▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես հայ փոքրիկը Թուրքիայում երկու անգամ ճանաչվեց լավագույնը

Սեպտեմբերի 24-ից մինչև  հոկտեմբերի 4-ը Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացվող «Արքայադուստր և արքայազն աշխարհ» մրցույթում Արարատի մարզի 7-ամյա բնակչուհի Վանեսա Հովակիմյանն արժանացել է հատուկ մրցանակների: Asekose.am-ի հետ զրույցում փոքրիկ Վանեսայի մայրը` Նազենի Թադևոսյանը, նշեց, որ նախորդ տարի դուստրը դարձել էր տվյալ մրցույթի հաղթողը, իսկ այս տարի մեկնել էր մրցույթին արդեն որպես հատուկ հյուր, սակայն այնտեղ նրան անակնկալներ են սպասվել:

«Այս տարի Վանեսային՝ որպես նախորդ տարվա հաղթողի, հրավիրել էին հաղթողին թագադրելու, սակայն անակնկալ կերպով նա արժանացավ «Լիգայի պատվավոր անդամ» կոչմանը, որը հանձնում են միայն տարին մեկ անգամ, տվյալ դեպքում 37 երեխաներից միայն Վանեսան արժանացավ դրան, ինչպես նաև արժանացավ «Փոքրիկ թոփ մոդել Տիեզերք» տիտղոսին: Այս ամենը, իհարկե, անակնկալ էր մեզ համար»,- նշեց Վանեսա Հովակիմյանի մայրը` Նազենի Թադևոսյանը:

Նազենիի խոսքով` այս մրցույթում հաղթելուց և նման տիտղոսների արժանանալուց հետո Վանեսան այլ միջազգային մրցույթներում մասնակցելու հրավերներ ունի, սակայն դրանց մասնակցության մասին խոսելը դեռ վաղ է: Նշենք, որ դրանցից մեկը տեղի է ունենալու 2018 թվականին՝ Բրազիլիայում, սակայն մասնակցության վերաբերյալ դեռևս հստակություն չկա:

Անդրադառնալով մրցույթին` Նազենին նշեց, որ Թուրքիայում մրցութային օրերի ընթացքում երեխաները դեֆիլեի, պարի, բեմական կեցվածքի փորձեր են անցկացրել, իսկ արդեն բուն մրցույթին ներկայացել են նախ ազգային տարազով, ապա ռիթմիկ պարով, իսկ վերջում արդեն երեկոյան պար են ներկայացրել` վալս:  Երեխաների շրջանում անցկացվող այս մրցույթում արգելվում է կոսմետիկ պարագաների օգտագործումը և լողազգեստով հանդես գալը:

Դիտարկմանը, որ մանկական գեղեցկության մրցույթների նկատմամբ կա կարծրատիպային մոտեցում, քանի որ շատերի կարծիքով՝ դրանք, առհասարակ, գոյություն չպետք է ունենան, Նազենին պատասխանեց հետևյալ ձևով.

«Համամիտ եմ, սակայն այս մրցույթը բավական հետաքրքիր ձևով է անցկացվում, ինչպես նաև բոլոր մասնակիցները թագադրվում են: Իհարկե, հաղթողներ լինում են, սակայն, երբ երեխաները որևէ տիտղոսի են արժանանում, նրանց համար արդեն կարևոր չէ, թե ով որ տեղն է զբաղեցնում: Ամեն ինչ, կարծես, տոնի է վերածվում, ընկերական մթնոլորտ է, ինչի շնորհիվ էլ կապ ենք պահպանում դեռ նախորդ մրցույթի մասնակիցների հետ, ինչը տալիս է նոր շրջապատ, նոր հորիզոններ և նոր մշակույթի հետ առնչվելու հնարավորություն»:

Հավելենք, որ նախքան «Արքայադուստր և արքայազն աշխարհ» մրցույթին մեկնելը, Վանեսան այստեղ արդեն ուներ տիտղոսներ, ճանաչվել էր «Միսս Արարատ», իսկ Աշոտ Խաչատրյանի կազմակերպած «Գեղեցկության և նորաձևության» մանկական միջազգային մրցույթում էլ հաղթող ճանաչվելով` ստացել էր իրավունք մասնակցելու արդեն «Արքայադուստր և արքայազն աշխարհ» մրցույթին: 

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին