▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊՊԾ գնդի ձայների ցուցակի փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններում իշխող Հանրապետական կուսակցության օգտին ՊՊԾ գնդի աշխատակիցների բերվելիք ձայների ցուցակի հրապարակման փաստով նշանակված ծառայողական քննությունը կասեցվել է:

Ծառայողական քննություն նշանակվել էր մայիսի 12-ին՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նա հավելեց, որ ծառայողական քննությունը կասեցվել է, քանի որ ՀՔԾ-ում նույն դեպքի առթիվ կա հարուցված քրեական գործ:

Նշենք, որ խոսքը հայտնի «Զիբիլիկսի» գործի մասին է: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էր ուղարկել հայտնի «Զիբիլիկսի» գործով նյութերը: Խոսքը ՀՀԿ ցուցակով Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից դուրս բերված եւ աղբամանը նետված, ապա եւ «Ելք» դաշինքի ներկայացուցիչների կողմից հայտնաբերված սկանդալային թղթերի մասին է: Փաշինյանի խոսքով՝ ցուցակներից մեկում ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցների անուններն են եւ գրված է, թե ով ինչքան ձայն պետք է բերի ՀՀԿ-ի օգտին:

Հենց այս՝ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մեր տեղեկություններով, սույն քրեական գործի շրջանակներում դեռ մեղադրյալներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին