▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է զգան, որ իրենց կարևորում են. կայացել է «Երգող Սյունիք» երգչախմբային ամենամյա փառատոնը

«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա» ՀԿ-ն Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել է «Երգող Սյունիք» երգչախմբային ամենամյա փառատոնը, որի մեկնարկը տրվել է մայիսի 17-ին Կապան քաղաքում, ապա մայիսի 19-ին շարունակություն  է ունեցել նաև Գորիսում: Ընդհանուր առմամբ` փառատոնը տևելու է մայիսին 17-19, երգչախմբային փառատոնը նվիրված է Առաջին Հանրապետության 100-ամյակին:

«Հայ Երգչախմբային Դիրիժորների Ասոցիացիա»-ի նախագահ Քրիստինե Շերոյանը Asekose.am-ին ասաց, որ իրենք 2013-ից սկսած մինչ օրս շատ աշխատանքներ են իրականացրել, իսկ վերջին  տարիներին շատ աշխատանքներ կենտրոնացրել են հենց Սյունիքի մարզում.

«Այս մարզում շատ խմբավարներ ունենք, ովքեր բավական ակտիվ են: Շատ լավ դպրոցներ կան`շնորհալի ուսուցիչներով և երեխաներով: Արդեն մի քանի տարի է, ինչ փոխադարձ աշխատանքային կապ կա Սյունիքի մարզի հետ, վարպետության դասեր են անցկացնում, փորձի փոխանակում: Առաջին անգամ նման փառատոնի անցկացումն էլ ավելի շատ նրանց նախաձեռնությունն էր, մենք առաջարկել էինք ծրագրեր, նրանք էլ փոխարենն ասացին անվանական նման փառատոն ստեղծելու գաղափարի մասին, որն էլ հետագայում շարունակական կլինի: Գաղափարը շատ լավ ընդունվեց նաև մարզպետարանի կողմից»,- նշեց Քրիստինե Շերոյանը:

Քրիստինե Շերոյանի խոսքով` «Երգող Սյունիք» երգչախմբային փառատոնի գլխավոր նպատակն է նպաստել մարզի ինչպես երգչախմբային արվեստի, այնպես՝ էլ կրթական ու մշակութային ծրագրերի առաջխաղացմանը՝ ստեղծելով համապատասխան հարթակ ՀՀ մարզերի երգչախմբերի և խմբավարների կատարելագործման համար, քաջալերելով երիտասարդ և ակտիվ խմբավարներին ու երգչախմբերին:

Նշենք, որ կազմակերպիչները վստահ են, որ տարածաշրջանում լինելով եզակի երգչախմբային իրադարձություն` «Երգող Սյունիք» մարզային երգչախմբային փառատոնը ևս միջոց է ՀՀ տարբեր մարզերում իրականացվող մասշտաբային և յուրօրինակ ծրագրերի միջոցով սևեռելու զբոսաշրջության ոլորտի ուշադրությունը: 

Հավելենք, որ մեկնարկը տրվել էր Կապանի արվեստի դպրոցում, իսկ մայիս 19-ին շարունակվել էր Գորիսի Շ. Ազնավուրի անվան երաժշտական դպրոցում:

Քրիստինե Շերոյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ իրենց նպատակներից մեկն այն է, որ երգչախմբային արվեստով զբաղվողները զգան, որ իրենք մշտապես ուշադրության կենտրոնում են.

«Մենք ցանկանում  ենք, որ խմբերը, պատանիներն այս արվեստը շարունակելու մեծ հեռանկար տեսնեն, զգան արվեստում լինելու կարևորությունը, ինչպես նաև այն, որ իրենք կարևորում են ոչ միայն իրենց հարազատ դպրոցը և քաղաքը, այլև  ամբողջ երկիրը, ինչն էլ նրանց կոգևորի»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին