▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվանատուն ներխուժածներից ոմանք գտնվել են թմրանյութի ազդեցության տակ. խմբի իրական դեմքը բացահայտվում է

«Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներն ի սկզբանե հայտարարում էին, թե պահանջում են Հայոց Կաթողիկոսի հրաժարականը և մեղադրանքներ էին հնչեցնում Վեհափառի հասցեին, սակայն այժմ նրանք բացահայտեցին, որ առհասարակ խնդիր ունեն Հայոց եկեղեցու նվիրապետական կառույցի հետ:

Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանն՝ ընդգծելով, որ արդեն ի հայտ են գալիս անվտանգության խնդիրներ:

 

 

 

 

 

 

 

 

«Այս խումբը՝ խախտելով եկեղեցում գործող կարգապահական կանոնները, Դիվանատան պահակին մի կողմ հրելով, մուտք է գործել փակ տարածք: Այդ օրը մենք Դիվանատանը ժողով էինք անցկացնում, երբ աղմուկ լսեցինք, և դա այն դեպքում, երբ Վեհարանում երբեք աղմուկ չի լինում: Դա Կաթողիկոսի աշխատակազմի, քարտուղարության տարածքն է, այնտեղ մարդիկ աշխատում են: Դուռը բացեցինք և տեսանք, որ խմբի անդամները լցվել են միջանցքում ու փողոցային խոսքերով, փողոցային կեցվածքով գոռգոռում են: Ես նույնիսկ չգիտեմ՝ ի՞նչ անուն տալ այդ մարդկանց, ինչպե՞ս բնութագրել կատարվածը:

Ու եթե ի սկզբանե տպավորություն կար, որ Կաթողիկոսին են ուղղված նրանց մեղադրանքները, ապա իրենց պահվածքով բացահայտեցին, որ առհասարակ հայ եկեղեցու նվիրապետական կառույցի հետ խնդիր ունեն»,- նշեց Սրբազանը:

Նա հիշեցրեց, որ խմբի անդամները հայ եկեղեցու վերջին երեք կաթողիկոսներին՝ Վազգեն Ա-ին, Գարեգին Ա-ին և Գարեգին Բ-ին անվանեցին «КГБ»-ի գործակալներ, ու հայտարարեցին, թե նրանք կաշառքով են ընտրվել: «Կաթողիկոսի ընտրությունն իրականացվում է Ազգային եկեղեցական ժողովի միջոցով: Այսինքն, այս հայտարարությամբ նրանք ոչ միայն կաթողիկոսներին հանցագործ համարեցին, այլև ամբողջ եկեղեցական ժողովի անդամներին անվանեցին կաշառակերներ: Ամեն՝ 15 հազար հայի ներկայացնում է մի պատգամավոր, ու ստացվում է, որ ըստ այս խմբի՝ ազգային եկեղեցական ժողովի անդամները, ովքեր ներկայացնում են ամբողջ հայությունը, կաշառված են, ազգի դավաճան:

Երկրորդ, այս խմբի եկեղեցաբանական ընկալումը տարբերվում է մեր առաքելական եկեղեցու ընկալումներից: Այս շրջանում նրանք հոդվածներ էին գրում իրենց կայքում, նշելով, որ իբր թե կարթողիկոսություն չի եղել հայ եկեղեցում, և կաթողիկոսն ընդամենը եպիսկոպոսներից մեկն է: Այսինքն, նրանց եկեղեցաբանական, նվիրապետական կարգի մոդելը բողոքական մոդել է հիշեցնում:

Սարկավագ, երեց, եպիսկոսպոս. նրանք ընդունում են այս երեք նվիրապետական աստիճանները և մերժում կաթողիկոսական իշխանությունը, ինչն ընդունված է ավանդական բոլոր եկեղեցիներում: Սա բողոքական եկեղեցու եկեղեցաբանական դրույթ է: Այսինքն, նրանց խնդիրը Կաթողիկոսի հրաժարականը պահանջելը չէ, նրանց խնդիրը հայ եկեղեցին կազմաքանդելն է»,- նշեց Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը: Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության շարքերում տարբեր տարրեր են նկատվում: «Նախ կա աղանդավորական տարր, դա մարդկանց մի խումբ է, որը գտնվում է Կորյուն աբեղայի աղանդավորական ազդեցության տակ, ու դա իրականություն է: Կա նաև մեկ այլ խումբ, որը ևս բացահայտվել է. սրանք այն մարդիկ են, որոնք փոխկապակցված են Սորոսի հիմնադրամի հետ: Նրանք սնվում են դրամաշնորհներից ու իրականացնում են հատուկ պատվեր եկեղեցու դեմ: Եթե ի սկզբանե այս ամենը տեսանելի չէր, ապա հիմա արդեն ամբողջությամբ տեսանելի է, մանավանդ, երբ սփյուռքն իր ձայնը բարձրացրեց ու ասաց, թե ի~նչ վտանգներով է հղի այս գործընթացը և դեպի ո՞ւր է տանում այն՝ պատկերն արդեն ամբողջությամբ գծագրվեց»,- ասաց Սրբազանը:

Գերաշնորհ Տ.Գևորգ եպիսկոպոս Սարոյանը նաև նկատեց, որ Դիվանատուն ներխուժած անձինք պատրաստ են ամեն տեսակ գործողությունների ու շանտաժի. «Երբ նրանք ներխուժեցին, ի դեպ, ինչին անձամբ եղա ականատես, նրանից ոմանք գտնվում էին թմրանյութի ազդեցության տակ: Դա երևում էր նրանք ոչ ադեկվատ պահվածքից: Ոստիկանությունն այս ամենի մասին տեղյակ է, թմրանյութն հայտնաբերված է ու արդեն իսկ հարուցվել է քրեական գործ: Դուք չեք կարող պատկերացնել նրանց հասցրած վիրավորանքների աստիճանը, նրանք անխտիր բոլորին ծաղրում էին:

Սա արդեն անվտանգության խնդիր է, ու հարկավոր է, որ այս խնդրով զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը: Այնպես չէ, որ այս մարդիկ զուտ աղանդավորական գաղափարներով են առաջնորդվում, այստեղ տարբեր շերտեր կան, որը պետք է ուսումնասիրել»: Սրբազանի խոսքով՝ այս օրերին Դիվանատուն ներխուժած խումբը այն վերածել էր կերուխումի վայրի: «Էլ չեմ ասում, թե հարևան շենքի բնակիչները գիշերն ինչե~ր են նկատել Դիվանատան շենքի հետնամասում, նրանց անբարո պահվածքից բողոքել են անձամբ բնակիչները: Սակայն ինչ-որ բան, եթե ասվում է իրենց վերաբերյալ, նրանք դա սադրանք են որակում: Դրա համար էլ, եթե ես հիմա բարձրաձայնեմ, դուրս կգա, թե ուզում եմ իրենց սևացնել, բայց այն, ինչ կատարվել է՝ իրականություն է»,- ասաց Սրբազանը:

Մեր այն դիտարկմանը, թե իրավապահները տեղյա՞կ են այդ ամենից, Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ասաց. «Այս մարդիկ իրավապահների հսկողության ներքո են եղել, նրանք չե՞ն տեսել, թե ինչի՞ են վերածել Դիվանատունը: Ոստիկանների արձագանքը մեզ համար ավելի քան տարօրինակ է, ասում են՝ մարդիկ եկել են, իրենց սահմանադրական իրավունքն են իրականացնում, ես դա չեմ կարողանում հասկանալ: Սա մասնավոր տարածք է, եկեղեցու տարաքն է, և մեր սահմանադրական իրավունքն է այստեղ աշխատելը:Հետևաբար, շատ տարօրինակ էր ոստիկանների նման արձագանքը: Անգամ խորհրդային աստվածամերժության տարիներին նման արձագանք չի եղել, երբեք բանը դրան չի հասել»:

Անդրադառնալով այն խնդրին, որ նախաձեռնության անդամներն անարգել մուտք են գործել դիվանատան տարածք, Սրբազանը նշեց. «Մենք երբեք չենք մտածել, որ անկախ Հայաստանում հայ եկեղեցու վրա կարող է հարձակում լինել հայ մարդու կողմից: Այդպիսի բան ո՞ւմ մտքով կանցներ: Նման երևույթի կարելի է հանդիպել միայն իսլամական երկրներում: Ինչպե՞ս կարող էր հայ մարդը հայ եկեղեցում նման պահվածք ցույց տալ: Ես չեմ ուզում սա պայմանավորել «թավշյա» հեղափոխության հետ, սակայն այդ մարդիկ օգտագործեցին պահը, և փորձեցին նույն գործիքակազմը կիրառել եկեղեցու նկատմամբ: Սակայն նրանք չեն հասկանում, որ եկեղեցին այլ կառույց է ու աշխատում է իր «սահմանադրությամբ» և եթե կան խնդիրներ, դրանք պետք է եկեղեցական կանոնադրությամբ կարգավորվեն, ոչ թե փողոցային ցույցերով»:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին