▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի գործով տեսանյութ է առկա. Վանեցյանն այն դրել է Փաշինյանի սեղանին

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1»-ի քրեական գործից անջատված մասը, որի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, դատարան կուղարկվի երկուշաբթի օրը:

Այդ օրը լրանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հնգօրյա ժամկետը, երբ հսկող դատախազը կա՛մ պետք է հաստատի մեղադրանքը՝ ուղարկելով այն դատարան, կա՛մ վերադարձնի կրկին նախաքննության: Մինչ այդ դատական համակարգում դատավորները փորձում են ամեն կերպ խուսափել այդ քրեական գործը քննելուց, շատերն աղոթում են, որ իրենց չմակագրվի գործը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից Դավիթ Գրիգորյանն, օրինակ, հասցրել է բժշկական տեղեկանք ներկայացնել, որ ինքը վատառողջության պատաճառով չի կարող ներկայանալ աշխատանքի: Ենթադրվում է, առաջիկա օրերին շատ այլ դատավորներ եւս կփորձեն նման մեթոդներով խուսանավել: Նշենք, որ մի քանի դատավոր այս ընթացքում փորձել է խուսանավել Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով դատավոր նշանակվելուց»:

«168 ժամ» թերթը գրում է. «Այն մեղադրանքը, որ առաջդրվել է Դավիթ Սանասարյանին, հիմնավորված է ցուցմունքներով, կատարված առերեսումներով: Բայց չխախտելով պարոն Սանասարյանի անմեղության կանխավարկածը, հորդորում եմ բոլորին՝ մի քիչ համբերել, երբ գործն արդեն կուղարկվի դատարան, որտեղ բոլորդ եւ հանրությունը հնարավորություն կունենան ծանոթանալ այն ապացույցների հետ, որոնք ձեռք են բերվել նախաքննության ընթացքում, որից հետո բոլորը կարող են գնահատել այդ ապացույցների իսկությունը»,-երեկ հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ըստ«168 ժամ»-ի աղբյորների՝ աղմկահարույց այս քրեական գործի քննության այն փուլում, երբ ըստ ԱԱԾ-ի՝ բավարար հիմքեր են ի հայտ եկել Սանասարյանին մեղադրյալ ճանաչելու համար, վարչապետ Փաշինյանն ընդդիմացել է եւ փաստարկներ է պահանջել ԱԱԾ տնօրենից: Եվ հակառակ նրա սպասումների՝ փաստարկները, որ դրվել են նրա սեղանին՝ ոչ միայն տրցակներով նյութեր են եղել, այլեւ տեսանյութ, որում հստակ երեւում է Սանասարյանին հաստ տրցակներով գումարներ փոխանցելու դրվագը:

Ի դեպ, ըստ նույն աղբյուրների, անցած շաբաթ կառավարական ամառանոց Փաշինյանի հետ Սանասարյանին հանդիպման հրավիրելու առիթը հենց այս տեսանյութն է եղել: Փաշինյանը փորձել է տետ-ա-տետ խոսել եւ պարզաբանումներ պահանջել հեղափոխական բարձրաստիճան պաշտոնյայից:

Դավիթ Սանասրյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր հանդիպման փաստը, սակայն մանրամասներ չէր ներկայացրել:

Ի դեպ, բացառված չէ նաեւ հակառակ վարկածը: Օրինակ, այն, որ կարող էր նույն տեսանյութի մասին ինֆորմացիան հատուկ դրվել շրջանառության մեջ՝ հանրային կարծիքի չեզոքացման նպատակով»:

 

 

 

 

 

 

 

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Հանրայինխորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մեկ այլ քաղաքական ֆորմատ էլ է ստեղծել, որտեղ հավաքվում են գործող իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ եւ քննարկում Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ դրանից դուրս գալու ուղիները:

Ըստ մեր աղբյուրի՝ այս ակումբի հիմնական հաճախորդներից են Դավիթ Շահնազարյանը եւ Վիգեն Սարգսյանը»:

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» օթերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, Արարատի մարզպետի՝ ՀՀ դրամով ունեցած դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 700 000 ՀՀ դրամ: Բացի նշվածից, հարկային տարվա սկզբում Գ. Սարգսյանն ունեցել է նաեւ 80 000 ռուբլի:

2018թ. հարկային տարվա վերջում նշված դրամական միջոցներից 700 000 ՀՀ դրամն ավելացել է՝ կազմելով 1 100 000 ՀՀ դրամ: Իսկ 80 000 ռուբլին նվազել է՝ կազմելով 50 000 ռուբլի:

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները 2018թ. հարկային տարում գոյացել են աշխատավարձից: Եկամուտը կազմել է 3 530 208 ՀՀ դրամ:

Գարիկ Սարգսյանի՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ նրա եկամուտը 2018թ. հունիսին կազմել էր 980 000 ՀՀ դրամ»:

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, առաջիկա համագումարին ընդառաջ տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի նիստը:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այն անցել է բավականին թեժ մթնոլորտում, ինչը ՔՊ-ում գնահատում են որպես ներկուսակցական դեմոկրատիայի վկայություն: Հատկապես բուռն քննարկումներ են եղել համագումարի անցկացման ժամկետների առումով:

Ըստ մեր աղբյուրի փոխանցման, համագումարն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել մայիսին: Սակայն Նիկոլ Փաշինյանը զայրացել է եւ նշել, որ համագումարի նախապատրաստական աշխատանքներում գրեթե ոչինչ արված չէ, եւ իրենք մայիսին պարզապես չեն հասցնի այն անցկացնել: Ամենայն հավանականությամբ, համագումարը կանցկացվի հունիսին:

Ի դեպ, դեռ օրեր առաջ նշել էինք, որ ՔՊԿ վարչության նախագահի ամենահավանական թեկնածուն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն է, թեպետ ՔՊ-ականները պնդում են, որ այդ հարցը դեռեւս չի քննարկվել»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի՝ ասֆալտին փռելու-պատերին ծեփելու լեքսիկոնին ծանոթ հանրությունը չի կարող պատկերացնել, թե երբեմն ինչքան փափուկ կարող է լինել նա, երբ դրա կարիքը կա։ Մեզ պատմեցին, որ անգամ այն մարդկանց հանդեպ, ում հրապարակավ վիրավորել է, «ծեփել պատին», մասնավոր հանդիպումների ժամանակ անչափ հարգալից է։

Ընդ որում, այդ հանդիպումները հաճախ հենց ինքն է նախաձեռնում։ Այդ սկզբունքով նա իր մոտ է հրավիրել օլիգարխներից մեկին, ում հրապարակավ վիրավորել էր, եւ ներողություն խնդրել կոպիտ բառերի համար, հույս հայտնել, որ նա կշարունակի իր գործունեությունը նույն ձեւով, ինչպես գործել է նախկին իշխանությունների օրոք։

Նույն սկզբունքով իր մոտ է հրավիրել Արցախի բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանին, ում հենց իր հրահանգով ազատեցին աշխատանքից, եւ փորձել է շահել նրա բարեկամությունը։ Մնացականյանը մեծ դժվարությամբ է համաձայնել Ղարաբաղից գալ Հայաստան եւ հանդիպել վարչապետի հետ։ Հանդիպման ժամանակ Փաշինյանը փորձել է բացատրել իր որոշման տրամաբանությունը եւ հարաբերություններ հաստատել։ Մենք կապվեցինք Լեւոն Մնացականյանի հետ։ Նա, լսելով մեր հարցը, մի փոքր մտածեց եւ ասաց․ «Դա Ձեր գործը չի»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին: «Ճամփին եմ. գնում եմ Ղարաբաղ` այնտեղ անցկացնելու Քաղաքացու «տոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հարցն ուղղակի հունից հանեց Էդուարդ Շարմազանովին. «Իմ տոնացույցում նման անհեթեթ տոն չկա, տոնացույցս սկսվում է Ամանորով, հետո Սբ ծննդյան, բանակի, Սարդարապատի, անկախության տոներն է։ Նման տոն չկա։ Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել, ոնց են սեւ-սպիտակի բաժանե՞լ»: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նույն հարցին ի պատասխան՝ կարճ կապեց. «Ես ամեն օր եմ քաղաքացի»: ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն ավելի լակոնիկ գտնվեց. «Ուուո՞ւմ տոնը...»: Էդմոն Մարուքյանն ասաց` այդ օրը Հայաստանում չի լինի. «Գիշերը մեկնում եմ Գերմանիա` մասնակցելու գերմանական լիբերալների 70-ամյակի միջոցառումներին»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ոչ մի կերպ չէր կողմնորոշվում, թե ինչ կարելի է անել այդ օրը: Դժվար կացության մեջ էր նաեւ ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն). «Դե, առաջին անգամն է, չգիտենք, պետք է նշենք, որ իմանանք` ինչ անենք-ինչ չանենք»: Վարչապետ Փաշինյանն ասել է` եթե մանղալը դնեք Հանրապետության հրապարակում, խորոված անեք, ես էլ կմիանամ։ «Դե, որ ասել ա` կանենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին