Դեկտեմբերի 1-ից Արամի 42/1 հասցեում գործող Ժան Պոլ սրճարանն այսուհետև ներկայանալու է նոր ձևաչափով: Այս մասին Asekose.am-ին հայտնեց Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավետյանը: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ Ժան Պոլ-ն, ֆրանսիական ընկերության հետ համագործակցելով, առավել մասնագիտանալու է գինիների մեջ և այդ ամենն արվելու իր հիմնած «Ավետյան» ընկերության հետ համատեղ:
««Ավետյան» ընկերությունը Ժան Պոլ-ում ներկայացնելու է ֆրանսիական գինիներ, որոնց մեծ մասը Հայաստանում առաջին անգամ է լինելու: Ժան Պոլ-ում արդեն իսկ կան գինիներ, որոնք միայն այնտեղ կարելի է համտեսել: Նշեմ, որ բացման արարողությանը ողջույնի խոսքով տեսանյութով հանդես է գալու Ֆրանսիայի լավագույն գինեգործներից մեկը` Վինսենթ Լարոպպեն: Բացի դրանից, դեկտեմբերի 1-ին կայանալիք միջոցառմանը հրավիրել ենք Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին, ինչպես նաև մամուլի, այլ բնագավառների ներկայացուցիչների...»:
Արթուր Ավետյանի խոսքով` Ժան Պոլ-ը հավակնում է դառնալ Երևանի լավագույն գինետներից մեկը, որը ֆրանսիական ուղղվածություն է ունենալու: Միաժամանակ, Ժան Պոլը շարունակելու է մնալ նաև արվեստի յուրօրինակ կենտրոն:
«Ժան Պոլը հավատարիմ է մնալու իր ավանդույթներին, սակայն փորձելու է ավելի ընդլայնել դրանք: Որպես արվեստի կենտրոն` չի բացառվում, որ հետագայում հնարավոր է սրճարանի համագործակցությունը ֆրանսիացի արվեստագետների հետ»:
Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահ Արթուր Ավետյանն անդրադարձավ նաև «Ավետյան» ընկերությանը:
««Ավետյան» ընկերությունն արդեն երեք տարի է, ինչ հիմնադրել եմ: Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական համայնքի նախագահը լինելուց բացի` Ֆրանսիայի գինեգործների միության անդամ եմ: Նշեմ, որ ««Ավետյան» ընկերությունը ֆրանսիական խմիչքների ներկայացուցիչն է Հայաստանում և Ռուսաստանում: Նպատակ ունենք ընդլայնելու մեր գործունեությունը, այդ թվում` նաև ԱՄՆ-ում: Մեր ընկերությունը զբաղվում է նաև հայկական գինին ֆրանսիական շուկա ներմուծելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ արդեն բավական աշխատանքներ են արվել: Չենք ցանկանում այդքանով սահմանափակվել, շուտով ֆրանսիական շուկայում ներկայացնելու ենք նաև հայկական պահածոն»:
Խոսելով հայկական գինիների` Ֆրանսիայում գրանցած հաջողության մասին, Արթուր Ավետյանը նշեց հետևյալը.
«Պետք է փաստել, որ կազմակերպել էինք հատուկ օրեր, որոնց ժամանակ ֆրանսիացի դեգուստատորները փորձել էին հայկական գինին և բավական մեծ հավանության են արժանացրել այն: Բացի դրանից` կան գինու մասնագիտացված խանութներ, որոնք ցանկանում են աշխատել մեզ հետ»: