▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Վրույր Փենեսյանին հաջողվեց Մոնակոյի արքեպիսկոպոսին հայկական գորգ-խաչքար նվիրել

2018թ.-ի սեպտեմբերի 2-ին և 3-ին Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի են ունենալու Հայաստանի օրերը: Այս մասին Asekose.am-ին ասաց Վրույր Փենեսյանը՝ նշելով, որ այդ օրերի ընթացքում  մասշտաբային միջոցառումներ են նախատեսվում:

«Սեպտեմբերի 2-ին «Opéra de Monte-Carlo, Salle Garnier» համերգասրահում տեղի է ունենանալու բարեգործական համերգ համաշխարհային օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Նարե Արղամանյանի մասնակցությամբ: Բարեգործական համերգը միտում ունի աջակցելու «Օգնեմ» և «Ֆոնդ 100» հիմնադրամներին: Համերգից հետո տեղի է ունենալու ընթրիք, որի ընթացքում մարդիկ միմյանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենան»,-ասաց Վրույր Փենեսյանը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 3-ին, հեղինակավոր «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի է ունենալու հայկական լյուքս դասի բրենդների ցուցադրություն. ներկաներին հյուրասիրելու են նաև հայկական արտադրության խմիչքներ.

«Ինձ համար շատ կարևոր է, որ այս միջոցառման կազմում ընդգրկված լինեն ընկերություններ, որոնք ամենաբարձր մակարդակով կներկայացնեն Հայաստանը»:

Վրույր Փենեսյանի խոսքով՝ ինքն այս ամենը նախաձեռնել է, որպեսզի նպաստի Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը, սակայն դրանից բացի՝ իր համար շատ կարևոր է հոգևոր կապը.

«Վերջերս եմ վերադարձել Մոնակոյից: Շատ եմ կարևորում, որ երկրների միջև լինեն հոգևոր, եկեղեցական կապեր, դրա համար էլ նախաձեռնեցի մի հանդիպում, որի վերաբերյալ ինձ ասում էին, որ անհնարին է կարողանամ դա անել: Մեծ դժվարությունների հանդիպեցի, սակայն կապերիս և համառությանս շնորհիվ կարողացա հանդիպում կազմակերպել Մոնակոյի Արքեպիսկոպոս Բեռնարդ Բարսիի հետ: Ինձ հետ տարել էի Սուրբ Էջմիածնում օրհնված բրդից և մետաքսից գործված հայկական գորգ-խաչքար, որը 2 ամիս 10 օրում պատրաստվել էր «Մեգերյան Կարպետ» ընկերության կողմից, Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակն էր: Այն պետք է նվիրաբերեի Մոնակոյի եկեղեցուն. սա, թերևս, առաջին անգամն էր, որ հայկական խաչքարը պետք է ներկայացվեր Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար:

Տեսնելով, թե որքան դժվար է կազմակերպել Բերնարդ Բարսիի հետ հանդիպումը` հիասթափվել էի, գիտակցում էի, որ չեմ կարող գորգ-խաչքարը հետ բերել Հայաստան, չնայած դրան՝ ներդրեցի ուժերս և կարողացա հանդիպել արքեպիսկոպոսի հետ: Շատ տպավորված եմ Բերնարդ Բարսիի հետ հանդիպումից, ինչպես նաև զարմացած եմ, որ աշխարհի ամենահարուստ, ամենաճոխ երկրի արքեպիսկոպոսի աշխատասենյակը շատ համեստ էր, ոչ մի ավելորդ ճոխություն չկար: Բերնարդ Բարսին էլ շատ ուրախությամբ ընդունեց ինձ, նախատեսված էր, որ մեր հանդիպումը պետք է տևեր 15 րոպե, սակայն մեկ ժամից ավել զրուցեցինք, խոսեցինք քրիստոնեությունից, հայկական պատմությունից, ի դեպ՝ նա քաջատեղյակ էր մեր պատմությունից: Դրական լիցքերով վերադարձա Հայաստան»:

Վրույր Փենեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, առհասարակ, այս ամենը Մոնակոյում նախաձեռնելը բավական բարդ էր.

«Թերևս առաջին անգամ է, որ Մոնակոյում հայկական նման մեծ միջոցառումներ են անցկացվելու: Թերահավատ էին, որ ինձ կհաջողվի նաև «Opéra de Monte-Carlo» համերգասրահում կազմակերպել համերգ, ասում էին՝ անհնար է, քանի որ Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդի համար դա սրբության պես մի վայր է, և հենց նա է որոշում, թե այնտեղ ով պետք է երգի: Չորս ամիս պայքարեցի, բայց կարողացա իրագործել: Մոնակոն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է համարվում, և հենց այդ պատճառով էլ այնտեղ մասշտաբային միջոցառում անցկացնելը բարդ է: Պետք է խոստովանեմ, որ իմ եղած երկրներից ամենաշատն ինձ հենց այդ երկիրն է դուր եկել՝ իր բարեկեցությամբ, գեղեցկությամբ, բարություն և համերաշխություն սփռող երկիր, ի վերջո, այն երկիրն է, որտեղ շատ տարածված է բարեգործությունը: Այդ ամենից էլ ոգեշնչվեցի և հասկացա, որ Մոնակոյում միջոցառում անցկացնելով՝ միանգամից հնարավորություն ես ստանում, որ այդ միջոցառումը տեսնեն նաև այն մարդիկ, ովքեր տարբեր երկրներում քաղաքականություն թելադրողներ են, և պարզապես իրենց հանգիստն են վայելում Մոնակոյում: Այսինքն՝ Հայաստանի մասին լսելով և այդ միջոցառումները տեսնելով՝ կարող են լավ կարծիք կազմել մեր երկրի մասին, ինչը կարող է հետագայում մեզ օգնել»:

Վրույր Փենեսյանը չբացառեց, որ հետագայում կարող են նաև պատասխան օրեր լինել նաև Հայաստանում, սակայն այդ մասին դեռ չցանկացավ խոսել:

Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին