▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցանկությունս է, որ մեզանից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի «երևանցի» կոչումը. Հովհաննես Վարդանյան

«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ Asekose.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ: 

Արված աշխատանքների ու առաջիկա ծրագրերի շուրջ՝ մեր առաջին  զրուցակիցը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանն է: 

Ցանկությունս է, որ մեզանից յուրաքանչյուրն արժանապատվորեն կրի «երևանցի» կոչումը և ներդաշնակցությամբ ու սիրով լցվի Երևանի հանդեպ. Հովհաննես Վարդանյան 

 

Ի՞նչ ձեռքբերումներ ունի Արաբկիր վարչական շրջանը 2017թ. ընթացքում 

 

 Արաբկիր վարչական շրջանը 2017թ-ին ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ: Փորձել ենք ի սկզբանե կազմակերպել մեր աշխատանքն այնպես, որ կարճ ժամանակահատվածում ունենանք նկատելի արդյունքներ և ժամանակին իրականացնենք բոլոր նախանշած ու վարչական շրջանին վերաբերող տարեկան ծրագրերը:

Այս տարվա արված գործերից խոսելիս, արժե հիշատակել Վ. Դավթյանի անվան  զբոսայգու բարեկարգումն ու Հյուսիսիային ճառագայթի հետ կապող  գետնանցման հիմնովին վերանորոգումը, Արամ Խաչատրյան 33 բակում տեղադրված խաչքարը՝ նվիրված Անկախության պայքարի նվիրյալ Վարդան Պապիկյանի հիշատակին, որի բացումը կիրականացվի շուտով:

Ամենօրյա աշխատանքներ են տարվում վարչական շրջանը բարելավելու և բնակիչների հարմարավետության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ գրեթե բոլոր ոլորտներում:

 

Ծրագրերից խոսելիս, կցանկանամ նշել մեկը, որն իրականացվում է մասնավորի հետ համագործակցաբար: Խոսքը «Արաբկիր» զբոսայգու, ժողովրդի լեզվով ասված «Մալականի» , այս պահին իրականացվող ներդրումային ծրագրի մասին է, որի արդյունքում Արաբկիրում կունենանք թռչող գիծ /զիփլայն/ ասվածը: Զիփլայնը կապելու է Արաբկիր վարչական շրջանը Աջափնյակի հետ՝ անցնելով Դավթաշենի կամրջի տակով:
Վստահ ենք, որ այս ծրագրի իրականացման արդյունքում կնպաստենք մայրաքաղաքում տուրիզմի զարգացմանը, կստեղծենք նոր զբոսաշրջային ենթակառուցվածք, որի արդյունքում վարչական շրջանի կյանքն էլ ավելի կաշխուժանա:

 

Ո՞ւմ հետ է համագործակցել Արաբկիր վարչական շրջանը 2017թ. միջազգային կապերի ոլորտում

 

Ինձ համար կարևոր է պահպանել վարչական շրջանի արդեն իսկ ունեցած արտաքին կապերը  և գտնել նոր փոխշահավետ համագործակցության եզրեր, որոնք էլ ավելի կխթանեն և կխրախուսեն մշակույթիսպորտի և կրթության բնագավառները:

Ինչպես գիտեք Արաբկիր վարչական շրջանն համագործակցում է Պլեսի Ռոբինսոնի հետ, և 2017թ. մեր պատվիրակությունը հերթական անգամ այցելեց ֆրանսիական այդ քաղաք: Այցի ընթացքում քաղաքապետ Ֆիլիպ Պեմեզեկի հետ քննարկեցինք բազմաթիվ մշակութային և կրթական հարցեր, գտանք համագործակցության ընդհանուր եզրեր, որոնց արդյունքները առաջիկայում կնկատվեն:

Տարվա ընթացքում այցելել ենք նաև Արաբկիր վարչական շրջանի մյուս գործընկեր Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանը: Քննարկել ենք այն ծրագրերը, որոնք կարող են խթանել երկու վարչական շրջաններում առկա մշակութային օջախների երկստեք ծրագրերի իրականացմանը:

Տարվա ընթացքում սերտորեն համագործակցել են նաև Արաբկիրի գործընկերներ Լոռու մարզի և Արցախի Մարտունու շրջանի հետ:
Մեր բոլոր գործընկերներին առաջիկայում սիրով սպասում ենք «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների շրջանակում:

 

 

Ի՞նչ կմաղթեք Երևանին  ծննդյան 2799-րդ տարեդարձին ընդառաջ:

 

Երևանը համայն հայության մայրաքաղաքն է: Ցանկությունս է, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի Երևանի արժեքը և իր գիտելիքներով կարողանա նոր շունչ հաղորդել մայրաքաղաքին, իսկ ամենակարևորը՝ արժանապատվորեն կրի «երևանցի» կոչումը և ներդաշնակցությամբ ու սիրով լցվի Երևանի հանդեպ:

 Տոնդ շնորհավոր, մեր սիրո քաղաք Երևան ջան, ապրենք և ապրեցնենք:

Կարդացեք նաև՝ Երևանի տոնի կարգախոսին համահունչ՝ կմաղթեմ, որ քաղաքում թևածի սերը՝ ջերմացնելով մարդկանց սրտերը. Արա Սադոյան

Սիրառատ ու արևոտ օրեր եմ մաղթում մեր սիրելի մայրաքաղաք Երևանին. Արթուր Ստեփանյան

Մաղթանքս է, որ երևանցին իր քաղաքում իրեն միշտ երջանիկ և ուրախ զգա. Դավիթ Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին