▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայա Պողոսյանը՝ իր սրճարանների և խանութի թանկ գների, սրճարանների ոչ մաքուր լինելու մասին և ոչ միայն

«Տվյալ ֆեյսբուքյան օգտատերը ներկայանում է որպես արական սեռի ներկայացուցիչ, իսկ մեր խանութը բացվել է ընդամենը մի քանի օր առաջ,  և ես վստահեցնում եմ, որ մեր խանութ արական սեռի ոչ մի ներկայացուցիչ դեռևս չի մտել, դա նշանակում է, որ մարդիկ, ընդհանրապես տեղյակ չլինելով, նման բաներ են գրում: Մարդիկ կյանքից այնքան չբավարարված են և այնքան չար են, որ անընդհատ փորձում են չարախոսել, բացասական բաներ գրել  մի բանի մասին, որից իրենք տեղյակ չեն»,-Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց El ամսագրի գլխավոր խմբագիր և տնօրեն Մայա Պողոսյանը՝ անդրադառնալով այն գրառմանը, որի հեղինակը խորհուրդ էր տալիս մարդկանց չայցելել Մայա Պողոսյանին պատկանող սրճարաններ և խանութ, քանի որ այնտեղ «այրապորտային» գներ են, սրճարաններում սնունդը համեղ չէ, իսկ խանութի գները շատ թանկ են, թեև ոչնչով չեն տարբերվում սովորական խանութներից:

Մայայի խոսքով՝ իրենց խանութում շեշտը դրված է առաջին հերթին հայկական արտադրանքի և դրա բարձր որակի վրա:

«Մենք աշխատում ենք մոտ 20 դիզայների հետ և ունենք շատ լայն տեսականի ոճային առումով՝ առօրյա զգեստներից, վերնաշապիկներից մինչև երեկոյան զգեստներ: Բնականաբար, գներն էլ տատանվում են՝ կախված դիզայներից, կախված այն նյութերից, որոնք օգտագործվել են, կախված հագուստի տեսակից, բնականաբար, սովորական վերնաշապիկն ու երեկոյան զգեստը չեն կարող նույն գնային սահմաններում լինել: Մեր այս նախագծի կոնցեպտն այն է, որ խանութում գները լինեն հասանելի մեր հայրենակիցների համար: Նույն հայերը, ովքեր որ գնում են թուրքական կրկնօրինակներ, մի փոքր ավելի հայրենասեր կարող են լինել  և գնել հայկական արտադրանք: Մեր նպատակն է ստեղծել հայկական որակյալ արտադրանք, բացել նոր աշխատատեղեր, այնպես անել, որ հայի արած աշխատանքը գնահատվի: Ինչու ՞ մարդիկ գնան թուրքական խանութներից գնեն ոչ հայկական արտադրանք, եթե կարող են գնել այստեղից հայ դիզայների կողմից կարված հագուստներ, որոնցից յուրաքանչյուրն ընդամենը մեկ նմուշ ունի»,- պատմեց Մայան:

Անդրադառնալով սրճարանների բարձր գներին՝ մեր զրուցակիցը փաստեց, որ դրանք ոչնչով չեն տարբերվում նմանանատիպ այլ սրճարանների գներից:

«Մենք  տարբեր սրճարաններ ունենք. եթե խոսքը գնում է El SKY-ի բացօթյա հատվածի մասին, ես չէի ասի, որ այնտեղ գներն անհասանելի են: Ամեն դեպքում, այստեղ այցելում են հիմնականում զբոսաշրջիկները կամ այն երիտասարդները, ովքեր երեկոյան գնում են ինչ-որ տեղ պարզապես նստելու, կոկտեյլ խմելու, լավ ժամանակ անցկացնելու: Եթե նրանք  նմանատիպ այլ սրճարան էլ գնան, հաստատ նույն գումարն է լինելու: Այն  մարդը, ով հացի խնդիր ունի, երեկոյան դուրս չի գալիս իր ընկերների հետ  պարելու, ուրախանալու, մի բաժակ բան խմելու:Իսկ ինչ վերաբերում է El Garden-ին, ասեմ, որ լուրեր էին տարածվել, որ այնտեղ մուտքավճար կա: Պետք է նշեմ, որ նման բան գոյություն չունի: Մենք բազմիցս հերքել ենք այդ լուրերը, իսկ գներն այնտեղ այնքան են, որքան մնացած սրճարաններում»:

Մայան զրույցի ընթացքում անդրադարձավ նաև այն լուրերին, ըստ որոնց՝ սրճարաններում մաքրությունը պատշաճ մակարդակի չէ:

«Մեզ մոտ մասշտաբները շատ մեծ են, աշխատում են մեծ քանակությամբ մատուցողներ, մենեջերներ, հավաքարարներ, մենք անձամբ ենք վերահսկում այդ ամենը, և մեծ ուշադրություն ենք դարձնում թե´ մաքրությանը, թե´սպասարկմանը, թե´ որակին: Այս չափի մեծ սրճարան և այն էլ բնության գրկում Երևանում գոյություն չունի: Ասեմ, որ El Garden-ից օգտվում է մեր ամբողջ ընտանիքը, իմ երեխան է յուրաքանչյոր օր ուտում El Garden-ի պատրաստած ուտելիքները: Բնականաբար, մենք մեր երեխայի նկատմաբ շատ ուշադիր ենք և նույն սրտացավությամբ ենք մոտենում նաև մեր հաճախորդներին: Ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ հայտարարում եմ, որ մեզ մոտ ամեն ինչ շատ որակյալ է և մաքուր: Դա առաջին հերթին մեր անվան հարցն է, իսկ մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Մարդիկ պարզապես սիրում են չարախոսել, և դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր երբևիցե մեզ մոտ չեն եղել»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց Մայա Պողոսյանը:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին