավատն էր առ Աստված, հայրենին և օրհնյալ մեր ազգը»-մեզ հետ զրույցում ասաց Եզրաս սրբազանը:

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մամլո դիվան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին