▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սեղմում էիր պոռնո կայքը, հայտնվում էր հայկական լրատվական կայքի պատուհան»․ բացահայտումներ Սամվել Մարտիրոսյանի հետ

Ինչու՞ են հայերը odnoklassniki-ին նախընտրում Facebook-ից, ովքե՞ր են այսօր Հայստանում զբաղվում համացանցային գովազդով։ Ինչու՞ են լրատվական կայքերը դիմում 18+ կայքերի «օգնությանը» իրենց դիտումներ արհեստականորեն ուռճացնելու համար։ Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ զրուցեցինք տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

 

 

Հայկական digital-ի մասին համացանցում շատ քիչ տեղեկություններ կան, ինչ էլ, գտնում ենք՝ հիմնականում կապված է Ձեր անվան հետ։ Որպես հայկական ՏՏ ոլորտի բազմամյա փորձ ունեցող մասնագետ ինչպե՞ս կգնահատեք այսօրվա հայկական վիրտուալ տիրույթի զարգացման միտումները։ Եթե համեմատեք մեր հարևան պետությունների հետ, ի՞նչ առանձնահատկություններ կնշեք։

Եթե Հայաստանյան ցանցի հիմնական միտումներից խոսենք, ապա կարևոր մի փոփոխություն է գնում՝ աճում է էլեկտրոնային կոմերցիան։ Մյուսը, ինչը մեզ տարբերում է մեր հարևաններից, դա facebook-ի դոմինանտությունն է, այսինքն՝ facebook-ը հանդիսանում է ամենահիմնական հարթակը, որի միջոցով ելք է կատարվում դեպի այլ հարթակներ: Կարճ ասած՝ եթե մարդը նորություններ է ուզում կարդալ, չի մտնում լրատվական կայքեր, այլ հենց facebook-ից է կարդում։ Այս տեսանկյունից մենք  բավականին տարբերվում ենք ոչ միայն մեր հարևաններից, այլև ընդհանուր աշխարհից։ Չնայած ողջ աշխարհում կա այդ միտումը, որ facebook-ը դառնում է հիմնական հարթակը, որտեղից մարդիկ այլ կայքեր են գնում, բայց Հայաստանում դա գերչափազանված և գերուռճացված է, այսինքն՝ այլ հարթակներ պարզապես գոյություն չունեն։

Չնայած, որ ֆեյսբուքը լրատվական տանող հիմնական կայքն է, դոմինանտ սոցիալական ցանց հանդիասանում է odnoklassniki.ru-ն, որով մենք ոչ միայն տարբերվում ենք մեր հարևաններից, այլև ամբողջ աշխարհից։ Հայաստանից ok.ru մուտք գործողների թիվը հասնում է 1,2-1,3 միլիոնի` ամսական կտրվածքով, և այդ առումով՝ odnoklassniki-ն մնում է ամենաայցելվող սոցիալական ցանցը։ Աշխարհում գրեթե ամենուր facebook-ն է այդպիսին, մենք շատ փոքր բացառությունների մեջ ենք մտնում, եթե հաշվի չառնենք այն երկրները, որտեղ facebook-ն արգելափակված է, այդպիսի երկրներ շատ քիչ կլինեն։

Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ok.ru սոցցանցից օգտվողների թիվը մոտ երեք անգամ գերազանցում է Facebook-ի օգտատերերին, չնայած, որ մեր հարևան պետություններում բոլորովին այլ պատկեր է։

Իրականում տարբերությունը ոչ թե երեք անգամ է, այլ մոտ մեկ ու կես, և ավելացնեմ, որ գնալով նվազում է, իր դիրքերը կորցնում է։ Ուրիշ հարց է facebook-ը, որը դադարել է արագ աճել և նկատվում է օգտատերերի արտագաղթ facebook-ից դեպի instagram, որը բավականին ստաբիլ աճում է, իր այցելությունների քանակով հասել է facebook-ի կեսին։ Բայց իսկապես odnoklassniki-ն մնում է առաջինը, և այդ ֆենոմենը հասկանալու համար պետք է մի քանի բան հաշվի առնել։

Առաջինը այն,  որ OK-ն Հայաստան եկավ  ավելի շուտ քան facebook-ը, երկրորդը՝ odnoklassniki-ն ավելի պարզ ինտերֆեյս ունի։ Նաև պետք է հիշենք, որ odnoklassniki-ն մնում է լուրջ կապի միջոց Հայաստանի և Ռուսաստանի հայերի միջև։ Ու բացի այս ամենից odnoklassniki-ն աշխատում է հին հեռախոսների վրա, դրա համար բազմաթիվ մարդիկ, որոնք չունեն համակարգիչ և սմարթֆոն, ունենում են հնարավորություն odnoklassniki-ից օգտվելու։

Եվ ամենակարևորը, odnoklassniki-ն թույլ է տալիս իրեն օգտագործել ոչ միայն որպես սոցիալական ցանց, այլև որպես «դեյթինգ» կայք, այսինքն՝ ծանոթությունների, հայերեն ասած՝ աղջիկ կամ տղա կապելու համար։ Այնտեղ շատ լավ որոնողական համակարգ կա։ Այս առումով facebook-ը պետք է շատ հաց ու պանիր ուտի նմանվելու համար ok-ին։

 

Կխնդրեմ մի փոքր խոսել համացանցային գովազդի մասին, ի՞նչ գովազդի տեսակներից են հիմնականում օգտվում հայկական ընկերությունները։

Հայաստանում ցանցային գովազդը բավականին թույլ զարգացած ոլորտ է։ Միայն վերջին մեկ-երկու տարին է սկսել թափ առնել և դառնալ բազամազան։ Վերջին երեք-չորս տարում բաններային գովազդներն էին ակտուալ,  կարծում եմ՝ ընտրությունները խթանեցին facebook-յան գովազդի զարգացմանը, այլ ոչ թե բիզնեսները։ Հիմա բազմազանությունը շատ է այն առումով, որ օգտագործվում են ավելի լայն գովազդային ցանցեր, օգտագործվում է Google Ads-ը, վերջերս էլ հայերը հայտնվել են Viber-ում։ Եվ էլի մի նորություն մեզ համար (աշխարհի համար շուտվա հնություն)՝ օգտագործում են բլոգերներին և սոց․ցանցերի ակտիվիստներին, իրենց հետ առանձին պայմանագրեր են կնքում և գովազդ տեղադրում։ Շատ դեպքերում չերևացող գովազդ։ Այդ շուկան Հայաստանում նոր է զարգանում, իսկ աշխարհում շուտվանից մեծ շուկա է. գործում են տարբեր ընկերություներ, որոնք միջնորդ են հանդիսանում։ Իսկ մեզ մոտ դեռ պարտիզանական վիճակում է գտնվում։

 

 Ըստ Alexa.com-ի վեբ-պորտալի ընձեռած հնարավորությունների ցանկացած ոք կարող է տեսնել Հայաստանից դուրս եկող տրաֆիկի իրական պատկերը։ Առաջին տասը հորիզոնականներում, բացի ավանդական List.am-ից, ոչ մի հայկական կայք չկա։ Ի՞նչն է պատճառը, որ հայկական թոփ կայքերը համեմատած ասենք՝ YouTube-ի, Google-ի, Mail.ru-ի չունեն նման այցելություններ։

 

Իմիջիայլոց, Alexa-ին ես այդքան չէի վստահի, ավելի շատ հաշվի կառնեի Similarweb-ին, բայց ինչևէ, վիճակը հիմնականում նույնն է և ցույց է տալիս , որ Հայաստանում իսկապես գոյություն ունի այդ խնդիրը: Տեղական կայքերը շատ քիչ դեր ունեն, ինչի շնորհիվ տեղական շատ քիչ պրոյեկտներ են կարողանում դիմանալ. ստեղծվում ու կորում են։ List.am-ը այն եզակի դեպքերից է, որը տարիների ընթացքում ոչ միայն դիմացել, այլև աճել է։ Եթե վերցնենք հիմնականում տեղական արտադրության կայքերը, մնում են միայն լրատվականները։

Մյուսը՝ սերիալները, TV-ի տարբեր նյութերն են, որոնք տեղադրվում են մեկ ագրեգացնող պորտալի վրա։ Հիմա էլ բեթինգն է դառնում առաձնին շուկա և բավականին արագ աճում է։ Մարդիկ դարձել են այս ոլորտի մեծ սիրահար, կազինոները հանեցին քաղաքից և բերեցին ինտերնետ։

 

Ովքե՞ր են այսօր Հայաստանում զբաղվում ինտերնետ գովազդով և ի՞նչ որակի ծառայություններ են մատուցում։

Լեգալ դաշտում ինտերնետ գովազդով զբաղվող կան մի քանի կազմակերպություններ, որոնք ծառայություններ են տրամադրում փաթեթներով, տեղադրում են բաներներ տարբեր կայքերում և սոց․ցանցերում։ Բայց բացի այս գոյություն ունի այսպես կոչված «վայրի շուկա», որտեղ տարբեր մարդիկ առաջարկում են իրենց ծառայությունները , հիմնակում facebook գովազդ։ Այս շուկան ամենամեծերից մեկն է, և դժվար է ասել, թե քանի հոգի են զբաղվում այդ մասով։ Կարելի է ասել միայն, որ շատ տարբեր որակի մասնագետներ կան, հաճախ նույնիսկ մասնագետներ չեն, դրա համար էլ հաճախ գովազդները լինում են շատ յուրահատուկ։

Օրինակ՝ վերջին ընտրությունների ժամանակ կարելի էր տեսնել հինալի օրինակներ տրանսցենդենտալ և փսիխոդելիկ գովազդների, որոնք բացահայտ ստացվում էին հենց այդպես, քանի որ դրանցով զբաղվում էին մարդիկ, որոնք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչով են զբաղվում։ Իրականում մեր շուկան շատ ցրված է, պատճառներից մեկն էլ այն է, որ  facebook-ը  թույլ է տալիս անմիջական գովազդ տեղադրել առանց որևէ պայմանագրի ու  թղթաբանության։

Ըստ տարածված տեղեկությունների որոշ հայկական լրատվական-ժամանացային կայքեր իրենց ամսական այցելությունների թիվը ուռճացնելու համար դիմում են տարատեսակ «Traffic factory»-երի ծառայություններից, այսինքն՝ դիտումներ են գնում։ Ձեր պրակտիկայում երբևէ հանդիպե՞լ եք նման երևույթների։

Թրաֆիկ գնելը շուտվա սովորություն է։ Երբ circle.am գոյություն ուներ շատ գովազդատուներ միայն circle-ով էին նայում և որոշում գովազդ դնեն թե չէ։ Բազմաթիվ կայքեր խարդախ ձևով փորձում էին տրաֆիկ գնել, բայց circle.am-ի համակարգը բռնացնում և դուրս էր հանում։ Իսկ հիմա բնականաբար ոչ մի հետևող էլ չկա, ինչ տիպի տրաֆիկ ասես, որ չեն առնում։ Ես հիշում եմ դեպք պոռնո կայքերի հետ կապված։ Մի հայկական պոռնո կայք կա, որտեղ բացում էիր մի էջը հետևից պատուհանով բացվում էր լրատվական կայք։

 Այնպես որ, տրաֆիկ առնելը Հայաստանում հին ավանդույթներ ունի ու հիմա էլ է շարունակվում։ Մինչև որ գովազդատուները չկարողանան լավ աշխատել Google Analytics-ի հետ և հասկանալ որքանով է ռեալ տրաֆիկը և ինչ որակի,  բնականաբան վիճակը լինելու է այսպես։ Նաև հաշվի առնենք, որ Հայաստանում այս պահին չկա կազամկերպություն, որը չափումներ է անում ինտերնետ տրաֆիկի, այսինքն՝ օբյեկտիվ գնահատական տվող գոյություն չունի, ինչը  ստեղծում է հնարավորություն չարաշահումների համար։ Ես հիշում եմ մի բան, որ կար մի լրատվական կայք, որտեղ գրված էր քանի հոգի է հասցրել կարդալ նոյւթը, ամեն refresh-ից հետո 50-60 հոգի ավելանում էին, այսինքն՝ թիվ էին նկարում։

 

Աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես ԱՊՀ պետություններում մեծ թափով զարգանում է վիդեո-գովազդն՝ իր  տարատեսակ դրևորումներով։ Ի՞նչ եք կարծում, հայկական շուկայում պահանջարկ կա վիդեո-գովազդի։

Հայկական շուկայում վիդեո-գովազդ արդեն կա, այնպես չի որ գոյություն չունի։ Բարդ է ասել, մի քիչ մատից հոտ քաշելով կստացվի կարծիք կազմելը, արդյո՞ք պետք է այդ տիպի գովազդ թե չէ, բայց ինձ թվում է, որ ոչ թե հենց տեսանյութային գովազդը մեր մոտ կսկսի զարգանալ, այլ երբ կսկսեն «յութուբերների» ու բլոգերների շուկան զարգանալ, իսկ դա արդեն սկսվել է, այդտեղ պետք է մտնեն գովազդատուները և տեղադրեն իրենց գովաազդը տարբեր ձևերով։

 

Զրուցեց՝ Հովհաննես Եսայանը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին